Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼ, ՊԱՐ, ԳԱՐԵՋՈՒՐ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿ

Հուլիս 07,2011 00:00

Գերմանացիները սիրում են ֆուտբոլը եւ այդ մարզաձեւն այնտեղ ամուր հիմքերի վրա է դրված: Ու պատահական չէ, որ այդ երկրի տղամարդկանց ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման վերջին ցուցակում շրջանցել է աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիային՝ եզրափակելով լավագույն եռյակը, իսկ կանանց ընտրանին զիջում է միայն ամերիկացիներին:
Գերմանացիները, անկախ բնակության վայրից, զբաղեցրած պաշտոնից եւ հասարակությունում գրաված դիրքից, նաեւ իրենց թիմերին երկրպագել գիտեն եւ կարողանում են ֆուտբոլային հանդիպումները վերածել մարզական տոնի: Հատկապես, երբ խաղադաշտում իրենց ազգային հավաքականներն են:
Այս օրերին Գերմանիայում ընթանում է կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի խմբային մրցաշարի վերջին հանդիպումում տանտիրուհիները հանդիպում էին ֆրանսիացիների հետ: Այդ խաղին Երեւանում հեռուստաէկրանների առջեւ հետեւելու նպատակով Գյոթեի անվան ինստիտուտը Հայաստանում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանատների աջակցությամբ «Վերոնա» բար-սրճարանում տեղացի ֆուտբոլասերների հետ համատեղ հյուրասիրություն եւ դիտում էր կազմակերպել՝ չմոռանալով հրավիրել նաեւ Հայաստանի կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստներին: Իսկ որպեսզի երեկոն ավելի աշխույժ լինի, Գյոթեի անվան ինստիտուտի Թբիլիսիում գտնվող մասնաճյուղը, որ հարավկովկասյան երեք հանրապետություններում զբաղվում է մշակութային, կրթական ծրագրերի իրականացումով եւ գերմանական մշակույթի ու լեզվի տարածումով, հատուկ Գերմանիայից հրավիրել էր ճանաչված երգիչներ Մառլեն Ջոնսոնին եւ Դեյնջեր Դենին: Դիմելով ներկաներին՝ ինստիտուտի ներկայացուցիչ Թոմաս Գյոդելը հարցրեց. «Ի՞նչ է հարկավոր ուրախ ֆուտբոլային երեկո անցկացնելու համար»: Ու ինքն էլ պատասխանեց. «Լավ խաղ, ակտիվ երկրպագուներ, սառը գարեջուր, աշխույժ երաժշտություն եւ պար: Այսօր այդ ամենը կա եւ այս միջազգային երեկոն անցկացնելու ենք միաժամանակ հայկական, գերմանական եւ ֆրանսիական ձեւով»: Այնուհետեւ, որպես նախավարժանք, սկսվեց պարը, որին, հրավիրվածների ֆուտբոլային գիտելիքներն ստուգելու նպատակով, հաջորդեց վիկտորինան՝ հանպատրաստից կազմված տղամարդկանց եւ կանանց թիմերի միջեւ, որում հաղթեց հիմնականում մեր ֆուտբոլիստուհիներով համալրված կանանց թիմը:
Մարզական տրամադրություն ուներ նաեւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, ով եկել էր Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համազգեստով: Իսկ առաջ անցնելով ասենք, որ նրա մարզաշապիկի 13 համարը հաջողություն բերեց Գերմանիայի կանանց հավաքականին, որն այդ օրը հաղթեց 4:2 հաշվով ու խմբում գրավելով 1-ին տեղը՝ անցավ աշխարհի առաջնության հաջորդ փուլ:
Պարոն Հանս-Յոխեն Շմիդտը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ես եղել եմ ֆուտբոլի Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը եւ այդ օրը երբեք չեմ մոռանա: Դուք լավ ֆուտբոլային թիմ ունեք: Ուրախ եմ այս սրճարանում ծանոթանալ նաեւ ձեր ազգային հավաքականի ֆուտբոլիստուհիների հետ: Միշտ էլ հետաքրքիր է ներկա գտնվել ամեն տեսակ մարզական միջոցառման, որովհետեւ սպորտը տարբեր երկրներին միմյանց ճանաչելու եւ բարեկամանալու գործում կարեւոր դերակատարություն ունի: Երբ Գերմանիայում էի, շատ եմ լսել ձեր շախմատի մասին, հանդիպել Գերմանիայում սպորտի ձեր յուրօրինակ դեսպան Արթուր Աբրահամին: Սիրում եմ լողալ, հեծանիվ վարել, իսկ գիմնազիայում սովորելու տարիներին զբաղվել եմ մարմնամարզությամբ, ճիշտ է՝ ոչ այնքան բարձր մակարդակով»:
Զրույցի վերջում դեսպանը հաճույքով համաձայնեց մեր առաջարկին՝ «Առավոտի» հետ համատեղ լրագրողների եւ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցների միջեւ բոուլինգի մրցում կազմակերպել: «Ես միշտ պատրաստ եմ աջակցել այդպիսի մարզական միջոցառումների կազմակերպմանը, եթե դրանք հետաքրքրություն կներկայացնեն: Մեր դեսպանությունում սպորտի, հատկապես ֆուտբոլի էնտուզիաստներ շատ կան: Խնդրեմ՝ պայմանավորվեք եւ ես պատրաստ եմ՝ հնարավորություններիս ներածի չափով աջակցել բոլոր լավ առաջարկներին», – ասաց դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել