Լրահոս
Վիգենը
Օրվա լրահոսը

Ալիևը «ռազմական տուրիզմի» ծրագիր է սկսել իրականացնել՝ փաշինյանական «խաղաղության» շրջանակներում. «Փաստ»

Հոկտեմբեր 03,2026 10:20 Share

Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում տեղակայված զորամասը: Այնուհետև ինչ է արել, ինչ չի արել, երևի քննությունը կպարզի, բայց բավականին երկար ճանապարհ է անցել՝ աննկատ մնալով, որից հետո հայտնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Շաքի բնակավայրում:

Այստեղ ադրբեջանցին թափանցել է Շաքիի բնակիչ, 38-ամյա Անի Ավետիսյանի տուն: Տանեցիներն այդ պահին տանը չեն եղել: Այնուհետև դիվերսանտը գիշերել է նշված տանը, գտած պարենամթերքից իր համար ուտելիք է պատրաստել: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ի սահմաններում, Անի Ավետիսյանն իր երեք երեխաների հետ վերադարձել է տուն, նկատել, որ օտար անձ է տուն թափանցել, աղմուկ է բարձրացրել: Ադրբեջանական թուրքը կրակել և վնասել է հայ կնոջ ոտքը, երեխաներից երկուսը ( 2011 և 2014 թթ. ծնված) ևս տուժել են: Ըստ որոշ տվյալների, թեթև վնասվածք է ստացել նշված կնոջ եղբայրը, ով, որքան հասկանալի է, հետո է հայտնվել դեպքի վայրում: Անի Ավետիսյանը դիմել է ինքնապաշտպանության, ըստ երևույթին՝ խոհանոցային դանակով կարողացել է վիրավորել անկոչ ու անցանկալի «հյուրին», իսկ վերջինս փախել ու թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հետո նրան հայտնաբերել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ադրբեջանցուն տարել են հոսպիտալ, նրա կողմից վիրավորված Անի Ավետիսյանն արդեն տեղափոխվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Իսկ ինչի՞ մասին է խոսում կատարվածը: Ադրբեջանցի զինվորը (որոշ տեղեկություններով՝ զինվորները) մի քանի օր շարունակ, բացարձակապես աննկատ մնալով, զբոսնել է (զբոսնել են) Հայաստանի տարածքում, և համապատասխան մարմինները քայլեր են ձեռնարկել այն բանից հետո, երբ տեղի են ունեցել հայտնի իրադարձությունները: Այն, որ որևէ երկրի հետախուզական կամ դիվերսիոն ստորաբաժանումների ներկայացուցիչները կարող են աննկատ ներթափանցել երկրի տարածք, թեպետ անընդունելի է, բայց արմատապես չես կարող բացառել: Նման բաներ երբեմն հնարավոր են: Այդուհանդերձ լրջագույն հարցեր կան՝ ոչ միայն սահմանագծի կամ «շփման գծի» պահպանության, այլև հենց իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ:

Խայտառակությունն այն է, որ զինված ու վտանգավոր անձը օրեր շարունակ կարող է աննկատ մնալ ու թափանցել խաղաղ բնակավայր: Իսկ ամենից մեծ խայտառակությունն էլ այն է, որ Հայաստանի համապատասխան անվտանգային ու իրավապահ համարվող մարմինները գրեթե երկու օր արդեն իմացել են, որ մեր երկրի տարածքում թշնամական բանակի զինված ներկայացուցիչ է ֆռֆռում (պարզվում է՝ ՀՀ համապատասխան մարմիններին դեռևս սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը հայտնել է, որ իրենց մոտից զինծառայող է անհետացել, հնարավոր է՝ անցել է հայկական տարածք), բայց չեն կարողացել նրան հայտնաբերել: Չէ, պատկերացնո՞ւմ եք, թշնամին զգուշացրել է, բայց հայկական ԱԱԾ-ն ու ոստիկանությունը երկու օրվա մեջ չեն կարողացել ադրբեջանական թուրքին հայտնաբերել ու վնասազերծել: Ավելին, գոնե տեղի բնակչությանը, թեկուզ ներքին կարգով, չեն զգուշացրել, որ այսպես ու այսպես՝ թշնամի է թափանցել: Չեն ուժեղացրել նշյալ տարածքի շրջակա բոլոր բնակավայրերի անվտանգությունը: Հասկանո՞ւմ եք, ամենից տարրական բանը չեն արել: Դա ուղղակի նշանակում է, որ իշխանությունները խորապես թքած ունեն ՀՀ քաղաքացիների անվտանգության ու ապահովության վրա:

Լավ, իշխանական վերնախավը թքած ունի, հասկացանք: Հապա ոստիկանության, ԱԱԾ միջին օղակի, ենթադրաբար՝ պրոֆեսիոնալ (եթե մնացել են) ծառայողնե՞րն էլ նման վերաբերմունք ունեն:

Իսկ եթե թշնամին ներխուժեր դպրոց կամ մանկապարտե՞զ: Եթե դիվերսիոն այլ սցենարներ տեղի ունենայի՞ն: Կարող էին, չէ՞, դեպքերն այդ սցենարներով ընթանալ:

Ըստ որում, նկատենք, փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն իրենց այնպես են պահում հանրային հարթակներում այս խայտառակ եղելության հետ կապված, կարծես առանձնապես ոչ մի բան էլ չի եղել: Երևի մի բան էլ նեղսրտում են, թե՝ ի՜նչ եք աղմուկ դրել:

Այսինքն, «բան չի եղել», էլի, Ալիևը «ռազմական տուրիզմի» ծրագիր է սկսել իրականացնել՝ փաշինյանական «խաղաղության» շրջանակներում:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031