«Եթե գովերգում է այդ աստիճանի կեղծված ընտրությունները` դա նշանակում է, որ այն ինչը տիկին Քլինթոնը ակնկալում էր ստանալ Հայաստանի իշխանություններից, արդեն ստացել է»,- ասաց ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք այն իրողությունը, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում հայաստանյան իր հանդիպումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը դրական գնահատականներ հնչեցրեց մայիսի 6-ին մեր երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախագահական նստավայրում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անդրադառնալով Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ ասել էր. «Մենք ուրախ ենք տեսնելու, որ Հայաստանը շարունակում է աշխատել` ամրապնդելու իր ժողովրդավարական ինստիտուտները, առաջ տանելու համար թափանցիկությունը, ազատ մամուլի իրավունքները, վերացնելու կոռուպցիան, հարգելու համամարդկային իրավունքները եւ ազատությունները: Շատ ուրախ էի, որ անցած ամիս Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների զեկույցները հիմնականում մրցակցային էին ու բաց, եւ թեկնածուները հիմնականում կարող էին տանել իրենց քարոզարշավները` առանց խոչընդոտների: Կային ընտրական որոշակի խնդիրներ, որոնք հստակեցվել են, եւ մենք հույս ունենք, որ Հայաստանը կաշխատի ԵԱՀԿ-ի ու այլոց հետ` երաշխավորելու, որ հաջորդ ընտրություններն է՛լ ավելի լավը կլինեն»:
Իսկ թե հատկապես ի՞նչ է ստացել ԱՄՆ-ը Հայաստանի իշխանություններից, տիկին Սարգսյանը հղում անելով իր կուսակից Գուրգեն Եղիազարյանի հայտարարություններին, ասում է, որ խոսքը ազատագրված տարածքների մի մասը հանձնելու մասին է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































