
Ըստ նրա, ՀՀ իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների «շնորհիվ» հանքարդյունաբերությունը մեր երկրում միայն եկամտահարկի մասով է հարկվում: Իսկ հանքարդյունաբերական թափոնները չեն հարկվում:
«Այդ թափոնների առաջացրած հետեւանքները խիստ վտանգավոր են մարդու կյանքի, բուսական ու կենդանական աշխարհի համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 70-90 %-ով ընկնում է հողի բերրիությունը, ծնելիությունը նվազում է, հրեշածնությունն ու մեռելածնությունն էլ ավելանում են»,-փաստում է բնապահպանը:
Պարոն Սանասարյանի խոսքերով, հանք շահագործողը պետք է պոչամբարի նախագիծ ներկայացնի, որը պարտադիր պիտի պոչամբարի համար առնվազն 1000 տարվա հուսալիություն ապահովի, նախագծով սահմանված պետք է լինի, թե այդ ժամանակահատվածում ինչպես պետք է պահպանվի, դիվերսիաների, արտակարգ իրավիճակների ժամանակ ինչ պետք է արվի եւ այլն:
Կարդացեք նաև
Բնապահպանի համոզմամբ, պոչամբարից սպառնացող վտանգը շատ մեծ է. «Եթե ինձ հարցնեն՝ որն է մեր երկրին ամենամեծ սպառնացող վտանգը, ես կասեմ, որ միջուկային զենքից հետո` պոչամբարներն են, որոնք քիմիական տարրեր են եւ դրանք միլիոնավոր տարիներ չեն վերանում եւ հսկայական վնասներ են հասցնում Հայաստանին»:
Պարոն Սանասարյանը մի քանի ուշագրավ թվեր հրապարակեց. ՀՀ օրենքով 1-ին կարգի թափոնների դեպքում 1 տոննայի համար սահմանված է 48 հազար դրամ վճար: Հանքարդյունաբերական, բայց ոչ առաջին կարգի թափոնների համար` 1 դրամ. «Օրենք մշակողները, դրանում փոփոխություններ անողները հենց հանքատերերն էին եւ ամեն ինչ հարմարեցրել են իրենց: Այդքան չնչին գումարները գոնե 1 տոկոսով չեն փոխհատուցի բնությանն ու մարդկությանը հասցրած հսկայական վնասը»:
Հակոբ Սանասարյանի տվյալներով, հանք շահագործելու համար 1 քմ անտառածածկ հողակտորը, որտեղ կան ծառեր, կանաչ տարածք, հաշվարկվում է 0,8, այսինքն` 80 լումայի կորուստ, այն դեպքում, երբ 1 քմ-ն աղտոտելու համար օրենքով հազարավոր դրամի տուգանք է նախատեսված:
Պարոն Սանասարյանը փաստում է, որ այսօր ամենավատ վիճակում ապօրինի հանք շահագործելու տեսանկյունից` Սյունիքի մարզն է, որտեղ ուրանի 20-22 հանք կա. «Մեղրի գետի ափին 2 պոչամբար կա, այստեղ շուտով կյանքը կմեռնի»: Ընդհանուր առմամբ, 18 պոչամբար է հաշվառված մեր երկրում, բայց, ըստ բնապահպանի, կան կտոր-կտոր պոչամբարներ, որոնք չեն հաշվվում եւ դրանցով հանդերձ` 30-35-ի է հասնում դրանց թիվը:
Պարոն Սանասարյանի խոսքերով, ՀՀ-ում հանք շահագործելու նախագծերը ներկայացվում են կեղծ, թերի հաշվարկ գների նվազեցումներով:
Այսօր մեր երկրում 499 հանք է շահագործվում, որից 24-25-ը՝ մետաղական, մնացածը` ոչ մետաղական:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































