
Ադրբեջանական զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած վերոնշյալ նախահարձակ գործողությունները մեկ անգամ ևս փաստում են, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլև նպատակային քայլեր է ձեռնարկում շփման գծում լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր ընթացիկ և հետագա գործողություններում լինել ավելի կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք:
Հարկ է ընդգծել, որ միայն անցած շաբաթվա ընթացքում, ի պատասխան նոյեմբերի 19-ին և 20-ին առաջնային գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ի կրած երկու զինվորի կորստի, հայկական կողմը, ինչպես և նախապես զգուշացրել էր, դիմել է պատժիչ գործողությունների: Ըստ ՊԲ հետախուզության տվյալների, նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են մինչև 7 զոհ և վիրավոր:
Ակնհայտ է, որ ներքաղաքական և ներհասարակական ընդվզումներից երկիրն ու սեփական զինուժը զերծ պահելու համար, պաշտոնական Բաքուն ձեռնպահ է մնում վերոնշյալ փաստերը հրապարակավ ներկայացնելուց: Սակայն ըստ հավաստի աղբյուրների, տվյալ երկրի իշխանությունները կատարվածի շուրջ պաշտպանության նախարարությունից պահանջում են կոնկրետ պարզաբանումներ և բացատրություններ:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին


















































