Լրահոս
Օրվա լրահոսը

Հրավերքով ու կերուխումով քարոզարշավ`Արթիկում ու Թորոսում (ֆոտոշարք)

Փետրվար 09,2013 19:40

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAԹորոսում Սերժ Սարգսյանի պատվին  խաշլամա ու խորոված էին սարքել, իսկ Արթիկում` քարոզարշավի հրավիրել էին միայն  գյուղապետերին

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավը Շիրակի մարզում սկսվեց Արթիկի մշակույթի  տնից, որտեղ, սակայն, նրա հետ հանդիպման էին եկել բացառապես շրջակա գյուղերի գյուղապետերն ու պետական հիմնարկների պատասխանատուները:  Իսկ հասարակ բնակիչները, որոնք հազար ու մի հարց ունեին նախագահին, նամակները ձեռքներին կանգնած, այդպես էլ  չկարողացան  անձամբ մոտենալ ու ներկայացնել իրենց խնդիրը, իսկ որ ամենակարևորն է,  ունկնդրել նրա նոր ծրագիրը:

Նշենք, որ Արթիկը հանրապետության  քաղաքականապես  ամենաակտիվ տեղանքներից է, և ի տարբերություն Գյումրիի, որտեղ ստիպում են գալ նախագահի քարոզարշավին, ներկա-բացակա են անում, այս քաղաքի բնակիչները ինքնակամ գալիս, ուշադրությամբ լսում ու հարցեր են ուղղում: Այդպես է եղել ամեն մի քարոզարշվի:  Ինչևէ, Սերժ Սարգսյանը մշակույթի տանը բավականին ծավալուն ելույթ ունեցավ, պատասխանեց գյուղապետերին հուզող հարցերին, որոնք սակայն ոչ թե վերաբերում էին  նախագահի նախընտրական ծրագրի դրույթներին, այլ աղերսանք-պաղատանք էին` գյուղի այս կամ այն հարցը լուծելու վերաբերյալ:

Սերժ Սարգսյանի Արթիկ էր եկել Թալինից, միգուցե և պատճառը հոգնեցնող ճանապարհներն էին, որ  նախագահի ելույթի  մեջ չկար առանձնակի ոգևորություն: Համեմատության համար նշենք, որ 5 տարի առաջ այս նույն վայրում Սերժ Սարգսյանը խոսում էր ինչպես հռետոր`ակամա լսել տալով իր ելույթը:

«Ես եկել եմ այստեղ, որպեսզի խոսեմ անցած հինգ տարիների ընթացքում  մեր անցած ճանապարհի մասին: Բայց բնական է, որ անցյալով չենք սահմանափակվելու,  կխոսենք նաև գալիք հինգ տարիների մասին, այն ծրագրերի մասին, որը մենք պատրաստվում ենք իրականացնել մինչև 2018 թվականը: Տասնամյակներ շարունակ  իմ գործունեությունը եղել է ձեր տեսադաշտում, լրատվամիջոցները իմ յուրաքանչյուր քայլը զննել են մանրադիտակով, և ներկայացրել են ինչպես Ձեզ, այնպես էլ մեր հանրությանը: Իմ աշխատանքային կենսագրության ընթացքում մշտապես  եղել եմ մեր  ժողովրդի հետ միասին, և փորձել եմ ազնիվ ու շիտակ լինել իմ մղումներում,  վարքով և գործերով: Իմ արածներից երբեք չեմ հրաժարվել և երբեք չեմ հրաժարվելու, եթե բացթողումներ ունեցել եմ, իսկ հաստատ ունեցել եմ , երբեք այդ բացթողումներից էլ չեմ հրաժարվել, և  տեր եմ կանգնել նաև այդ բացթողումներին», -իր խոսքը այսպես սկսեց Սերժ Սարգսյանը:

Նա  նաև ակնարկեց, որ չսխալվելու գաղտնիքն ու երաշխիքը անբանությունն է, չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: «Իմ ողջ աշխատանքային  գործունեության ընթացքում իմ ամենահիմնական խնդիրներից եղել է միջավայրը էդ անբաններից մաքրելը, այդպես էլ շարունակելու եմ :Ինչպես ասացի,  ես տեր եմ այդ թերություններին ու բացթողումներին: Բայց դա չի նշանակում, որ ես սիրում եմ,  երբ որ խոսում են թերություններից կամ հաճույք  եմ ստանում, երբ որ քննադատում են, ոչ, բայց  անհրաժեշտ է, որ դրանց մասին խոսենք` հետագայում այդ սխալները չկրկնելու համար: Մենք ծույլ և անբան մարդկանցից ազատվելով, ասպարեզ պետք է բացենք նախաձեռնող և բանիմաց մարդկանց համար: Միայն այդ որակով մարդկանց  հետ միասին կարելի է կերտել  ապահով Հայաստան, և եթե մենք չանենք, ո՞վ պետք   մեր փոխարեն մեր տունը մաքրի,  գա մեր փոխարեն մեր օջախը շենացնի: Մենք շատ խոր համոզմունք ունենք, որ  Հայաստանի ապագան շատ պայծառ է  լինելու», -խոստացավ Սերժ Սարգսյանը:

Նա նաև ասաց, որ Հայաստանում  չկա մի ոլորտ, որտեղ բարեփոխումների  անհրաժեշտություն  չլինի: Նախագահը նաև խստացավ, որ  փոխելու են տնտեսության կառուցվածքը: Ըստ նրա, առայժ չունենալով նաթ ու գազ, ամենահիմնական հարստությունը մարդկային  ռեսուրսն է , որը և օգտագործելու են հետագա զարգացման համար: Սերժ Սարգսյանը նաև հպարտացավ,  որ որքան էլ երկիրը վատ  վիճակում լինի, սոցիալական խնդիրները շատ ծախսեր պահանջեն, միևնույնն է իրենք կրթության համար  ծախսեր չեն խնայում, միշտ միջոցներ են հայթայթել  մարզերում նոր մանկապարտեզներ  ու դպրոցներ կառուցելու, սոցիալապես անապահով  երիտասարդների  համար անվճար բարձրագույն կրթություն  ապահովելու, առաջին դասարանցիներին համակարգիչները հասանելի դարձնելու, ու  գյուղում համարավետ պայմաններ ստեղծելու համար: Սա լսելով` Վարդաքարի  գյուղապետը  տեղից բարձրացավ ու  ողջ գյուղի անունից  նախագահին խնդրեց լուծել իրենց դպրոցի հարցը: Սերժ Սարգսյանը  զարմացավ` լսելով,  որ գյուղը  դպրոց չունի, այն տղակայված է մանկապարտեզում  ու մշակույթի տանը: Այս հարցը նախագահի համար  պարզաբանեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, տեղեկացնելով, որ  գյուղի դպրոցը չի վերանորոգվում, քանի որ  հարևան համայնքը կպած է,  այնտեղ նոր դպրոց են կառուցել, որպեսզի վարդաքարցիներն էլ հաճախեն այնտեղ: Նախագահն խոստացավ. «Ի հեճուկս հարևան համայնքի, դուք կունենաք ձեր դպրոցը»:

Իր ելույթը Սերժ Սարգսյանն ավարտեց լավատեսական նոտայով, նա ասաց, որ երբեք մարտահրավերներից  չենք վախեցել, սակայն պիտի հավատանք, որ Հայաստանը ամեն  հաջորդ օր  լինելու է ավելի լավը, քան նախորդ օրը: «Մենք  ունենալու ենք ապահով սահմաններ, մենք  կարող ենք ձեզ հետ հպարտանալ, որ տարածք չենք կորցրել, և մեր ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ միայն ստամքսով չէ, որ պետք է շարունակենք մեր ճանապարհը, մեր ժողովուրդը շատ լավ գիտակցում է, թե ինչու ենք կտրում իրենից և դնում իր անվտանգության վրա»:

Այնուհետ նախագահին դիմավորեցին Շիրակի մարզի Թորոս գյուղում , որտեղ կազմակերպել էին Շիրակի ձմեռը: Նշենք, որ Աշոցքի շրջանի այս գյուղում է  գտնվում Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի ռեստորանը: Սա նաև ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ծննդավայրն է: Ի  դեպ, պարոն Աղաբաբյանը ևս  մյուս  բոլոր ՀՀԿ-ական պատգամավորների` Սուքիաս Ավետիսյանի, Արման Սահակյանի,  ու նաև նախագահի խորհրդական  Յուրի Վարդանյանի հետ ուղեկցում էին երկրի ղեկավարին:

Թորոսում   Սերժ Սարգսյանը շախմատ խաղաց մի փոքրիկի հետ, այնուհետ  հյուրասիրվեց.  նրա պատվին շրջակա գյուղերի գյուղապետերը  խնջույք էր կազմակերպել, ճոխ սեղաններ  գցել,  ցուցադրաբար  խաշլամա էին եփում, խորոված պատրաստում: Այստեղ թեև մեծ թվով մարդիկ էին հավաքվել, սակայն նրանց համար  Սերժ Սարգսյանը որևէ ելույթ չունեցավ, այլ սեղան նստելուց հետո ուղևորվեց Գյումրու նորակառույց ոստիկանության շենք` բացման արարողությանը մասնակցելու:

Նշենք, որ Թորոսում մի կին` ծծկեր երեխան գիրկը, ուզում էր տեսնել նախագահին, վազում էր նրա հետևից, սակայն անվտանգության աշխատակիցները չթույլատրեցին անգամ մոտենալ: Այդ նույն տիկինը  նախագահի հետևից հայտնվեց Գյումրիում, միայն թե ոչ ոստիկանության նորակառույց շենքի մոտ, այլ Շիրակի մարզպետարանի: Մեր այն հարցին, թե ինչ ունի ասելու Սերժ Սարգսյանին, տիկինը զայրացած արձագանքեց` համբերեք,  կգամ Գյումրի `էնպես կասեմ, որ ամբողջ  աշխարհն իմանա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել