Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԽԱՆԳԱՐԻ

Օգոստոս 10,2011 00:00

\"\"Վրաց վերլուծաբանի համոզմամբ, Վրաստանը պետք է փոխի իր  ռազմավարությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ:

Հարավկովկասյան տարածաշրջանի երեք պետություններ իրենց տարածքներում չլուծված հակամարտություններ ունեն. Վրաստանը ներգրավված է աբխազական եւ հարավօսական, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը՝ ղարաբաղյան հակամարտություններում: Ու որքան էլ տարբեր լինեն այս երեք հակամարտությունները, այդուհանդերձ, դրանց լուծման համատեքստում որոշակի քայլերի համանմանությունը կարող է խնդիրների լուծման բանալի լինել: Երբ նախօրեին «Առավոտը» զրուցում էր «Հակամարտությունների եւ բանակցությունների միջազգային կենտրոնի» ղեկավար, վրաց քաղաքագետ ու վերլուծաբան Գեորգի Խուցիշվիլիի հետ, փորձեցինք պարզել՝ արդյոք Վրաստանի համար արդեն Ռուսաստանի եւ մի քանի կորած-մոլորված երկրների կողմից անկախ ճանաչված Աբխազիան եւ Հարավային Օսիան այլեւս կորսված տարածքնե՞ր են:
Խուցիշվիլիի ասելով, այս պահին, թերեւս, այո, բայց Վրաստանն ամեն ինչ պետք է անի իր հարեւանների, այդ թվում՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հարաբերություններ կառուցելու համար: «Պարբերաբար հարցադրումներ են արվում՝ գուցե, իմաստ ունի, որ Վրաստանը ճանաչի Աբխազիայի անկախությունը, որպեսզի դրա դիմաց վերադարձնի Գալիի շրջանը: Ըստ իս, դա ռեալ չէ, եւ դա չի կարող տեղի ունենալ, որովհետեւ աբխազներն իրենք համաձայն չեն դրան, նաեւ Վրաստանը համաձայն չէ: Ինչ վերաբերում է Հարավային Օսիային, ապա այս համատեքստում էլ խոսվում է, թե այդ տարածաշրջանը ծանր բեռի պես կախված է Ռուսաստանի վզից: Ռուսաստանը Հարավային Օսիայում ահռելի ֆինանսական միջոցներ է ներդնում, բայց արդյունքում դրանք «ուտվում» են, որովետեւ այնտեղ կառուպցիան բարձր մակարդակ ունի, այդ տարածաշրջանի ղեկավարությունը մտածում է ոչ թե պետականանման ինչ-որ բան ստեղծելու, այլ սեփական գրպանները լցնելու մասին: Այսինքն, Հարավային Օսիայում պետություն չի կառուցվում: Աբխազիայում ռեալ պետություն է կառուցվում, ուստի՝ խոսակցություններ կան, որ Ռուսաստանն ինքը մի օր կարող է ձեռքը թափ տալ եւ ասել՝ վերցրեք այս Հարավային Օսիան, որովհետեւ այն մեզ այլեւս պետք չի: Դա չի լինի»,- ասաց Խուցիշվիլին՝ պարզաբանելով, թե Ռուսաստանի համար դա, մեծագույն բացասական նախադեպ լինելուց զատ, նաեւ ռազմավարական նշանակության խնդիր է: Հարավային Օսիան Ռուսաստանի ձեռքում Վրաստանի վրա ճնշումներ բանեցնելու մեծ գործիք է, «որովհետեւ Ախալկովիում ռուսական ռազմական բազաները գտնվում են Վրաստանի մայրաքաղաքից ընդամենը 40 կմ հեռավորության վրա: Իսկ ճնշման նման լծակից Ռուսաստանը, իհարկե, չի հրաժարվի»:
Այդուհանդերձ, վերլուծաբանի համոզմամբ, Վրաստանը հիմա պիտի ամբողջովին վերակառուցի իր պետական ռազմավարությունն այդ տարածաշրջանների նկատմամբ. «Մեր խնդիրը պիտի լինի ոչ թե Աբխազիան եւ Հարավային Օսիան մեկուսացնելը, կամ Աբխազիային, Հարավային Օսիային կամ Ռուսաստանին միջազգային հանրության աջակցությամբ ստիպել, որ այդ տարածաշրջանները Վրաստանի կազմ վերադառնան, ինչն անհնարին է, այլ, ելնելով ստեղծված իրավիճակից, աբխազների եւ հարավօսերի հետ փորձել հարաբերություններ կառուցել՝ վստահության մթնոլորտ ստեղծել, տնտեսական հարաբերություններ վերականգնել եւ այդ տարածաշրջանների կարգավիճակի հարցի շոշափումը սառեցնել: Մենք պիտի այդ տարածաշրջանների կարգավիճակի մասին չխոսենք, որովհետեւ նրանք իրենց պատկերացումն ունեն իրենց կարգավիճակի մասին, մենք՝ մերը: Բայց, այդուհանդերձ, մենք պիտի միասին առեւտուր անենք, հաղորդակցվենք, փորձենք հասնել նույնիսկ սահմանների բացմանը: Ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում սա ես հնարավոր եմ համարում: Այդ հետո միայն՝ ապագայում, կարող է հանգեցնել ինչ-որ նոր, այլ հարաբերությունների կառուցման, որը հեռանկարային կարող է լինել: Բայց ընդհանրապես ես այն կարծիքին եմ, որ դա անելու համար քիչ ժամանակ է մնում, որովհետեւ ժամանակը Վրաստանի դեմ է աշխատում. մեծանում է մի սերունդ, որը չի հիշում մեր ժողովուրդների համատեղ կեցության փորձառությունը, չի հիշում մեր համատեղ անցյալը, ուստիեւ՝ կարոտախտ այդ սերնդի մեջ չկա»:
Հիշեցնենք, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, օգոստոսի 12-ին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ ձեռքբերված համաձայնության շրջանակներում դեռ 2008-ի հոկտեմբերի 15-ից Ժնեւում սկսվեցին քննարկումներ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման ուղիների, փախստականների եւ տեղահանվածների, հետհակամարտության իրավիճակի շուրջ, որոնց մասնակցում են Հարավային Օսիայի, Աբխազիայի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Եվ պարոն Խուցիշվիլիի նկատի ունեցած առաջարկները վրացական պատվիրակությունն արդեն ներկայացրել է ժնեւյան քննարկումների շրջանակներում, բայց ՌԴ-ն դրան դիմադրում է:
Վերլուծաբանի դիտարկմամբ, Ռուսաստանը մոտ ապագայում էլ իր այդ կեցվածքից չի հրաժարվի, բայց եթե պատմական զարգացումների, Վրաստանում եւ Ռուսաստանում ընտրությունների արդյունքում ընտրվեն այլ առաջնորդներ, որոնք, Մեդվեդեւի ձեւակերպմամբ՝ գոնե իրար ձեռքով կբարեւեն եւ որեւէ պարտավորություններով ու արդեն վարած քաղաքականությամբ կաշկանդված չեն լինի, ապա ինչ-որ առաջխաղացում կարելի է գրանցել: «Դա շատ դժվարին եւ երկար գործընթաց է, եւ դրան պետք է պատրաստ լինել: Այդ հարաբերությունները վերականգնելու համար մի սերունդը բավարար չի լինելու, բայց ես երբեք չեմ բացառում, որ ինչ-որ փոփոխություններ կլինեն: Ամեն ինչ մարդու ձեռքերում է»,- եզրափակեց Գեորգի Խուցիշվիլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել