Լրահոս
Օրվա լրահոսը

Online զեղծարարություն

Սեպտեմբեր 09,2011 00:00

Օրերս պատահաբար աչքովս ընկավ https://www.azkultura.ru ադրբեջանական երկլեզու (ռուսերեն-ադրբեջաներեն) կայքը, որը, ինչպես նշված է այնտեղ, պատկանում է Ադրբեջանցիների մշակույթի եւ համերաշխության կենտրոնին: Կայքը զանազան բաժիններ ունի՝ «Ադրբեջանի պատմությունը», «Տարածքը», «Սիմվոլները», «Ղարաբաղ» եւ այլն: Մի մեծ բաժին նվիրված է հայ-ադրբեջանական եղբայրությանը:
«Ղարաբաղ» բաժնում, օրինակ, ասվում է, թե ղարաբաղյան կոնֆլիկտը բացասաբար է անդրադարձել միլիոնավոր մարդկանց ճակատագրերի վրա, քանի որ հայկական կողմը առաջնորդվում է «Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Ըստ պատմության կեղծարարությամբ զբաղվող այս աղբյուրի, իբր հայկական կողմը տարիներ շարունակ հասունացրել է կոնֆլիկտային իրադրություն՝ քաջ գիտակցելով իր գաղափարի էթնոկրատությունը, հայերն էլ ամեն ինչ արել են ուրիշ ժողովուրդների հաշվին:
Այնուհետեւ երկար-բարակ ներկայացվում է արցախյան թնջուկը՝ բնականաբար ադրբեջանական պրիզմայով եւ՝ «հայերը վատագույնն են» շեշտադրմամբ: Այս բաժնում զետեղված ինֆորմացիան ավարտվում է հետեւյալ կանխակալ նախադասությամբ. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը կլուծվի հօգուտ բազմազգ Ադրբեջանի»:
Այս կայքից «պարզվում» է, որ ադրբեջանցիները ցեղասպանության զոհերի հիշատակի օր ունեն. դա մարտի 31-ն է, «ցեղասպանողներն» էլ, պարզ է՝ ովքեր են:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատմությանը, ապա կայքը «հավաստիացնում» է, թե Ադրբեջանը հրաշալի երկիր է՝ բազմադարյա մշակույթով, ինչը «փաստվում» է հնէաբանական ապացույցներով եւ պատմաճարտարապետական հուշարձաններով: Կայքը լուր է տալիս, թե իբր ադրբեջանցիները քարերի վրա գրություններ ու ժայռապատկերներ են գտել, անգամ ծաղկողներ ու մագաղաթներ ունեն… Ադրբեջանն էլ, ըստ պատմության կեղծարարների, քաղաքակրթության օրրաններից մեկն է: Կայքում իբրեւ ադրբեջանական քաղաքներ են ներկայացված նաեւ Ստեփանակերտն ու Շուշին:
Ամենազվարճալին այն է, որ Ստեփանակերտը կամ, ինչպես մեր հարեւաններն են այն անվանում՝ Խանքենդին, ներկայացված է այսօրվա «տեսքով»՝ նորակառույց օդանավակայանով, որը, ի դեպ, նույն ադրբեջանցիները վերջերս սպառնում էին գնդակոծել… Ինչպիսի՞ բարբարոս վերաբերմունք «սեփական» պատմության հանդեպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել