Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՌԱՆ ՏԵՂԸ ԱԶԳԱՅՆԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՅԼ Է, ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ՝ ԱՅԼ

Սեպտեմբեր 10,2011 00:00

Աղրը (Արարատ) լեռը թուրքերի տեսանկյունից կարեւո՞ր է, թե՞ ոչ

\"\"
Արարատը՝ Թուրքիայի կողմից:

Այս հարցը «մատրյոշկայի» նման է. այն կարելի է բացատրել միայն հաշվի առնելով իրար մեջ մտած բոլոր բաղադրիչների միասնությունը:Օրինակ, հնարավոր է հանդիպել թուրքական պետության, պետությունը կազմող հասարակության, այդ հասարակությունը կազմող շերտերի, այդ շերտերը կերտող անհատների ու այլոց տարբեր պատասխանների՝ ըստ նրանց գիտակցության ու կրթական մակարդակի:
Արդյո՞ք Աղրը լեռը «թուրքական պետության համար կարեւոր է» հարցին առանց մտածելու կարող եք «այո» պատասխանը տալ:Անցյալ ամիս Հայաստանում կազմակերպված հայոց լեզվի ու գրականության մրցույթին մասնակից աշակերտներից մեկի «Արեւմուտքում գտնվող մեր հողերը, Արարատի հետ հանդերձ, կարողանալո՞ւ ենք հետ վերցնել» հարցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Դա կապ ունի ձեր սերնդի հետ:Օրինակ, իմ սերունդը հաջողությամբ ի կատար ածեց իր առջեւ դրած պարտականությունը:90-ական թվականներին մեր հայրենիքի հատվածներից մեկը՝ Արցախը (Ղարաբաղի շրջանը) թշնամու ձեռքից ազատեցինք:Յուրաքանչյուր սերունդ ունի իր պարտականությունը:Իսկ այն, թե դուք մեզ նման ապագայում կկարողանա՞ք իրականացնել ձեր պարտականությունը, թե՞ ոչ, կախված է ձեր միասնությունից»:Սրան ի պատասխան, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց Սարգսյանին ներողություն խնդրել, իսկ այդ լեզվակռիվը արտացոլվեց Թուրքիայի թերթերում, եւ այս ամենը կարող է ներկայացվել որպես բավարար փաստարկ՝ նշելու, որ Աղրը լեռը թուրքական պետության համար կարեւոր է կամ գոնե անկարեւոր չէ:
Իհարկե, շատ տեսանկյուններից դեռ քննարկելի է Էրդողանի պատասխանը Սարգսյանին ու «այդ կապակցությամբ կարեւորության» դրդապատճառները…
Նշեցինք պետությունը կազմող շերտերն ու այդ շերտերը կերտող անհատներին… Օրինակ, ազգայնական մի թուրքի տեսանկյունից Աղրը լեռը «շատ կարեւոր» է:Սակայն այդ կարեւորության հիմքը մեծավ մասամբ ավելին չէ, քան պարզ ազգայնական մի գաղափար, թե «Մենք այս հողերի համար կռիվ ենք տվել ու վերցրել… Այստեղի պատմությունը արյամբ է գրվել եւ այլն…»: Իհարկե, այս անձինք մեծամասնությամբ ոչ միայն ունակ չեն սեփական միտք ունենալ, այլեւ Աղրը լեռան տեղը քարտեզի վրա ցույց տալ չեն կարող:Երբ նույն հարցը տաք իրեն որպես «ձախ» որակող որեւէ մեկին, ապա պատասխանը կլինի ավելի պարզունակ, ավելի հասկանալի, մտավորական մի գնահատականի կարող եք հանդիպել:
«Աղրը լեռան
առասպելը»

Այժմ անհրաժեշտություն եմ տեսնում զրուցել Աղրը լեռան՝ գրականության, գեղարվեստի, երաժշտության ու ընդհանրապես արվեստի վրա ազդեցությունից:Այսօրվա ամենամեծ թուրք վիպագիր Յաշար Քեմալի «Աղրը լեռան առասպելը», որը պատմում է Աղրը լեռան գյուղերում բնակվող Ահմեդի ու այդ ժամանակ շրջանի կառավարիչ Մահմուդ խանի դստեր՝ Գյուլբահարի սիրո մասին, կարելի է նշել որպես այդ լեռան՝ թուրք գրականությունը սնելու հստակ մի ապացույց:
(…)«Աղրը լեռան գագաթին մոտ մի վայրում, հարավ-արեւմտյան լանջին մի լիճ կա, անունը՝ Քյուփ լիճ:Մի կալատեղի մեծությամբ լիճ է:Կաս-կապույտ ջուր է:Ջրհորի նման:Կարմիր, սուր, փայլող ժայռերի ստորոտում է:Ամեն տարի հենց գարունը բացվում է՝ Աղրը լեռան բոլոր հովիվները գալիս են լճի ափ, արեւի դաջվածքով յափնջիները փռում պղնձագույն հողի վրա, շարվում լճի ափին ու սրինգները հանելով՝ լուսաբացից մինչեւ մայրամուտ միասին նվագում են «Աղրը լեռան ցասումը»:Աղրը լեռան հովիվները գեղեցիկ, սեւ ու թախծոտ աչքեր ունեն:Երկար, շատ գեղեցիկ մատներ ունեն:Ոմանց փարթամ, ոսկե մորուքները ալեկոծվում են:Երբ հովիվները նվագում են սրինգը, մի փոքր սպիտակ թռչնակ պտտվում է նրանց շուրջ:Երբ օրն ավարտվում է, հովիվները խառնվում են մթության հետ ու գնում:Ու հենց այդ պահին սպիտակ թռչունը իջնում է լճի մակերեսի մոտ, թաթախում թեւը կաս-կապույտ ջրի մեջ, իսկ հետո նա էլ հովիվների հետ միասին խառնվում է մթությանը:Թեւի հպված վայրում լիճը մի քիչ ալեկոծվում է, նուրբ ալիքները ընդլայնվում են, գալիս հարվածում ափերին:Հետո մի խոշոր ձիու ստվեր է ընկնում լճի վրա ու անհայտանում» (…)
Յաշար Քեմալի «Աղրը լեռան առասպելը» գիրքը թուրք հայտնի դերասանուհի Ֆաթմա Գիրիքի, դերասան եւ միեւնույն ժամանակ բանաստեղծ Իհսան Յուջեյի, թուրք կինեմատոգրաֆի սիրված դերասաններ Ռեհա Յուրդաքուլի ու Հաքան Բալամիրի, ինչպես նաեւ Հիքմեթ Թաշդեմիրի ու Հայաթի Համզաօղլուի մասնակցությամբ ու Մեհմեդ Ունի ղեկավարությամբ 1975թ.-ին էկրանավորվեց:
Բացի այդ, 1970թ. Մուրադ Սեսի կողմից հեղինակված եւ Մողոլլար համույթի կողմից կատարված «Աղրը լեռան առասպելը» Թուրքիայի տարածքում բնակվող շատ մարդկանց համար արժեքավոր է:Չի կարելի չապշել համացանցում մի պարզ որոնումից հետո Աղրը լեռանը նվիրված բանաստեղծությունների թվով, թեեւ նրանց գրական արժեքը թողնում եմ առանց մեկնաբանության:
Տեղացիների
տեսանկյունից
Աղրը լեռը

Եկեք տեսենք, թե Աղրըում, Իգդիրում ու այլուր բնակվող մարդկանց տեսանկյունից Աղրը լեռն ի՞նչ կարեւորություն ունի:Չենք կարողանա ստույգ գնահատական տալ, եթե չասենք, որ Աղրը լեռան լանջերն ու այդ լանջերի մարգագետինները տեղացիների համար կենսական նշանակություն ունեն, քանի որ այստեղ մարդիկ մեծամասնությամբ իրենց հացն ապահովում են անասնապահությամբ:Այսինքն, Աղրը լեռը մարդկանց՝ այս շրջանին կապված լինելու տեսանկյունից գերիշխող գործոններից մեկն է:Բացի այդ, պետք է նշել, որ լեռը տարածաշրջանում զբոսաշրջության եկամուտների տեսանկյունից էլ բավականին լուրջ ներդրում ունի:
Լեռնագնացների
աչքի լույսը

Իրանցիների կողմից Քուհ-ի Նուհ, արաբների՝ Ջեբել ուլ Հարիս, թուրքերի՝ Աղրը դաղ անվանվող Արարատն իր 5137 մետր բարձրությամբ կարելի է որակել որպես Թուրքիայում լեռնագնացների աչքի լույսը:Աղրը լեռան գագաթը՝ Թուրքիայի ամենաբարձր գագաթը լինելու պատճառով, լեռնագնացների կողմից միշտ դիտարկվում է որպես Թուրքիայում ամենաբարձր կետը, ուր կարելի է հասնել:Անցյալ տարի ապրիլ ամսին Թուրքիայի լեռնագնացների ֆեդերացիայի կողմից կատարված ուսումնասիրման արդյունքում պարզ դարձավ, որ Թուրքիայի լեռնագնացներն ամենից շատ ցանկանում են մագլցել Աղրը լեռը:Հարցմանը մասնակցած լեռնագնացների 40 տոկոսը հայտնել է, որ հենց Աղրըն են ցանկանում հաղթահարել որպես իրենց առաջին գագաթ:
Եթե նշում ենք
որպես Արարատ,
ապա այն դառնում է ավելի կարեւո՞ր

Ի վերջո, Աղրը լեռը թուրքերի համար անկարեւոր մի բարձունք չէ:Սակայն եթե ընդհանուր մի գնահատական տանք, ապա, ինչպես Հայոց ցեղասպանությունը, սկսում է խնդրահարույց դառնալ ապրիլի 24-ի շրջակայքում, նույնպես Աղրը լեռը թուրքերի համար ավելի կարեւոր է դառնում՝ հենց այն անվանում են Արարատ:Հասարակության լայն խավի մոտ մոտեցումն այդպիսին է, նույնիսկ նրանց մոտ, ովքեր Աղրը լեռան մասին, բացի տարրական դպրոցում աշխարհագրության դասատուի պատմածից, չեն լսել ոչ մի բան:
Հետաքրքիրն այն է, որ որոշ մուսուլման թուրքեր հավատում են, որ Նոյի նավը Մեծ ջրհեղեղի ժամանակ իջեւանել է Աղրը լեռան գագաթին:Մինչդեռ Ղուրանում գրված է, որ Ջրհեղեղի ժամանակ Նոյի նավը կանգ է առել Ջուդի լեռան վրա:Ուստի, չնայած Աղրը լեռը թուրքերի համար կրոնական տեսանկյունից կարեւոր տեղ չի գրավում, սակայն տարածված ազգայնական միտքն ու տգիտությունը կարողանում են անմիջապես երեւան գալ, երբ գործը վերաբերում է «այսպես կոչված, հայրենիքի պաշտպանությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել