Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՔ ՍԵՐՈՒՆԴ» ՇԱՐԺՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Հունիս 29,2011 00:00

Օրերս «Ավանգարդ ֆոլկ» ակումբում կայացավ հաղորդավար եւ կիթառահար Գարիկ Պապոյանի եւ մոսկովյան «ԺպՑՌ կՌՍՈրրՏ» ռոք խմբի կիթառահար Կարեն Հարությունյանի համերգը: Հենց հանդիսատեսի աչքի առաջ նրանք ջեմ-սեշըն ունեցան: Համերգից առաջ «Առավոտը» հանդիպեց Գարիկին եւ Կարենին: Գ. Պապոյանը նեղսրտեց, թե մինչեւ վերջին վայրկյանը ամեն ինչ անցել է գլխով ու քիչ է մնացել՝ համերգը չկայանա. «Դեռ սպասում ենք, որ էլի ինչ-որ փորձանք է գալու գլխներիս: Մտածում էի՝ խայտառակվելու ենք: Ամենացնցողն այն էր, որ մի քանի րոպե առաջ ակումբը հոսանքազրկվեց, էլ չեմ ասում հնչունային վահանակների, մալուխների, ձայնային եւ լուսային էֆեկտների անսարքությունների մասին»: Գարիկը պատմեց, որ հանրահայտ ռոք խմբի հետ համերգ ունենալը իրականացած երազանք է իր համար. «Տարիներ առաջ այս խումբն ինձ համար անհասանելի մի երեւույթ էր: Քանի-քանի անգամ եմ մեր հարեւանից մագնիտոֆոնը խնդրել, որ ընկերուհուս հայթայթած «ԺպՑՌ կՌՍՈրրՏ»-ի կասետները լսեմ: Չէի պատկերացնում, որ օրերից մի օր այս խմբի անդամներից մեկը կկանգնի իմ առջեւ եւ ինձ կառաջարկի համատեղ ելույթ ունենալ, ես էլ առանց հասկանալու՝ ինչ եմ անում, ինչի եմ գնում, համաձայնությունս կտամ: Հիմա այստեղ կանգնած մտածում եմ՝ ի՞նչ գործ ունեմ այստեղ, ասա՝ գնա հումորդ արա, էլի, Գարիկ…»: Մեր զրուցակցի խոսքով. համերգը բացառիկ է իր ձեւաչափով. «Մենք բազմաթիվ անակնկալներ ենք պատրաստել ոչ միայն հանդիսատեսի համար, այլեւ այն երաժիշտների, ովքեր ներկա կլինեն: Ուզում ենք, որ այս ջեմ-սեշընում բոլորը մասնակցեն, անկախ նրանից՝ հայտնի երաժիշտ են, թե սկսնակ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նման համերգների միջոցով են տաղանդները հայտնաբերվում»: Գարիկի խոստացած համերգը հենց այդպես էլ կայացավ: Անկախ տարիքից, սեռից եւ նվագելու կարողությունից, համերգին մասնակցեցին շատերը, այդ թվում՝ հանդիսատեսի շարքերում նստած երգիչ Գոռ Սուջյանը, Արամ MP3-ն: Վերջին երկուսի կատարմամբ հնչեց Մադի Ուոթերսի «Hoochie Coochie Man» բլյուզային ստանդարտը, «Babe, I’m Gonna Leave You» երգը: Հաջորդաբար երգեր հնչեցին Սթիվի Ուանդերի, Էրիկ Քլեփթոնի, Ջեյմս Բրաունի եւ «ԺպՑՌ կՌՍՈրրՏ»-ի երգացանկերից:

Համերգին Գարիկն ու Կարենը կրում էին «Ռոք սերունդ» խորագրով շապիկներ: Այս «մասով» Գարիկը հայտնեց. «Մենք ռոքը չենք քարոզում, որ բոլորը ռոք սիրեն ու լսեն: Ինձ համար սա գաղափարախոսություն է ու նպատակ, որ Հայաստանում ձեւավորվի իսկապես ռոք սերունդ կոչվածը: Իմ նպատակն է՝ այս խորագրով ոգեւորել սկսնակ ռոք երաժիշտներին ու հնարավորություն տալ նրանց զարգացնել երաժշտական այդ ոճը: Երբ այս մասին պատմեցի Կարենին, նա ինձ առաջարկեց այսօրվա ջեմ-սեշընը համարել «Ռոք սերունդ» շարժման մեկնարկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել