Լրահոս
Վիգենը
Օրվա լրահոսը

Գործարար Արթուր Հարությունյանը կառաջադրվի Աբովյան համայնքի ավագանու ընտրություններում (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 03,2026 11:23 Share

«Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը» (ՔԺԿ) կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք Աբովյանի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններին։ Կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է գործարար Արթուր Հարությունյանը։ Այս մասին երեկ կայացած համակիրների հանդիպմանը հայտարարել է Արթուր Հարությունյանը։

«Չպետք է համայնքում որևէ մեկը արտոնություն ունենա, չի կարելի նստել համայնքապետի աթոռին՝ տան արտոնություն որևէ ուժի, այդ ուժը հարստանան, իսկ մնացածը մնան խեղճ ու կրակ»,-մասնավորապես նշեց Արթուր Հարությունյանը։

2015թ․-ին Արթուր Հարությոնյանը մասնացել էր համայնքի ղեկավարի ընտրություններին, բայց չէր հաղթահարել անցողիկ շեմը։ Նա մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց իր ընտրողներին։ «Աբովյանցին ձայն տվեց ինձ, խոսքը մեծամասնության մասին է։ Ցավոք, այն ժամանակվա իշխանությունը ուրիշ էր, ու մենք չկարողացանք մեր ձայներին տեր կանգնել։ Հիմա իրավիճակն այլ  է»,-ասաց Արթուր Հարությունյանը՝  հավաստիացնելով, որ իրենց տրված ձայներին տեր են կանգնելու։

«Մենք միասին տեր ենք կանգնելու մեր համայնքին, միասին ենք իրականացնելու համայնքի աշխատանքները»,-ասաց  Հարությունյանը։

ՔԺԿ-ի ընտրական ցուցակը գլխավորող Արթուր Հարությունյանի թիմը Աբովյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Ստեղծենք համերաշխ համայնք» կարգախոսով։ «Պիտի ստեղծենք համերաշխ ու լավ համայնք, որտեղ չարություն չպիտի լինի»,-հայտարարեց Արթուր Հարությունյանը։

Վերջինս իր համակիրներին հորդորեց խոսույթից ու առօրյայից հանել «հոգնել», «չի լինում», «չի ստացվում» բառերը։ Փոխարենը առաջարկեց օգտագործել «մենք կկարողանանք», «մեզ մոտ կստացվի» ու «մենք կհաղթենք»։

«Համախմբվենք ու մեր ուզածով անենք ամեն ինչ։ Մենք փոխում ենք իրավիճակը ու միասին կհաղթենք»,-իր խոսքը եզրափակեց Արթուր Հարությունյանը։ Նկատենք, որ Արթուր Հարությունյանի համակիրների թիվը անցնում էր 600-ից։

Հիշեցնենք, Աբովյան համայնքի ավագանու ընտրությունները կկայանան դեկտեմբերի 13-ին։

Մանրամասները տեսանյութում՝ քիչ անց

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել