«Անպատժելիության մթնոլորտից է ամեն ինչ գալիս: Բոլորս գիտենք, որ նախկինում էլ են դեպքեր եղել, երբ անպատիժ են մնացել դրանց իրականացնողները, իսկ դրանք մեծամասամբ կապվում են կա՛մ Սուրեն Խաչատրյանի, կա՛մ էլ նրա մերձավոր շրջապատի հետ, եւ այդ անպատժելիությունը հասել է նրան, որ այս դեպքն արդեն մահվան ելքով տեղի ունեցավ: Կարծես թե նման բան միեւնույն է պետք է լիներ, քանի որ քրեական մտածողություն, հոգեբանություն ունեցող մարդը միայն օրենքից վախենալու դեքում է զսպում իր այդ գործելակերպը: Եթե այս անգամ էլ անպատժելի մնան, արդեն կա՛մ ժողովուրդն է ինքնակազմակերպվելու ինքն իրեն պաշտպանելու քրեական այդ մեթոդներից, կա՛մ էլ իրավիճակն իրականում անկանխատեսելի է դառնալու», – Գորիսում տեղի ունեցած վերջին դեպքի վերաբերյալ նման կարծիք հայտնեց Կապանի նախկին փոխքաղաքապետ, ՀՅԴ անդամ, «Կապանյան լրատու» տեղական թերթի խմբագիր Գագիկ Ղահրամանյանը:
Գորիսյան իրադարձության վերաբերյալ այլ արտահայտվողներ գտնել մեզ այդպես էլ չհաջողվեց, շատերը տարբեր պատճառներով հրաժարվեցին խոսել, հատկապես խուսափեցին հրապարակային հանդես գալ, ուստի տարբեր մարդկանց կարծիքների փոխարեն կներկայացնենք միակ զրուցակցի տեսակետն ու գնահատականը կատարվածի վերաբերյալ:
«Այս պահին ամեն ինչ հստակ չի, հետաքննությունը թող իր գործն անի. իրականում ես չգիտեմ ով ի՞նչ չափով, ի՞նչ մասնակցություն է ունեցել, ամենատարբեր վարկածներ են շրջանառվում, ամեն դեպքում ես գիտեմ, որ այն կապվում է Սուրեն Խաչատրյանի շրջապատի հետ: Այստեղ խնդիրն այն չէ, թե Սուրեն Խաչատրյանին պաշտոնանկ կանեն, թե չէ, կամ ի՞նչ չափով կպատժեն…: Դա ինձ չի հետաքրքրում առանձնապես, պետք է առկա երեւույթը վերացվի, սա է կարեւորը»,- հավելեց Գագիկ Ղահրամանյանը՝ նշելով, որ շատ կարեւոր է՝ նախագահն ու կառավարությունը երեւույթին գնահատական տան, քանի որ այժմ շատերը սպասում են, թե արդյոք քայլ կարվի՞ երկրում արդարադատության նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու ուղղությամբ, թե՞ չէ: «Այստեղ նախագահը շատ մեծ խնդիր ունի. ջրբաժան է.. կա՛մ նախագահն ապացուցում է այն կարծիքը, որ ինքը պարզապես հանդիսանում է ՀՀ-ում քրեամենթական համակարգի թիվ մեկ հարց լուծող, կա՛մ էլ հավակնում է դառնալ վերջապես ՀՀ նախագահ, ինչու չէ նաեւ աշխարհասփյուռ հայության առաջնորդ: Եթե այդ քայլին չդիմի եւ օրենքի սահմաններում համարժեք պատասխան չտա, ինքը կորցնելու է վերահսկողությունը շատ բաների նկատմամբ. նախ ժողովուրդը համոզվելու է, որ այս երկրում օրենքի արդարադատության վրա հենվելն անիմաստ է, նման դեպքերում իրավունք է վերապահվելու հարցերը լուծել օրենքը շրջանցելով, անկառավարելի վիճակ է ստեղծվելու, բնականաբար մեկ ավելի այլանդակ եւ ավելի վատ ելքով իրավիճակ է ստեղծվելու՝ կարեւոր չի դա Գորիսում, Կապանում կամ Դիլիջանում լինի»,-ասաց Ղահրամանյանը եւ ավելացրեց, որ համարժեք քայլ չանելու դեպքում, արդեն նման իրավիճակներում ժողովուրդն ինքնակազմակերպվելու է եւ արժանի պատասխան է տալու:
Ներկա պարագայում զրուցակիցս կարեւոր է համարում նաեւ կուսակցությունների դիրքորոշումը եւ խորհուրդ տալիս, որ ոչինչ չասող մեկ կամ երկու հայտարարությունների փոխարեն հանդես գան կոնկրետ հայտարարություններով, քանի որ սա այն դեպքն է, երբ կուսակցությունները հանդիսանում են քաղաքական դաշտում ժողովրդի խոսքը տեղ հասցնողներ:
Կարդացեք նաև
«Իսկ ինչ վերաբերում է գործի հետագա ընթացքին, ապա իմ կարծիքով, այնուամենայնիվ, Սուրեն Խաչատրյանը միանշանակ պաշտոնանկ կարվի: Իսկ թե ո՞վ կգա նրան փոխարինող՝ չեմ կարող ասել, շրջանառվում են տարբեր թեկնածուների անուններ, դա ինձ համար այս պահին այդքան էլ կարեւր չի, ինձ համար կարեւորը, որ այդ արժեքային համակարգը կրող մարդը չլինի մարզպետ, նորմալ երկրում այդպիսի արժեքներ կրող մարդը ինչպիսին Սուրեն Խաչատրյանն է, կառավարման համակարգում այդպիսի բարձր պաշտոն չէր զբաղեցնի: Հենց այն փաստը, որ ինքը 10 տարի շարունակ զբաղեցնում է մարզպետի պաշտոնը, խոսում է այն մասին, որ այդ համակարգը հիվանդ համակարգ է»,-կարծիք հայտնեց Կապանի նախկին փոխքաղաքապետ, դաշնակցական Գագիկ Ղահրամանյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































