Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Եկեք նախարարությունն էլ կաբարե դարձնենք»

Մայիս 29,2012 17:38

«Փրկենք «փակ» շուկան» նախաձեռնության անդամները պահանջում են շուկային վերադարձնել իր նախկին տեսքը, պատժել մեղավորներին ու պատասխան տալ քրեորեն պատժելի արարքի՝ հուշարձան-կոթողի ավերման համար: Փակ շուկայի շուրջ ծավալվող իրադարձությունները  գնալով թեժանում են, եւ հուշարձանի պահպանությամբ անհանգստացողները հայտարարում, փաստարկեր ներկայացնում, այն մասին, թե ամեն ինչ անօրինական է արվում:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն ահազանգում է. «Խնդիրն ունի պատմություն, որը բարձրացվել է նաեւ Ազգային ժողովում եւ ոչ միայն «Ժառանգության» պատգամավորների կողմից»: Ըստ Սաֆարյանի՝ եղել են բազմաթիվ պաշտոնական գրություններ բոլոր պատկան մարմիններին, ու այժմ իր տրամադրության տակ են ուշագրավ պատասխաններ, որոնք վկայում եւ կասկածի տակ չեն դնում այն, որ «փակ» շուկայի հետ կատարվածը քրեորեն պատժելի է: Սաֆարյանը նշում է, որ «Փրկենք «փակ» շուկան» խումբը որոշել էր արտահայտել սեփական ընդվզումն այդ ամենի հանդեպ, ու նշում է, որ շուկայի հարեւանությամբ գտնվող  շենքերի բնակիչները իրենց հետ են, եւ ուզում են ստորագրել իրենց հայտարարության տակ:

«Բնակիչները չափազանց մտահոգված են տեղի ունեցածով եւ կողմ են  այդ հուշարձան-կոթողի պահպանությամբ: Ամբողջ աղմուկը բարձրացրել են քաղաքացիները, նրանք պահանջում են հանրային քննարկում անցկացնել՝ փրկելու հուշարձանը գիշերային բարբարոսություններից», -ասում է Ստեփան Սաֆարյանը՝ մեջբերելով կատարվածի վերաբերյալ քաղաքաշինության նախարարության արձագանքը:

«Քաղաքաշինության նախարարության արձագանքը հետեւյալն է. իրենք ծանոթացել են շուկայի քանդման աշխատանքների էսքիզին, ըստ որի՝ այդ շինարարական աշխատանքները պետք է կատարվեն մինչեւ զրո հարկը՝ շենքում առանց տարածածավալական աշխատանքներ իրականացնելու, ինտերիերին եւ արտաքին տեսքին կպնելու: Քաղաքաշինության  նախարարության աշխատակազմի եւ քաղաքաշինական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի կողմից ուսումնասիրվել են Երեւանի Մաշտոցի պողոտայի ծածկած շուկայի տարածքում իրականացվող քանդման եւ վերակառուցման աշխատանքները, որի արդյունքում պարզվել է, որ դրանք կատարվում են ինքնակամ՝ ապօրինի, առանց համապատասխան իրավական եւ քաղաքաշինական փաստաթղթերի առկայության:

Այսինքն՝ քաղաքապետարանը, որը թույլատրել հիմքերը ամրապնդել, մինչեւ հատակը, առանց փոփոխություններ կատարելու, անգամ քաղաքապետարանի կողմից տրված լիցենզիայի պահանջները  չեն պահպանվել: Քաղաքաշինության նախարարությունը տեղի ունեցածը գնահատում է ինքնակամ: Հիշատակվում է նաեւ, որ քաղաքապետարանը մեկ անգամ կասեցրել է այդ աշխատանքները  (2012 թ. մարտի 2-ին), կազմելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, եւ 200 000 դրամ ծիծաղելի գումարի չափով տուգանել քրեորեն պատժելի իրավախախտման համար»,-ասաց Սաֆարյանը, տարօրինակ համարելով պատկան մարմինների պահվածքը, որոնք երեկվանից, ըստ նրա, լավագույն դեպքում ասում են՝ «Չկա այդպիսի թույլտվություն, բայց, եղբայր, ձեր պարտականությունների մեջ չի մտնում թույլտվություն չկա ասելը, ձեր պարտավորությունն է վերահսկել  տրամադրված լիցենզիաների պահպանությունը: Երեւան քաղաքի քաղաքապետը օժտված է մի շարք  լիազորություններով՝ նման խնդիրներ լուծելու համար: Անհասկանալի է մշակույթի նախարարության պահվածքը, այն դեպքում, երբ Հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչը ասում է, որ իրենց չի հետաքրքրում, թե ինչ է լինելու շուկայի ներսում: Փաստորեն, իրենց չի հետաքրքրում, թե ինչ է լինելու հուշարձանի ներսում, դե եթե չի հետաքրքրում, եկեք մշակույթի նախարարությունն էլ կաբարե դարձնենք»,- հավելեց Ստեփան Սաֆարյանը՝ ավելացնելով, որ շուկան պետք է վարադարձվի նախկին տեսքին, ոստիկանությունը  գնահատական տա կատարվածին, քաղաքապետն էլ պարտադրի սեփականատիրոջն անհապաղ սկսել շուկայի վերականգնման աշխատանքները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031