
Հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերի պաշտպանները նախարարին իրենց մտահոգությունները հայտնեցին: Մհեր Վասիլյանն ասաց, որ բրայլյան համակարգով կամ աուդիո համակարգով ոչ մի տեսակի գրականություն ԵՊՀ-ում հնարավոր չէ գտնել, իսկ այդպես հնարավոր չէ որակյալ կրթություն ստանան, ասենք, տեւողական խնդիրներ ունեցող մարդիկ: Արմեն Աշոտյանն էլ պատասխանեց, որ միանգամից բոլոր լուծումները տալ հնարավոր չէ. «Ես գիտեմ, որ դասագրքերը բացակայում են, բայց ես գիտեմ մի բան՝ բրայլյան համակարգով դասագրքեր պատրաստելը սարսափելի թանկ է, սարսափելի թանկ: Ակնհայտ է, որ այսօր նման ծավալուն, մեծ միջոցներ հատկացնել չենք կարող: Բարձրագույն կրթության տարբեր ձեւեր կան: Հեռակա համակարգ էլ կա այսօր, որը հոգեբանորեն դժվար է ընդունել: Իրականում հեռակա համակարգը պակաս դժվարություններ է ստեղծում նման երիտասարդների համար, որովհետեւ չի պահանջում ֆիզիկական ներկայություն: Քննարկվում է նաեւ հեռավար կրթության ծրագիրը՝ դիստանցիոն, որը նույնպես կթեթեւացնի»:
Անահիտ Բախշյանի խոսքերով՝«Երբ կարդում եմ նախագիծը, ինձ մոտ շատ հարցերն են առաջանում՝ որքանո՞վ է այս գաղափարախոսությանը հավատարիմ մնալու: Նախագծի մեջ այս հոդվածն է մտել՝ տվյալ ուսումնական տարվա հանրակրթական հիմնական ծրագրերը չյուրացրած սովորողի հաջորդ դասարան տեղափոխվելու կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը: Եթե մենք օրենքում պահում ենք այս հոդվածները, ուրեմն ներառման գաղափարախոսությունը մինչեւ վերջ չի իրականանում: Սովորողի գիտելիքը ինչպե՞ս պետք է ստուգել եւ ինչո՞վ պիտի ստուգել»: Նախարարն այս առնչությամբ ասաց, որ իրենց գնահատման համակարգի հետ կապված, եթե կան կոնկրետ առաջարկություններ՝ խնդրեմ, կարող են անել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































