Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 18,2011 00:00

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյին: Երկկողմ քննարկմանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչների եւ Լեհաստանի պատվիրակության մասնակցությամբ:
Ստանիսլավ Կոզիեյը իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկ տեմպերի կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ հայ-լեհական համագործակցությունը հետայսու եւս վերելք է ապրելու:
Կարեւոր ձեռքբերում համարելով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի աշխատակազմերի միջեւ ուղիղ կապի ստեղծումը եւ տեղեկատվության պարբերական փոխանակությունները՝ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը փաստել է, որ նախորդ տարվա հանդիպումները Լեհաստանում արդյունավետ երկխոսության սկիզբ հանդիսացան: Որպես փոխշահավետ համագործակցության արդյունք՝ ԱԱԽ քարտուղարն այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքից առանձնացրել է երկու երկրների պաշտպանության եւ ոստիկանության կառույցների միջեւ կնքված համագործակցության համաձայնագրերը, Հայաստանում բիոմետրիկ անձնագրերի ներդրման, ինչպես նաեւ թունաքիմիկատների վերամշակման ծրագրերում Լեհաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը:
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կոնկրետ պայմանավորվածություններ: Մասնավորապես, որոշվել է շարունակել միջպետական պայմանագրերի իրականացման գործընթացի պարբերական մոնիտորինգների փոխանակությունները: Այս համատեքստում քննարկվել է հաջորդ տարի պայմանագրերի իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց մասնակցությամբ հայ-լեհական երկկողմ կոնֆերանսի կազմակերպման հարցը, որտեղ կներկայացվեն պայմանագրերի իրականացման արդյունքները եւ կնախանշվեն հայ-լեհական համագործակցության օրակարգի նոր ուղղությունները:
Կողմերի համաձայնությամբ կձեւավորվի նաեւ ԵՄ-ի հետ ինտեգրման եւ Արեւելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում ՀՀ եւ ԼՀ միջեւ համագործակցության օրակարգը, որտեղ կնախանշվեն Հայաստանում ԵՄ-ի չափորոշիչներին ներդաշնակ բարեփոխումների գործընթացում Լեհաստանի աջակցության հնարավոր մեխանիզմները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել տարբեր ոլորտներում հայ-լեհական միջգերատեսչական առկա համագործակցության ամփոփ պատկերն արտացոլող փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ հետագա համագործակցության արդյունավետության խթանման համար: Լեհ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Լեհաստանը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցել Հայաստանում ընթացող բարեփոխումներին՝ ընդգծելով, որ իր երկրի փորձը ցույց է տվել, թե որքան կարեւոր նշանակություն կարող է ունենալ մեկ այլ կողմի աջակցությունն այս գործընթացներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել