Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Ռուսաստանում

Դեկտեմբեր 12,2013 17:52
Artur bagdasaryan

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ:
Նախ տեղի ունեցավ ԱԱԽ քարտուղարի հանդիպումը «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Սերգեյ Կալուգինի հետ: Քննարկվեցին վերջին շրջանում Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի կողմից ծավալվող գործունեության ընդլայնման, մասնավորապես, ս.թ. հոկտեմբերի 3-4-ը Ս.Կալուգինի Երևան կատարած այցի ընթացքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով ստորագրված արձանագրության կետերի կատարման հետ կապված հարցերը: Դրական գնահատելով համագործակցության առկա արդյունքները` կողմերը պայմանավորվեցին շարունակել դրա խորացմանն ուղղված ջանքերը:

Այնուհետև տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ: Հանդիպման մասնակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին նշված ոլորտում հայ-ռուսական շփումների ակտիվության կապակցությամբ` հատուկ ընդգծելով վերջերս` ս.թ. 25-29-ը Երևանում կայացած հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: ԱԱԽ քարտուղարը նշեց, որ երկու երկրների միջև ռազմարդյունաբերական համալիրի բնագավառում փոխգործակցության որակապես նոր մակարդակի հասնելու գործում առանցքային դեր կխաղա Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված պայմանագիրը, որը ս.թ. դեկտեմբերի 4-ին վավերացվել է հայկական կողմից: Կողմերը քննարկեցին նաև երկկողմ փոխգործակցության ծավալման հնարավորությունները ռազմարդյունաբերական ոլորտի մի շարք նոր և հեռանկարային ուղղություններով:

ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի հետ հանդիպմանը կողմերը քննարկեցին «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ռուսական կողմին փոխանցված «Մարս» ՓԲԸ գործարանի և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ ձեռնարկությունների զարգացման ծրագրերի հետ կապված հարցերը: ԱԱԽ քարտուղարը նշեց, որ հայկական կողմը կարևորում է նշված ձեռնարկությունների լիարժեք գործարկումը երկարաժամկետ հեռանկարում: Կողմերի համոզմամբ, նշված գործընթացի հաջող իրականացումը թույլ կտա խորացնել հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունը թե՛ տնտեսական, թե՛ ռազմարդյունաբերական բնագավառներում:
Այնուհետև տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՌԴ պետական ռեզերվների գործակալության ղեկավար Դմիտրի Գոգինի հետ: Նշված հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում պետական ռեզերվների հայ-ռուսական համատեղ հատուկ ենթակառուցվածքի ստեղծման հետ կապված հարցերը: Այդ կապակցությամբ նշվեց, որ ի կատարումն ս.թ. հունիսի 23-25-ը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Ն.Պատրուշևի ՀՀ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, իրականացվել են անհրաժեշտ աշխատանքներ: Այդ ուղղությամբ հետագա գործողություններն իրականացվելու են համաձայն ս.թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ Նախագահ Վ.Պուտինի պետական այցի շրջանակներում ստորագրված` ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագրի համաձայն: Կստեղծվի երկկողմ աշխատանքային խումբ, որը կմշակի «Պետական ռեզերվների ռուս-հայկական համատեղ կենտրոնի ստեղծման մասին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագրի» նախագիծը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի վերջին պաշտոնական հանդիպումը ՌԴ Դաշնային տիեզերական գործակալության (Ռոսկոսմոս) ղեկավարության հետ էր: Կողմերը քննարկեցին տիեզերքի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Գոհունակությամբ նշվեց, որ այսօր արդեն իսկ իրականացվում են համատեղ ծրագրեր, մասնավորապես, Բյուրականի աստղադիտարանի հնարավորությունների օգտագործմամբ: Երկուստեք կարևորվեց «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը, որի մշակված նախագիծն այժմ անցնում է ներպետական ընթացակարգեր:

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ առաջիկայում կստեղծվի մշտապես գործող հայ-ռուսական աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ ոլորտում առկա բոլոր հարցերի քննարկմամբ: 2014թ. ընթացքում կկազմակերպվի Ռոսկոսմոսի ղեկավարի այցը Հայաստան, որի շրջանակներում կողմերի միջև կստորագրվի համապատասխան փաստաթուղթ, որում կնախանշվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հետագա աշխատանքները:

 Ազգային անվտանգության խորհրդի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031