Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՎՈՏՅԱՆ՝ ՄԻՍ, ԿԵՍՕՐԻՆ՝ ՄԻՍ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՄԻՍ

Հունիս 29,2011 00:00

Հայ տղամարդիկ սնվում են իրենց «քեֆով»  ու դառնում իմպոտենտ

Հայերն իրենց նախաճաշը սովորաբար սկսում են սուրճով, ճաշի ժամին թարմանալու ակնկալիքով դարձյալ սուրճ են խմում, իսկ ժամը 6-ին եւ դրանից հետո քաղցի պահանջ զգալով՝ ուտում են ինչ պատահի ու ինչպես պատահի: «Առավոտի» հետ զրույցում Սեքսապաթոլոգիական կլինիկայի սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը վստահեցրեց, որ սնունդը շատ մեծ ազդեցություն ունի մարդու սեռական ակտիվության վրա. «Ավելի շատ կարեւոր է ուշադրություն դարձնել ոչ թե այն բանին, թե ինչ է ուտում մարդը, այլ՝ ինչպես: Հայ տղամարդիկ հատկապես սիրում են խառը սնունդ ընդունել, նրանք մսակեր են եւ հաճախ առավոտից մինչեւ ուշ երեկո միս են ուտում՝ այն խառնելով այլ սննդամթերքի հետ, բացի այդ, հայերը սիրում են հաց ուտելիս ջուր խմել, իսկ դա ազդում է ընդհանուր նյութափոխանակության եւ սեռական ակտիվության վրա: Պետք է ուտել շատ բանջարեղեն, ձու, ձուկ, բայց այդ ամենը՝ մաս-մաս, ոչ թե բոլորը միասին ու ժամը 6-ից հետո… հետո էլ զարմանում են, թե իրենք առողջ տղամարդ են, ինչո՞ւ է սեռական ակտիվությունն անկում ապրում»:

Եթե նույնիսկ մարդիկ սնվեն ռեժիմով եւ «միջազգային չափանիշներով», հաշվի առնելով, որ հայաստանյան շուկան անկառավարելի է դարձել սննդամթերքի անվտանգության առումով եւ գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքն ակամայից մտնում է մեր ստամոքսը, սեռական ակտիվության պահպանումը մեր օրերում դարձել է ավելի դժվար: Միայն մակնշման վրա հույս դնել հնարավոր չէ, որովհետեւ այսօր վաճառքի հանված շատ սննդամթերքների տուփերի վրա անգամ բաղադրությունը, արտադրողը, արտադրության տեղն ու ժամկետն է բացակայում: Սննդի մեջ օգտագործված տարբեր քիմիական նյութերն ու ներկերը նույնպես ազդում են սեքսուալ ակտիվության վրա:

Օր օրի ավելի դժվար է դառնում որոշել, թե ինչ ուտել, որ առողջությունը չվնասվի, որ մազերը չթափվեն, որ իմպոտենտ կամ ամուլ չդառնան: Այս առումով բժիշկները խորհուրդ են տալիս, որ շուկայում անգամ լոլիկ, կարտոֆիլ ընտրելիս չընկնել ձեւի հետեւից ու գնել տգեղ, ոչ փայլուն բանջարեղեններ, շուկայում հայտնված անբիծ, իդեալական, կարմիր ու ախորժելի լոլիկները, որոնք իրականում աճեցնում են լույսի արագությամբ, առողջության եւ սեքսուալության թշնամիներն են:

Սեքսուալ ակտիվությունը բարձրացնելու համար ֆիլմերից սովորած հնարքներն ու սննդամթերքներն իրականում քիչ կապ ունեն սեռական ակտիվության հետ: Սեքսապաթոլոգները գտնում են, որ, օրինակ, ձուկը կամ ֆոսֆորով հարուստ այլ մթերքները ավելի շատ օգտակար կարող են լինել այդ հարցում, քան, ասենք, ելակը, որը սեքս սիմվոլ է համարվում: Մեզ մոտ ընդունված է ընկույզի օգտագործումը կապել սեռական կյանքի հետ, մինչդեռ շատ երկրներում ավելի շատ «մեծարում» են պնդուկն ու նուշը. Սեքսապաթոլոգների հայկական ասոցիացիայի հրապարակած տեղեկատվության համաձայն, պնդուկն իր գրգռիչ ազդեցության պատճառով համարվում է «կրքի կորիզ», իսկ նուշը՝ սեռական կարողությունը պահպանելու լավագույն միջոց: Մասնագետները հատկապես 50-ն անց մարդկանց վստահեցնում են՝ «շատ ռեհան կերեք եւ սեռական ցանկությունները կուժեղանան»:

Սմբուկը, լոբին, սունկը, ծաղկակաղամբը, դեղձը, բանանը, խնձորը, խաղողն ու շոկոլադը սեքսուալ կյանքը ավելի շատ հետաքրքիր եւ հագեցած դարձնելու միջոցներ են, իսկ սննդակարգում սոխ ու սխտոր ընդգրկելը այդ հարցում անհրաժեշտություն է: Իհարկե, հաշվի առնելով հոտը, դա պետք չէ անել սեռական հարաբերությունից անմիջապես առաջ: Հատուկ այդ դեպքերում՝ սեռական ակտից առաջ օգնության կգան նռան հատիկները կամ անանասը: Բժիշկները զգուշացնում են, որ եթե ասում են այս մթերքներն ավելացնում են սեռական ակտիվությունը, դա չի նշանակում, որ առավոտից իրիկուն պետք է միայն դրանցով սնվել: Դրանք չափից շատ ուտելու դեպքում կարող է ճիշտ հակառակ ազդեցությունը նկատվել՝ թուլանա սեքսուալ ակտիվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել