Այսօր՝ մարտի 22-ին, Երևանի մետրոպոլիտենի վագոններից մեկում հերթական շոու-քարոզարշավի ժամանակ Նիկոլը բախվեց հայ մարդու իրական ու չկոտրվող տեսակին։ Արցախցի երիտասարդ մայրը՝ իր երեխայի հետ միասին ուղիղ և արժանապատիվ կերպով մերժեց թրքահպատակության օրակարգը և այն կեղծ քարտեզը, որով փորձ է արվում սահմանափակել հայի հայրենիքն ու ապագան։
Փաշինյանը, սովորության համաձայն, փորձում էր իր «29,800» քառակուսի կիլոմետրանոց թղթի կտորով համոզել, թե դա է երեխայի միակ ապագան։ Սակայն արցախցի կնոջ պատասխանը չուշացավ․ «Մեզ թույլ չտվեցին ապրել մեր հայրենիքում՝ Արցախում»։ Սա լոկ պատասխան չէր, սա մեղադրական դատավճիռ էր այն դավաճանական քաղաքականությանը, որը հայաթափեց Արցախն ու այսօր փորձում է նույնն անել Հայաստանի հետ։
Տեսանյութում ակնհայտ է վարչապետի աթոռը զբաղեցնողի ագրեսիվ ու քամահրական վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ։ «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել» արտահայտությունը լավագույնս բնորոշում է այս վարչախմբի իրական դեմքը։
Մինչդեռ երիտասարդ կինը, պահպանելով բարձրագույն արժանապատվություն, չընկրկեց մանիպուլյացիաների առաջ։ Նա հիշեցրեց, որ հայի համար Հայրենիքը սակարկության առարկա չէ, իսկ Արցախն ու Հայաստանը մեկ միասնական ամբողջություն են։
Մենք ողջունում և բարձր ենք գնահատում արցախցի հայուհու այս խիզախ քայլը։ Այսօրվա իրողություններում, երբ պետական ապարատն ու քարոզչամեքենան փորձում են կոտրել ազգային դիմադրողականությունը, նման անհատական սխրանքները փաստում են՝ Հայը չի հարմարվելու պարտադրված պարտությանը։
Կարդացեք նաև
Կեցցե՜ հայ մարդը, ով չի ծնկում և տիրոջ իրավունքով մերժում է թշնամու օրակարգը սպասարկողներին։
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ


















































