Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՐՍՎԱԾ ՀՈՒՅՍԵՐ

Մայիս 31,2013 14:54

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ չորրորդ

ԿՈՐՍՎԱԾ ՀՈՒՅՍԵՐ

Չնայած իբրեւ ֆուտբոլասեր հեչ չեմ սիրում էն ֆուտբոլասերներին ու ֆուտբոլային մեկնաբաններին, ովքեր մշտապես իրենց թիմի պարտության ողջ մեղքը մրցավարի վրա են բարդում, այդուհանդերձ, էս անգամ ստիպված եմ ինքս էլ նմանվել էդ չսիրածներիս, որովհետեւ մեր դարպասապահ Բերեզովսկուց եւ նույնիսկ մեր ինքնագոլի հեղինակ Ալեքսանյանից ավելի էս պարտության մեջ իսպանացի մրցավարի ամագը կար՝ առնվազն հիսուն տոկոսով, եւ չնայած շատերն էին կանխագուշակում, որ Դուբլինում անարդար մրցավարություն է սպասվում, ես չէի հավատում, ավելի ճիշտ՝ չէի ուզում հավատալ, որ աշխարհի նախորդ  առաջնության ընտրական փուլի վերջին ու վճռական խաղում ֆրանսիացիների ու անձամբ Անրիի՝ իռլանդացիներին ձեռքով խփած գոլը հայերիս քթից են հանելու, բայց, ահա, կյանքն ու երեկվա խաղը ցույց տվին, որ հենց էդպես՝ սեպը հենց սեպով էլ հանեցին, եւ չնայած էդ գործում մեր դարպասապահ Բերեզովսկու ու մանավանդ մեր բացառիկ  ինքնագոլի հեղինակ Ալեքսանյանի դերակատարություններն էլ էին ակնհայտ,  պիտի խոստովանեմ, որ էս պարտության հարցում անձամբ ինքներս էլ որոշ ու որոշակի դերակատարություն ունենք՝ ձեր  խոնարհ ծառան էլ ներառյալ, որովհետեւ հիմա՝ երբ արդեն պարզ է, որ Եվրո-2012-ին չենք մասնակցելու, բոլորս մի գլուխ էդ  բացառիկ ու բացարձակ ինքնագոլի հեղինակ Ալեքսանյանի ազգանունն ենք ասում ու շեշտում, մինչդեռ նախորդ՝ Մակեդոնիայի հետ խաղի ողջ ընթացքում  մի գլուխ Մովսիսյան Յուրայի անունն էինք վանկարկում՝ մոռանալով, որ մեր թիմում Ալեքսանյան ազգանունով ֆուտբոլիստ էլ գոյություն ունի, եւ հիմա՝ էդ բացառիկ ու բացահայտ ինքնագոլից հետո արդեն բոլորս գիտենք, որ մեր հավաքականում նաեւ Ալեքսանյան ազգանունով պաշտպան է խաղացել, ընդ որում՝ էնքան աննկատ ու էնքան անվրեպ է խաղացել, որ դաշտում իր ներկայությունը չենք էլ նկատել եւ իր գոյության մասին պատկերացում անգամ չենք ունեցել, եւ իր էդ Ալեքսանյան ազգանունն էլ բացարձակապես անծանոթ էր ինձ, առավել եւս՝ իր Վալերի անունն էր անծանոթ, եւ հիմա իր անունն ու ազգանունը մեր ֆուտբոլասեր հասարակության շուրթերին են, ու էս իմաստով էս խեղճ Վալերի Ալեքսանյանը հավասարվեց եւ նույնիսկ առաջ անցավ մեր հավաքականի մեկ այլ ձախորդ պաշտպանից՝ Արա Առաքելյանից, որն ամիսներ առաջ մեր տուգանային հրապարակում միանգամայն անտեղի ձեռքով խաղացել ու տասնմեկմետրանոց էր վաստակել Մակեդոնիայի հավաքականի հետ արտագնա խաղի ամենավերջին րոպեին, ու հենց էդ տասնմեկմետրանոցի պատճառով էլ մերոնք զրկվեցին էդ, ուրեմն, արտագնա առաջին հաղթանակից, եւ չնայած էդ ժամանակ քչերս էինք կարծում, որ Արա Առաքելյանի պատճառով կորսված էդ երկու միավորներն ամիսներ անց մեզ չափազանց են պետք գալու, հիմա՝ ամիսներ անց միանգամայն հանկարծակի հայտնվելով Եվրոպայի առաջնության նախընտրական խմբի առաջատարների շարքում, հանկարծ հիշելով հասկացանք, որ, Արա Առաքելյանի պատճառով կորսված էդ երկու եւ ուրիշ այլ պատճառներով կորսված ուրիշ այլ միավորների առկայության դեպքում, մեզ նույնիսկ խեղճ Վալերի Ալեքսանյանի ու էս խղճուկ ու տխրահռչակ իսպանացի մրցավարի պատճառով ի չիք դառած էս ամենավերջին միավորները պետք չէին էլ գալու, եւ չնայած իսպանացին առաջին իսկ խաղակեսի առաջին իսկ կեսում մեր առաջին ու վերջին հույս Բերեզովսկուն Դուբլինի խաղադաշտից լկտիաբար հեռացնելով՝ մեզ արդեն իսկ որեւէ հույս չթողեց, այդուհանդերձ, Ալեքսանյանի ու մեր անչափահաս երրորդ դարպասապահի ինքնագոլերից հետո էլ մերոնք զարմանալիորեն չհուսալքվեցին. ավելին. շուտով  Մխիթարյանը բացառիկ գոլ խփեց՝ մեզ ոգեւորություն ու հույս եւ իսպանացուն վերստին անհանգստություն պատճառելով, եւ իսպանացու  անունն ու ազգանունը շարունակաբար մոռանալով՝ հիմա արդեն չեմ էլ ուզում դրա անունն ու ազգանունը հիշել, որովհետեւ ձեռս չի բռնի՝ էդ անամոթի անունն ու ազգանունը գրել, եւ չնայած էս օրերին ողջ ինտերնետն էդ անամոթի լուսանկարներով է ողողված, ազգանունը  շարունակաբար մտքիցս թռնում է, բայց, փոխարենը, էդ մարդու դեմքն էս օրերին շարունակաբար աչքիս առաջ է, եւ էդ դեմքն էն դեմքերից է, որոնց վրա իրենց կրողի մասին ամեն ինչ է գրված, ընդ որում՝ ամենայն մանրամասնությամբ է գրված, եւ դրա դեմքին դրա մասին գրվածը կարդալով՝ իմանում ենք, որ այս իսպանացի  ծաղրածու կամիկաձեն աշխարհի ու եվրոպայի ֆուտբոլային չինովնիկների առջեւ ամենայն սիրով է հանձն առել նախորդ նախընտրական փուլում իռլանդացիների հանդեպ թույլ տրված սխալը հետին թվով ու հայերիս հաշվին ուղղելու դերակատարությունը, եւ ինտերնետը ողողած կարծիքները հիմնականում էդ թեմայով են, եւ ինքս էլ էդպես մտածելով՝ հընթացս նաեւ մտածում եմ, որ հնարավոր է նաեւ էդ իսպանացի տականքը միանգամայն ինքնուրույն ու ինքնագլուխ է էդ խաղի պատասխանատվությունն ստանձնել՝ իր էդ բացառիկ մրցավարության դիմաց իռլանդացիներից մեշոկով դոլար կամ եվրո  ստանալով եւ միանգամից բիրդանաղա դառնալով, եւ իսպանացու համար ուրախ ու մեզ համար չափազանց  տխուր էս նոտայի վրա ֆուտբոլային էս վերլուծությունս ավարտելով՝ պիտի ավելացնեմ նաեւ, որ մեզ համար էս պարտությունն ամենեւին էլ պարտություն չի, եւ էս ասածս համարյա բոլորի կարծիքն է, եւ բոլորի կարծիքով՝ մեր տղաներն իսկական հերոսներ են եւ արժանի են ամենայն դրվատանքի, եւ մինչ էս բաները գրում եմ, մեր հեռուստաալիքներն արդեն ցուցադրում են՝ ինչպիսի ջերմությամբ են մեր ֆուտբոլասերները «Զվարթնոցում» դիմավորում մեր հավաքականի ֆուտբոլիստներին, եւ հատկապես ու առանձնապես Բերեզովսկուն են ջերմությամբ դիմավորում, ինչպես նաեւ՝ բացառիկ ինքնագոլի հեղինակ պաշտպան Ալեքսանյանին, որն էդ խաղում, փաստորեն, հարձակվողի բացառիկ ընդունակություն հանդես բերեց, եւ նմանապես մյուս ինքնագոլի հեղինակին՝ Բերեզովսկուն ճարահատյալ փոխարինած դեռահաս դարպասապահ Պետրոսյանին են ջերմորեն դիմավորում, եւ սա ցույց է տալիս, որ հայ ֆուտբոլասերներն իսկապես են ցավում մեր ֆուտբոլի ու ֆուտբոլիստների համար, եւ էս դեպքում ռուսերեն  болельщик բառն անհամեմատ արտահայտիչ է մեր ֆուտբոլասեր բառից, որովհետեւ ռուսերեն էդ բառի մեջ ցավի ու ցավելու իմաստը կա, եւ հիմա հիշեցի, որ Համբարձումյան Ռաֆիկը՝ ով քաղաքականությամբ ու ամեն ինչով զբաղվում է, յոթանասունականների վերջերին իրեն լեզվաբանությանն էր տվել ու մի հոդված էր գրել, որտեղ առաջարկում էր ռուսերեն болельщик  եւ семечка բառերը համապատասխանաբար թարգմանել եւ փոխարինել ցավքաշ եւ չրթոն բառերով, եւ քիչ առաջ «Հայլուրով» տեսնելով՝ ինչպիսի ջերմությամբ են մեր ֆուտբոլասերները «Զվարթնոցում» դիմավորում մեր ֆուտբոլասերներից հատկապես Բերեզովսկուն, Ալեքսանյանին ու սկսնակ դարպասապահ Պետրոսյանին, ինքս էլ համոզվեցի, որ մեր ֆուտբոլասերները ոչ թե սովորական ֆուտբոլասերներ են, այլ՝ իսկական ցավքաշներ, եւ էս վերջին շաբաթվա ընթացքում հատկապես հայ կանայք ու աղջիկներն են ֆուտբոլի ցավքաշ դառել, եւ էս պահի դրությամբ էս ցավքաշ բառն ամենից ավելի «Առավոտի» Մինասյան Ռուզանին է սազում, որովհետեւ երեկ Ռուզանն ինձ պատմեց՝ ինչպես է ինքը  Վալերի Ալեքսանյանի էդ չարաբաստիկ  ինքնագոլից հետո, ավելի ճիշտ՝ էդ չարաբաստիկ խաղից հետո Վալերայի հետ սինքրոն լաց եղել, եւ Ռուզանն ամենեւին էլ միակ լաց եղողը չի եղել, եւ հատկապես մեր կանայք ու աղջիկներն են մեր էս ֆուտբոլային  բարոյական հաղթանակն իսկական հաղթանակ համարում, եւ քիչ առաջ էլ հորաքույրս զանգահարեց ու ինձ  հավաստիացրեց, որ մերոնց էդ հաղթանակը  ոչ թե ընդամենը բարոյական հաղթանակ էր, այլ՝ ամենաիսկական հաղթանակ, բայց, այսուհանդերձ, ֆուտբոլի հայ ցավքաշների մեծ մասն էս հաղթանակն ընդամենը բարոյական հաղթանակ են համարում, որովհետեւ իրենք էս վերջին մի քանի շաբաթների ընթացքում՝ Սլովակիային ու Մակեդոնիային հաղթելուց հետո հոգեպես տրամադրվել էին, որ հայկական ֆուտբոլն ըմբոշխնելու ենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, իսկ ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես Դուբլինի մեր էս պարտությունը ոչ թե մեր բարոյական հաղթանակն եմ համարում, այլ՝ իռլանդացիների անբարոյական հաղթանակը, եւ չնայած իռլանդացի ժողովուրդն էս հարցում  ոչ մի մեղք չունի եւ պատասխանատու էլ չի իսպանացի մրցավարի արարքների համար, այդուհանդերձ, եթե ես իռլանդացի լինեի, ամենեւին չէի ուրախանա իմ հավաքականի էս կարգի հաղթանակով. ավելին. նույնիսկ կամաչեի, որ մեր իսկ մարզադաշտում մեր իսկ ցավքաշների բուռն ու միահամուռ  երգեցողության  աջակցությամբ հազիվհազ ենք հաղթել հակառակորդի տասը հոգուն, ընդ  որում՝ նաեւ իսպանացի մրցավարի բուռն ու անմիջական աջակցությամբ. այսինքն, ստացվում է, որ իրենք ոչ թե տասնմեկ, այլ տասներկու հոգով են հաղթել մեր տասին, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ մերոնցից երկուսը բավական ինքնատիպ ինքնագոլերի հեղինակներ դառան, վստահաբար կարող ենք ասել ու հայտարարել, որ իռլանդացիք տասնչորս հոգով հաղթել են մեր ութին, եւ եթե իրենց տասնչորսին գումարենք նաեւ ամբողջ  խաղի ընթացքում փայլուն, միահամուռ ու բազմաձայն երգեցողությամբ հանդես եկած իռլանդացի ցավքաշներին, կստացվի, որ իրենք մեր ութին ոչ թե տասնչորս հոգով են հաղթել, այլ՝ տասնհինգ:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել