Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի ջուրն ու փողոցները

Օգոստոս 27,2011 00:00

Պատասխանատուները խոստանում են լուծել հարցերը, հանրությունը խոստանում է պահանջատեր լինել

Երեկ Սյունիքի մարզկենտրոն Կապանի քաղաքապետարանում անցկացվեց հասարակական լսում՝ քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի բարելավման, շինարարական աշխատանքների եւ դրան առնչվող բնապահպանական միջոցառումների, ինչպես նաեւ հետեւանքների վերացման խնդիրների վերաբերյալ:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն «Ջինջ» ՍՊԸ-ին է պատվիրել «Կապան քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավում» աշխատանքային նախագիծը: Հավաքին ներկա էին նաեւ «Ջինջի» ներկայացուցիչները եւ հենց նրանք էլ պատասխանեցին հարցերին. ինչո՞ւ ջրագիծն անցկացնելուց հետո չեն ասֆալտապատվում քանդված փողոցները, ե՞րբ են, ի վերջո, վերականգնվելու ու նախկին տեսք ստանալու քարուքանդ ճանապարհները, մինչեւ ե՞րբ են բնակիչներին անհարմարություններ պատճառվելու, ինչո՞ւ շինարարական աղբը ժամանակին չի հեռացվում եւ այլն: Քիչ չէին նաեւ օրվա թեմային չառնչվող հարցերը՝ ջրի անբավարար որակ, նախկին տարիների պարտքեր եւ այլն:
Աշխատանքային նախագծով, ինչպես պատասխանատուները նշեցին, աշխատանքները հիմնականում կատարվում են Աշոտավան, Արփիկ, Բարաբաթում, Կավարտ եւ սեփական տներից բաղկացած մի քանի այլ թաղամասերում: Բայց «Ջինջ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները այդպես էլ չասացին, թե, ի վերջո, ե՞րբ են նորոգվելու քանդված ճանապարհները, եւ արդյո՞ք կվերականգնվեն դրանք, ինչպես բնապահպանական կառավարման պլանում է հստակ նշված. շինարարության ավարտից հետո հնարավորինս սեղմ ժամկետում վերանորոգել վնասված մակերեսը:
«Կավարտ թաղամասում ջրագիծն անցկացրել են, ճանապարհը քանդել, հիմա էդ ճանապարհով քայլել չի լինում, անձրեւներն էլ մի կողից են դժվարացնում, ամբողջությամբ ցեխ է, սապոգներով ենք անցնում, ի՞նչ է լինելու սրա վերջը, ե՞րբ են սարքելու: Թող բերեն սապոգներ տան բնակիչներին, որ մարդիկ հագնեն ու կարողանան անցնել էդ տեղով: Դպրոցի դասերը հեսա կսկսեն, երեխեքը ո՞նց են գնալու դպրոց, մանկապարտեզ… Դիմացն էլ ձմեռ է գալիս, ի՞նչ են մտածում, ինչո՞ւ չեն ասֆալտը սարքում»,- վրդովմունք էր հայտնում Կապան քաղաքի բնակիչներից մեկը:
«Շինարարությունը անհարմարություններ է ստեղծում, եւ դա բնական է: Ամեն ինչ անում ենք հնարավորինս քիչ անհանգստություն պատճառենք, հասկանում ենք բնակիչների դժգոհությունն ու վրդովմունքը, որտեղ հնարավոր է՝ կարագացվեն աշխատանքների տեմպերը: Այս պահին հստակ չենք կարող ասել՝ երբ կասֆալտապատվեն քանդված հատվածները, բայց որ դրանք անպայման կվերականգնվեն, դրանում խոսք լինել չի կարող»,- հավաստիացրին «Ջինջ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները: Իսկ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի մասնագետը նշեց, որ Կապանի Երկաթուղայինների փողոցում արդեն տեւական ժամանակ է՝ ասֆալտը քանդված լինելուց բացի, կուտակված շինաղբն ու թափոնները չեն հեռացնում: Բնապահպանը խոստացավ, շուտափույթ չհեռացնելու դեպքում, վարչական տուգանք կիրառել՝ ապօրինի շինարարական թափոն թափելու համար: Պարզվեց՝ միայն բնապահպանը չէ, որ դժգոհ է: Կապան համայնքի ավագանու անդամ Խորեն Հարությունյանը նկատեց, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը չեն վստահում: «Վստահություն չկա, եթե պարբերաբար ծրագրեր անեին Կապանում, մեզ մոտ վստահություն կառաջանար, որ, իրոք, մտածում են մեր քաղաքի ջրամատակարարման բարելավման համար, բայց հենց պայմանագիրը պիտի վերջանա, բերում են ծրագիր են անում: Մենք, նախկին փորձից դատելով, չունենք երաշխիք, որ նախատեսվելիք ու կյանքի կոչված ծրագրերն ավարտին կհասցվեն: Եվ արդյո՞ք այս ծրագրերը կապված չեն պայմանագրի երկարացման հետ»,- նշեց Խորեն Հարությունյանը:
Կապանցիները խոստանում են պահանջատեր լինել ջրի հարցում: Արփիկ եւ Լեռնագործների 4-րդ նրբանցքի թաղային լիազոր Ռուբեն Պողոսյանը բողոքում էր, որ չորս օր ջուր չեն ունեցել: «Հայջրմուղկոյուղի» ընկերության «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ջուր չի տրամադրվել միայն այն բաժանորդներին, որոնք նոր ջրագծի անցկացումից հետո տեղամաս չեն ներկայացել, նոր պայմանագրեր չեն կնքել: Անտեղյակներից մեկն էլ Արփիկ թաղամասի բնակիչ՝ թոշակառու Մանյա տատն է: «Ռուսաստան էի ապրում, մի ամիս է եկել եմ՝ Արփիկ թաղամասում եմ ապրում, քանի օր է՝ ջուր չեմ ստանում: Մինչեւ Ռուսաստան գնալս բակում ջուր էի վերցրել անցած տարվանից, էդ ջրից եմ վերցնում՝ եռացնում ու օգտագործում խմելու համար: Միայն էսօր եմ իմացել, որ պիտի գնամ ջրմուղ, որ իմ ջուրը միացնեն»,- վրդովված ասում է Մանյա տատը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել