Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մի վթարի պատմություն

Սեպտեմբեր 28,2011 00:00

Ապահովագրական ընկերությունը որոշել է ձգձգել դատաքննությունը, գործարարը որոշել է հեռանալ Հայաստանից:

Տարիներ շարունակ Հայաստանից դուրս ապրած Արման Մինասյանը մի օր որոշել է գործարարությամբ զբաղվել Հայաստանում, եկել է ու հիմնավորվել: Հետո մեքենայի կարիք է ունեցել եւ իր ընկերոջ մոր՝ Սուսաննա Բաղյանի անունով 2008 թվականի գարնանը «Մերսեդես» մարդատար մեքենա են գնել՝ վարկով: Վարկը տրամադրել է «Արդշինինվեստբանկը», գնված մեքենան ապահովագրվել է «Ռասկո» ընկերությունում: Արմանի վարորդական իրավունքը C կարգ է (իրավունք ունի վարել միայն 3500 կգ-ից ծանր բեռնատար մեքենաներ): Սակայն մեքենան գնելիս եւ անհրաժեշտ փաստաթղթերը ձեւակերպելիս խնդիրներ չեն առաջացել, Արմանը օրենքով սահմանված կարգով կատարել է բոլոր վճարումները եւ ստացել ընկերոջ մոր անունով մեքենան վարելու իրավունք:
Մեքենան գնելուց մոտ 5-6 ամիս անց՝ 2008 օգոստոսին Արմանը Երեւանի Հանրապետության հրապարակում վթարի է ենթարկվել ու երբ անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացել է ապահովագրական ընկերություն՝ նրան ասել են, որ որեւէ վնաս չեն փոխհատուցի, քանի որ Արմանը մարդատար մեքենա վարելու իրավունք չուներ:
Մեզ հետ զրույցում Արման Մինասյանն ասաց, որ վթարից հետո բազմաթիվ խնդիրներ են առաջացել ու արդյունքում դժվարացել է մարել մեքենայի համար վերցրած վարկը: Բանկը, բնականաբար, դիմել է դատարան՝ ընդդեմ Արման Մինասյանի եւ, բնականաբար, շահել, Արման Մինասյանն էլ իր հերթին դատարան է դիմել՝ ընդդեմ ապահովագրական ընկերության եւ, բնականաբար, շահել: Արմանը ասաց, որ անպայման կատարելու է դատարանի վճիռը եւ փակելու բանկի բոլոր պարտքերը, որ այսօր մոտ 10 միլիոն դրամ է, սակայն ուզում է, որ «Ռասկոն» էլ իր հերթին կատարի դատարանի վճիռը: 2010 թվականի փետրվարի 19-ին Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է հօգուտ Արման Մինասյանի «Ռակսոյից» բռնագանձել մոտ 3 միլիոն դրամ (Արման Մինասյանը մոտ 5 միլիոն էր ուզում): Ընկերությունը դիմել է վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ: Երկու դեպքում էլ շահել է քաղաքացին ու հայկական արդարադատության վերին ատյան վճռաբեկ դատարանը 2011 թվականի հուլիսի 1-ին հօգուտ Արման Մինասյանի է վճիռ կայացրել, որոշելով կրկին հաշվարկել նրան վճարվելիք փոխհատուցման չափը: Ու այստեղից, ըստ Արմանի, ընկերությունը սկսել է ձգձգել գործը, օրինակ՝ այս կամ այն փաստաթուղթը ներկայացնել օրենքով սահմանված ժամկետի միայն վերջին օրը եւ այսպես շարունակ:
Բանկին, բնականաբար, այս ամենը քիչ է հետաքրքրում եւ բանկի օգտին վճռի իրականացման համար Արմանի վարած մեքենայի սեփականատեր Սուսաննա Բաղյանի բնակարանի վրա դատարանը կալանք է դրել: Արմանն էլ ճարահատ իր տունն է գրավ դրել, վարկ վերցրել, որ փակի բանկի պարտքն ու ընկերոջ բնակարանի վրայից հանվի կալանքը:
Արման Մինասյանը ասաց, որ «Ռասկոյին» առաջարկել է փակել պարտքերն ու հարցը լուծված համարել: Ընկերությունը առաջարկը չի ընդունել: Հիասթափված գործարարը որոշել է հեռանալ Հայաստանից: Գործարարը դրսում էլ կաշխատի ու իր վերցրած վարկը կփակի: Բայց որքան կտուժի Հայաստանն ու մեր գործարար համբավը՝ կարելի է ենթադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել