Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդի գրողները պետք է անպայման օգտվեն իրենց գրականությունը ներկայացնելու այս հնարավորություններից». Համացանցը` գրականության դերի բարձրացման միջոց

Հունվար 13,2013 15:42

Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում գրքարտադրությունը եւ գրավաճառությունը հատկապես չեն գտնվում այն բարձր մակարդակի վրա, ինչպես ասենք եվրոպական մի շարք երկրներում է: Դրանից էլ դրդված գրողները դիմում են ալտերնատիվ տարբերակների` իրենց ստեղծագործությունները ընթերցողին հասցնելու համար: Այդ հարցում նրանց օգնության են հասնում գրական կայքերը, էջերը, բլոգները: Սակայն որքանո՞վ է ճիշտ, որ նրանց գրականությունը լինի համացանցում: Գրող, «Գրողուցավ» կայքի համախմբագիր Համբարձում Համբարձումյանը կարծում է, որ դա գրողի իրավունքն է և ինքը պետք է որոշի` տեղադրե՞լ համացանցում իր ստեղծագործությունները, թե` ոչ: Իր խոսքով, եթե գրողը ցանկանում է ստեղծագործությունները հասցնել ընթերցողին, ապա ստիպված է ներբեռնել համացանց. «Գրահրատարակչական ոլորտի և ժամանակակից գրականության ընթերցողների, ավելի ճիշտ ժամանակակից հայ գրողի գրքի համար վճարել պատրաստ ընթերցողի պակասը պարզապես այլընտրանք չի թողնում»:

Համբարձումյանի խոսքով, Հայաստանում գրական կայքերը և գրահրատարակչական ոլորտի զգալի հատվածը դրված չեն պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Ասում է` ամենամեծ խնդիրը հեղինակներին հոնորար վճարելն է: Մինչև չլուծվի այդ խնդիրը, խոսք լինել չի կարող կայացած կայքերի կամ ամսագրերի մասին:
«Այս առումով «Գրողուցավ» կայքը ավելի շահեկան կարգավիճակում է, որովհետև կայքի հղացքը մեզ թույլ է տալիս ակնկալել հեղինակների հետ համագործակցություն առանց վճարի, սակայն մենք նույնպես լրջորեն մտածում ենք այդ ուղղությամբ և փորձում ենք միջոցներ հայթայթել: Միևնույն ժամանակ, ֆինանսական միջոցներ ունեցող կայքերը կամ ամսագրերը պարտադիր չէ, որ լինեն պրոֆեսիոնալ»,- նշեց Համբարձումյանը:
«Իսկ ինչո՞ւ չպետք է գրողի գրականությունը լինի համացանցում»,- հռետորական հարց է հնչեցնում լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: Չնայած դրան, ինքն այդքան էլ չի հետաքրքրվում գրական կայքերով: Ասում է` իր համար գիրք ընթերցելու նախընտրելի ձեւը ավանդական` թղթային տարբերակն է:
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Հայկ Համբարձույմանի համոզմամբ` համացանցը, մասնավորապես գրական կայքերը, էջերն ու բլոգները, որպես տարածք, գրեթե ոչնչով չեն զիջում գրքին և նույնիսկ բազմաթիվ առավելություններ ունեն. հասանելիություն ամբողջ ժամանակ ու բոլոր վայրերում, ստեղծագործությունների ու դրանց առանձին հատվածների հեշտ փնտրման ու օգտագործման, հղումների շնորհիվ դիպաշարի զարգացման ու տեքստի մեկնաբանության, գրական տեքստերը երաժշտությամբ, վիդեո և անիմացիոն պատկերներով լրացնելու և ընթերցողի հետ անմիջական կապի հնարավորություններ:
«Արդի գրողները պետք է անպայման օգտվեն իրենց գրականությունը ներկայացնելու այս հնարավորություններից, որոնցից զրկված են եղել նախորդ բոլոր դարաշրջանների հեղինակները»,- ասում է գրականագետը:
Իր խոսքով, գրողի նպատակը գումար վաստակելը չէ, համենայնդեպս դա երբեք առաջնային չէ, սակայն նույնիսկ այդ դեպքում գումար կարելի է վաստակել, եթե լավ կայք ստեղծվի ու լավ գովազդվի այն: Հայկ Համբարձումյանը կարծում է, որ սա գրողի համար բարդ գործ է, և մեր գրողները դեռ պատրաստ չեն սրան: Բայց կայքի միջոցով կարող են իրենց գրքերը ներկայացնել, վաճառել. «Ամեն դեպքում գրական կայքը ճանաչման հնարավորություն է տալիս, գուցե անմիջապես չի հարստացնում, բայց գոնե ներկայացնում ու գովազդում է»:
Գրականագետի  խոսքով, գրական կայքերը բազմազան են ու ստեղծված են տարբեր նպատակներով եւ դրանց գնահատական տալը դժվար է. «Եթե կայքը մեկ հեղինակի, կամ ինչ-որ փոքր խմբի մարդկանց ստեղծագործությունների գովազդի համար չի ստեղծվել, այլ ընթերցողների լայն շրջանակի համար, ապա գնահատելի է: Կարող եմ միայն ասել, որ միանշանակ իր ընդգրկունությամբ, տեղադրվող նյութերի որակով ու բազմազանությամբ, կատարվող աշխատանքի բարձր մակարդակով աչքի է ընկնում «Գրանիշը»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031