Լրահոս
Օրվա լրահոսը

Սարդարապատցիները գալիս են վե՞րջ դնելու «ցինիկների ու լիլիպուտների» ռեժիմին

Մարտ 03,2012 22:57

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Սարդարապատ» շարժման անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը և Գարեգին Չուքասզյանը հայափրկության թեմայով մի քանի ուշագրավ հայտարարություններ արեցին: Մասնավորապես ասացին, որ ամեն ինչ անելու են այլընտրանքային քաղաքական դաշտ ստեղծելու, Հայաստանն արատավորված մարդկանցից ձերբազատելու համար ու այլևս թույլ չեն տալու, որ ցինիկների ու լիլիպուտների ռեժիմը ստրկացնի հայ ժողովրդին: Իսկ այս նպատակին հասնելու համար, ըստ սարդարապատցիների, պետք է ձերբազատվել ոչ միայն իշխանություններից, այլ ընդդիմություն կոչվող ուժից, որը ենթարկվում է իշխանության խաղի կանոններին:

Սարդարապատցիների համոզմամբ, մեր երկրում իշխանությունն ու ընդդիմությունը նույնն են: Առաջինը խոսեց Տիգրան Խզմալյանը. նա նշեց, թեև երկրում օր օրի խորանում է բռնապետությունը, սակայն դրան զուգահեռ ակտիվանում են դիմադրության օջախները. «Զորօրինակ` վերջին զարգացումները` հենց մարտի 1-ին յուրահատուկ ցինիզմով ընդունվում է հերթական օրինագիծ, որը հերթական մեխն է խփում ժողովրդավարության դագաղի մեջ: Խոսքս բանակի ոստիկանացման օրինագծի մասին է, համաձայն որի՝ արտակարգ դրություն հայտարարելով, իշխանությունը փորձում է ժողովրդի դեմ դուրս բերել բանակը` օրինական եղանակով»:

Այնուհետ հիշեցնելով, որ գարնան սկիզբն է, բանախոսը նկատեց. «Հայաստանի վրա կարծես թե 4-րդ տարին է կախված մարտի մեկի անեծքը, և մենք դա նկարագրում ենք որպես հայկական ձմեռ, քաղաքական ձմեռ, որը ոչ մի կերպ չի փարատվում և մեր գարունները դառնացած են, որովհետև մենք ոչ մի կերպ չենք կարող տեղափոխվել մարտի 2-ը: Այնուամենայնիվ, պետք է կույր լինել չնկատելու համար, որ ոչ միայն ձնծաղիկներ են ձյան տակից բարձրանում՝ շատանում են դիմադրության օջախները, որոնք զանազան առիթներ են ստեղծում նման քաղաքացիական զարգացումների` լինի հասարակական, սոցիալ-տնտեսական, բնապահպանական և այլ ոլորտներում: Չնկատել դա չի կարելի»:

Ժիրայր Սեֆիլյանն էլ հավելեց, որ «Սարդարապատ» շարժումն այն ուժն է, որը ոչ միայն չի համակերպվելու մեր երկրում տիրող իրավիճակին, այլ վճռական լուծումներ է գտնելու: «Մեր ժողովրդին կուզեի ասել, որ ամեն ինչ չէ, որ կորած է, այնպես չէ, որ միշտ այսպես եղել է, այսպես էլ լինելու է՝ ոչ այդպես չէ: Պատահական չէ մեր նման մարդկանց միավորումը. մարդիկ, որոնք ունեցել են իրենց մասնագիտությունը, սակայն այսօր որոշել ենք զբաղվել ազգային-քաղաքական գործունեությամբ, զբաղվել մեր երկրին տիրություն անելու գործունեությամբ», –ասաց Ժիրայր Սեֆիլյանը` համոզմունք հայտնելով, որ «Սարդարապատ» շարժմանն ապագա օրերին հաջողվելու է դուրս գալ իշխող-կեղեքող համակարգից:

Գարեգին Չուքասզյանն էլ նախազգուշացրեց, որ մեր ժողովուրդն այլևս ժամանակ չունի, քանի որ համաշխարհային ընթացքն արագ է զարգանում: «Երբ որ մենք անընդհատ ասում ենք՝ չի ստացվում, հուսահատվում ենք, դա նրանից չէ, որ խնդիրը լուծում չունի, այլ նրանից է , որ խնդիրը սխալ ենք դնում: Երբ որ մենք հայտնվում ենք կազինոյում, կազինոյում չի կարելի կազինոյի դեմ խաղալ կազինոյի օրենքներով, միշտ պարտված ենք դուրս գալու: Եթե դուք մտնում եք կազինո, պիտի իմանաք՝ ուր եք մտնում: Մենք 15 տարի ձևավորել ենք կեղծ քաղաքական մշակույթ, ժողովուրդն այլևս չի տեսնում այլընտրանք ասածը, ինքը տեսնում է, որ բոլոր կողմերը քաղաքական առևտրի մեջ են` փոքր ու մեծ առևտրի, և երբ որ այսպես կոչված քաղաքական ընդդիմությունը ժողովրդին է մեղադրում, ասում է ` կաշառք ենք վերցնում ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդը չի հասունացել ժողովրդավարության համար, էդտեղ քաղաքական մանկամտություն և կեղծիք կա»,- ասաց Չուքասզյանը: Վերջինս նաև շեշտեց, որ մենք իշխանությունների փոխարեն ունենք դրսի ուժերին սպասարկող վարչակազմ. «Տեսեք հերթական որոշումները` Լեզվի օրենքի փոփոխությունը թարգմանչաց օրն են անում, մարտի 1-ին ընդունում են բանակի օգտագործումը»:

Բանախոսներն իրենց ելույթներն ավարտեցին լավատեսական նոտայով. վստահություն հայտնեցին, որ թե Հայաստանում, և թե Սփյուռքում առողջ ուժեր կան, որոնք կկարողանան միավորվել ու փրկել երկիրը, իսկ նախանձելի պետության վերածվելու համար, սարդարապատցիների հաշվարկներով, երկար տարիներ պետք չեն: Ի դեպ, լրագրողներից մեկի այն հարցին ի պատասխան, թե ինչն է փոխվել Գյումրիում սարդարապատցիների աչքերով, Տիգրան Խզմալյանը կատակեց. «Ձյունն է հալվել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031