Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Հոկտանյան. «Հերմինե Նաղդալյանը հո բանվորությամբ չի զբաղվել, առաջին կոոպերատորներից է եղել»

Սեպտեմբեր 13,2013 21:08

«Թրանսփարենսի Ւնթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը վերջերս դիմել էր ԱԺ եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովներին`քննելու`արդյո՞ք չեն խախտվում էթիկայի նորմերը, երբ ԱԺ փոխնախագահ ՀՀԿ խմբակցության անդամ, Հերմինե Նաղդալյանը  պատգամավորությունը զուգակցում է ձեռնարկատիրությամբ: Ընդ որում, կենտրոնի դիմումի հիմքը եղել է «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» նյութը, որտեղ նշված է, որ առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել Հ. Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 416 մլն 769 հազար դրամ «Ա/Ճ Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության սահման կմ 177+000-կմ 217+000 առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների կատարման համար:

Բացի այս, կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հայցել է ստանալ հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության եւ հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ: Այս առնչությամբ վերջերս Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում, վստահեցրել էր, որ ինքը գործում է օրենքի շրջանակներում:

«Եթե ճիշտ է ասում, էթիկայի հանձնաժողովը պետք է ճշտի դա, եթե դա իսկապես ճիշտ է, այդ դեպքում պատգամավորը թող հերքում  պահանջի «Հետք»-ից: Մենք հիմնվել ենք լրատվամիջոցների հրապարակումների վրա, այս անգամ էլ` «Հետքի» նյութի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ւնթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Նրա դիտարկմամբ` եթե տիկին Նաղդալյանը  կապված է այդ ընկերությունների հետ, ինչը, կարծես թե, չի ժխտում, որ  բաժնեմաս ունի, մի խնդիր է ծագում, որը, հավանաբար, հետագայում պետք է լուրջ ուշադրության արժանանա` օրենսդրական փոփոխությամբ: Ըստ պարոն Հոկտանյանի. «Այնպիսի ընկերություններում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաններն ու պատգամավորները, որոնք բաժնեմաս ունեն, այսպես ասենք` ինչպիսի՞ հաջողություններ են ունենում նրանք գնումների գործընթացներում եւ առհասարակ բիզնես դաշտում, կամ ներմուծման ոլորտում: Այսպիսի խնդիրների վրա ենք ուզում էթիկայի հանձնաժողովի եւ հանրության ուշադրությունը հրավիրենք, եւ օգտագործել այն հանգամանքը , որ հանրային ծառայությունների մասին օրենքը այդ հարցերը այնքան էլ չի կարգավորում:  Միգուցե հետագայում օրենսդրական ինչ-որ նախաձեռնությամբ այդ խնդիրները ստանան լուծումներ: Այսինքն, եթե ուղղակիորեն տվյալ բարձրաստիճան պաշտոնյան կամ նրան փոխկապակցված անձը` տղան, կինը, ամուսինը չեն տնօրինում, զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց  ինչ-որ ձեւի այդ ընկերությունը կապած է այդ անձի հետ, դա մեր կարծիքով արդեն շահերի բախում է: Ներկայումս օրենքն այդպես չի դիտարկում:  Թեկուզեւ, այո, ինքը ճիշտ է, անձամբ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, գործադիր տնօրինությամբ չի զբաղվում, բայց այդ ընկերությունը բավականին հաջողակ է, ապա արդյո՞ք այդ հաջողակ լինելը գնումների գործընթացում կամ այլ բիզնեսում դա իսկապե՞ս ընկերության լավ մենեջմենթն է, թե պաշտոնական կապերը: Սա պետք է դառնա օրենսդրական նախաձեռնության առիթ»:

Պարոն Հոկտանյանի խոսքերով, օրինակ` Արևմուտքում կա մի եզրույթ`  ազդեցության գործադրում, այսինքն` հնարավոր է սա տեղի է ունեցել պատգամավորի, կամ այլ պաշտոնյայի բիզնեսի զարգացման դեպքում.«Եւ  չնայած, մեր Քրեական օրենսգրքում մտցվեց այդ հոդվածը` միջազգային կառույցների եւ  Հայաստանի հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում, բայց որքան ես գիտեմ, առայժմ այդ հոդվածը չի գործում եւ չգիտեմ` որեւէ մեկը պատժվե՞լ է այդ հոդվածով, թե` ոչ: Եթե ունենք այդպիսի հոդված եւ եթե կան այսպիսի երեւույթներ, միգուցե «Հանրային ծառայության մասին» օրենքում որոշակիորեն ավելի խստացվեն շահերի բախման հետ կապված պատասխանատվությունը»:

Լրագրողների հետ զրույցում, հարցին թե որտեղի՞ց պատգամավորին այդքան մեծ կարողություն, հարստություն, տիկին Նաղդալյանն ասել էր` «Աշխատել եմ, աղջիկս, ամբողջ կյանքս աշխատել եմ, ու այդ ընթացքում ստեղծել եմ այն սեփականությունը, որն այսօր ունեմ…շատ կուզենամ, որ դու էլ 23 տարի աշխատելուց հետո այնքան արդյունք ունենաս, որքան որ ես»:
Թե որքանով է տիկին Նաղդալյանի այս խոսքերն արժանահավատ, մեր այս հարցին հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարն ասաց.«Դե պետք չէ հասկանալ, որ նա բանվորություն է արել: Որքան հիշում եմ 80-ականների վերջերից կոոպերատիվի ժամանակներում, նա իսկապես առաջին կոոպերատորների մեջ է եղել: Այո, զբաղվել է բիզնեսով երկար տարիներ: Հարցն այն է, որ եթե զբաղվել է, կամ շատ հաջողակ «բիզնես վուման» է եղել, կամ էլ` եթե այլ կասկածելի հիմքեր են եղել, դա իրավապահ մարմինները պետք է ստուգեն` քրտնաջա՞ն, ստեղծագո՞րծ աշխատանք է, թե` կասկածելի»:
Ինչ վերաբերում է պատգամավորի պետական գնումներով հենց իր ընկերության մասնակցությանը, ապա պարոն Հոկտանյանն ասաց, որ իսկապես անհրաժեշտ է  օրենքը կատարելագործել, եւ այդ դեպքում ավելի լուրջ նայել, թե մեկ անձից գնումը, որը տրվում է բարձրաստիճան պաշտոնյանի կամ պատգամավորի  հետ կապված ձեռնարկությանը, որքանով է դեր խաղացել նրա, որպես պաշտոնյա ազդեցությունը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30