Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գերի ենք մեր երկրում». ադրբեջանահայ փախստականների ոդիսականը հայրենիքում երկու տասնամյակ անց

Փետրվար 10,2014 12:20

Լքված նկուղի երկար ու մութ միջանցքի ծայրում նշմարվում է 9-ամյա Վադիմի ժպիտը, ով այս նկուղում մեծացող Ավանեսյանների արդեն երկրորդ սերնդի ներկայացուցիչն է: Մանկական անկեղծ ու միամիտ հայացքում երազանքներ են՝ նկուղից ու փախստականի անջնջելի դրոշմից ազատվելու հույսեր:

Երբ 1988-ի դեկտեմբերին Ավանեսյանների ընտանիքը՝ երեք որդիների հետ Բաքվի ջարդերից մազապուրծ հասավ Հայաստան, թեեւ սարսափած էին, Բաքվում թողել էին եռահարկ շքեղ առանձնատուն, թանկարժեք գույք, սակայն համարվում էին բախտավոր, քանի որ ընտանիքի անդամները  բռնությունների զոհ չէին դարձել:

Սակայն Հայաստան հասնելը դեռ փորձությունների սկիզբն էր:

1988-ի հուժկու երկրաշարժը երկրորդ անգամ դժբախտացրեց Ավանեսյաններին. մահացավ նրանց կրտսեր՝ 7-ամյա, որդին:

«Երկու հարվածները սարսափելի էին, չգիտեմ ինչպես դիմացանք, երկու որդիներս բավական ծանր վնասվածքներ էին ստացել, բայց ոտքի կանգնեցին, իսկ փոքրս չդիմացավ»,- պատմում է ընտանիքի մայրը՝ 57-ամյա Մարիա Ավանեսյանը:

Կրկնապատկված ցավը գուցե ժամանակի ընթացքում սփոփվեր, եթե 25 տարի կենցաղային սարսափելի պայմանները չհիշեցնեին փախստականի ու երկրաշարժից տուժածի անտանելի կարգավիճակը:

Երկրաշարժից հետո Ավանեսյաններին ժամանակավորապես տեղավորեցին Քասախ համայնքի շենքերից մեկի նկուղում: Սակայն ժամանակավոր այս նկուղային կացարանը դարձավ նրանց երկարամյա պատիժը, որը մինչ օրս կրում են Մարիայի ավագ որդին, նրա կինն ու չորս երեխաները:

Նրանց բնակարան տանող նկուղային ճանապարհն անցնելը՝ առնետների ուղեկցությամբ, մթության ու կոյուղաջրերի գարշահոտությամբ լի միջանցքով, աներեւակայելի հերոսություն է պահանջում, իսկ մեկ սենյակում, բետոնե հատակի վրա, առանց խոհանոցի, բաղնիքի ապրելն ուղղակի խելագարության աստիճանի համբերություն, որն այլեւս չունեն:

Մարիայի հարսը՝ 36-ամյա Քրիստինե Թեւանյանը եւս փախստական է: Նրա ընտանիքը 1988-ին Ադրբեջանի Միրբաշիրի շրջանից բռնագաղթել է Մարտակերտ, այնուհետեւ՝ Երեւան, սակայն, երբ 1992-ին արցախյան ազատամարտում  զոհվում է Քրիստինեի 19-ամյա եղբայրը, նրա ընտանիքը կրկին տեղափոխվում է Արցախ՝ որդու թափված արյան հողը շենացնելու:

Քրիստինեն ասում է, որ իր չորս երեխաներից երկուսին իր համար է ունեցել, երկուսին՝ եղբոր փոխարեն:

«Բայց այստեղ, իսկապես. անհնար է, իսկ վերեւներում ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչքան դժվար է այս մթության ու խոնավության մեջ գոյատեւելը»,-արցունքները կոկորդում խեղդելով ասում է բազմազավակ մայրն ու գրկում 3 ու կես ամյա Մանեին, ով դեռեւս չի խոսում:

Մանեն  լսողության հետ խնդիրներ չունի, ամեն բան շատ լավ հասկանում է, սակայն, հավանաբար նկուղային կյանքի վախերի հետեւանքով, չի կարողանում խոսքով արտահայտվել, իսկ բուժման համար չունեն հնարավորություն:

Ավագ երեխաները՝ 11-ամյա Մարիան եւ 9-ամյա Վադիմը դպրոցում սովորում են գերազանց, հաճախում սպորտի, պարի ու, թեեւ նկուղում դաշնամուր ունենալու հնարավորությունից զրկված են, սակայն հաճախում են նաեւ դաշնամուրի դասերի ու հույսով սպասում, որ մի օր անպայման կունենան սեփական տունն ու դաշնամուրը:

«Ես ոչ ոքից ոչինչ չեմ ուզում, ընդամենը իմ հասանելիքը, ինձ համար նախատեսված չորս պատը: Ես չեմ ուզում, որ իմ երեխաները կրեն իրենց վրա փախստականի դրոշմը, տարիներ առաջ գոնե մեկ-մեկ հիշում էին, ծրագրեր էին իրականացնում, բայց  հիմա լրիվ մոռացված ենք»,-ասում է Քրիստինեն:

PrevPhoto
NextPhoto

Ինտեգրացիա, թե անտեսում?

Հայաստանում ապրող մոտ 200 հազար փախստականներից շատերն են մոռացված լինելու մասին խոսում, անգամ ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ բնակչության հարցերով նախկին զեկուցող Ջոն Գրինվեյն իր 2009-ի զեկույցը վերնագրել էր «Եվրոպայի մոռացված մարդիկ.երկարաժամկետ տեղաշարժի ենթարկված անձանց իրավունքների պաշտպանություն», որում նա մատնանշում էր սոցիալական լուրջ խնդիրները:

1988-1992 թթ ընթացքում Ադրբեջանից բռնագաղթեցին 360.000 հայեր, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում էլ տեղահանվեց մոտ 72.000 մարդ: Ընդհանուր առմամբ Հայաստան եկան ավելի քան 420 հազար փախստականներ, այսինքն` բնակչության 14 տոկոսը՝ ամեն 7-ից մեկը, այդ տարիներին փախստական էր:

«Այդ օրերին հայաստանցիները շատ զգացական ընդունեցին փախստականներին, անգամ անծանոթ մարդկանց տեղավորում էին իրենց տներում, մարդիկ այդ պահին իսկապես նեցուկ եղան իրենց եղբայրներին»,-ասում է Միգրացիայի պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

Սակայն տարիներ անց այդ զգացմունքները սառեցին ու փախստականներն անտեսվեցին ոչ միայն հասարակության, այլեւ կառավարության կողմից:

«Ինձ մեկ-մեկ թվում ա, թե մենք գերիներ ենք, սկի երեւի գերի ընկած ադրբեջանցիներին էս պայմաններում չեն պահում, մեզ բերեցին ստեղ գցեցին, քաղաքացիություն տվեցին ու համարեցին, որ մեր խնդիրները լուծված են, վերջ»,-զայրույթից հուզվում է 58-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը, ում ընտանիքը Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղից վերջինն էր դուրս եկել՝ թողնելով ամեն ինչ:

21 տարի է Մարտիրոսյանն իր 4 հոգանոց ընտանիքով ապրում է Աբովյանի հանրակացարանի 18ք/մ տարածք ունեցող սենյակ-բնակարանում, որը միաժամանակ ծառայում է որպես խոհանոց, ննջասենյակ եւ հյուրասենյակ, սանհանգույցը կիսում են հարեւանի հետ, իսկ լոգասենյակ՝ չունեն:

«Ախր, մեր կյանքի կեսն անցավ էս ժամանակավոր կոչված սենյակներում, բայց քսան տարուց ավել ա, մենք դեռ փախստական ենք, մեր երեխեքը ամաչում են, մեզ լրիվ առանձնացրել,մեկուսացրել են, աչքերն ու ականջները փակել են մեր խնդրի առաջ»,-ասում է Մարտիրոսյանը:

Եգանյանը եւս ընդունում է, որ փախստականների խնդիրների լուծումը «լիովին չի հաջողվել», սակայն հավաստիացնում է, որ 25 տարիների ընթացքում արվել է «անգամ անհնարը փախստականներին ինտեգրելու եւ աջակցելու համար»:

1994-ից ի վեր միայն ՄԱԿ-ի աջակցությամբ  20 մլն դոլար է տրամադրվել բնակարանների կառուցման նպատակով, 2004-ից ամեն տարի 3-5 մլն դոլար հատկացվել է պետական բյուջեից, միջազգային տարբեր կազմակերպություններ եւս իրականացրել են բնակարանաշինական  ծրագրեր, սակայն դեռ հազարավոր փախստականներ ապրում են անմարդկային պայմաններում:

Փախստականների խնդիրներով տարիներ շարունակ զբաղվող «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը վստահ է, որ այս տարիների ընթացքում միջազգային դոնորների գումարներով «լիովին հնարավոր էր արժանավայել լուծել ադրբեջանահայ փախստականների բնակարանային խնդիրը»:

«Պարզապես շատ բան է գրպանվել, այստեղ էլ կոռուպցիան մեծ դեր է ունեցել»,- ասում է Ասատրյանը. «Թե որքան գումարներ մսխվեցին նրանց կյանքը բարելավելու, ինտեգրելու ծրագրերի անվան տակ, չեմ կարող ասել, առ այսօր մենք չենք տեսել որեւէ լուրջ հաշվետվություն, թե  Հայաստանի իշխանություններն այս գործերի համար որքան գումար են ստացել, ինչի վրա եւ կոնկրետ որքան է ծախսվել»:

Ըստ նրա, Հայաստանը որդեգրել է ադրբեջանահայ փախստականների ինտեգրման քաղաքականություն, որն «իրականում ոչ թե ինտեգրում է՝ այլ մոռացության է մատնում Ադրբեջանում մարդասիրական աղետի ենթարկված ադրբեջանահայ փախստականների խնդիրը»:

«Անգամ մեր փախստականներից մեկը նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանին հարցրել էր, թե մինչեւ երբ է չլուծված մնալու ադրբեջանահայ փախստականների հարցը, ինչին ի պատասխան, Սարգսյանը զարմացել էր՝ ասելով. «Ի՞նչ է, Հայաստանում դեռ փախստականներ կան»,-ասում է Ասատրյանն ու վերհիշում մեկ այլ դեպք.

«Վերջերս էլ հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերի ժամանակ հայտնի քաղաքական գործիչը պատասխանելով ադրբեջանահայ փախստականների խնդրին վերաբերող հարցին՝ հայտարարեց. «Գիտեք, ես շատ լավ եմ վերաբերվում ազգային փոքրամասնություններին»:

Փախստականների «քաղաքական» մեկուսացումը

Բաքվի, Սումգայիթի ու Կիրովաբադի ջարդերից մազապուրծ ադրբեջանահայ փախստականների, ԼՂԻՄ-ից ներքին տեղահանվածների խնդիրները Հայաստանում ոչ միայն սոցիալական լուծումներ չգտան, այլ նաեւ քաղաքական մեկուսացման ենթարկվեցին, իշխանություններն այդպես էլ չօգտագործեցին փախստականների հզոր գործոնը, ի տարբերություն Ադրբեջանի, որը միջազգային բոլոր ատյաններում հենց այդ «գործիքով» է բազում հարցեր լուծում:

Ղարաբաղի նախկին արտգործնախարար, փախստականների հարցերով երկար տարիներ զբաղվող Արման Մելիքյանը վստահ է, որ միջազգային հանրության կողմից ադրբեջանահայ փախստականների նկատմամբ իրականացվում է «ակնհայտ խտրական մոտեցում, որն ունի քաղաքական դրդապատճառներ»:

«Նախ, ադրբեջանահայ փախստականների խնդիրը միանգամից կոտրում է այն ժամանակագրական տրամաբանությունը, որն առկա է Մադրիդյան սկզբունքներում, որտեղ հակամարտությունը դիտարկվում է 1992թ.-ից, այսինքն` Հայաստանն օկուպանտ-ագրեսոր է, նախահարձակ է եղել Ադրբեջանի վրա, իսկ փախստականների հոսքերն առաջացել են միայն պատերազմական գործողություններից հետո, լիովին մոռացվում են Ադրբեջանում տեղի ունեցածները»,-ասում է Մելիքյանը:

Մելիքյանը վստահ է, որ փախստականների անտեսումը «հստակ քաղաքական գիծ է, որը միտված է փախստականների հիմնախնդրի վերացմանը, այսինքն՝ անել ամեն ինչ, որ չլինի փախստականների խնդիր, իբրեւ թե ինտեգրել, վերջացրել ենք»:

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանն ասում է, որ բազմիցս դիմել ու հորդորել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ ներգրավված բոլոր կողմերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ ներառել ադրբեջանահայ փախստականների խնդիրը բանակցային օրակարգի մեջ:

«Ադրբեջանահայ փախստականների խնդիրն այսօր իսկ պետք է դառնա ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հիմնաքարերից մեկը, մինչդեռ ՀՀ արտգործնախարարի հետ ԱԺ-ում կազմակերպված հանդիպումներից մեկի ժամանակ նա ասաց, որ Ադրբեջանահայ փախստականների խնդրին կանդրադառնանք կարգավորումից հետո, դա այն դեպքում, երբ ադրբեջանական «Մեծ վերադարձի» ծրագիրը վաղուց  արդեն բանակցային սեղանին է եւ սպասում է իրագործմանը՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում»,- մտահոգվում է Ասատրյան:

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցն իր տրամադրության տակ ունի աշխարհով մեկ սփռված շուրջ 35 հազար ադրբեջանահայերի դիմումներ, որոնք խնդրում են ԼՂՀ իշխանություններին սատար կանգնել Ադրբեջանում իրենց կրած վնասների փոխհատուցման հարցում:

Ադրբեջանահայերը որպես կրած վնասների մասնակի փոխհատուցման ռեսուրս դիտարկում են իրենց նախկին հայրենիքի տարածքում ԼՂՀ ենթակայության տակ այսօր գտնվող ազատագրված տարածքները:

«Զարմանալի էր, թե որքան մեծ էր արձագանքը այս ծրագրի նկատմամբ, շատ դիմողներ Հայաստանում չեն, չունեն որեւէ սոցիալական խնդիր, սակայն մարդկային ողբերգությունը չի մոռացվում, փախստական լինելը սարսափելի հիշողություն է, որը մի քանի սերունդ դեռ կրում է իր մեջ: Իսկ անտեսել դա, փախստականներին երկու տասնամյակ պահել ծայրահեղ աղքատության մեջ, ուղղակի հանցագործություն է»,-ասում է Ասատրյանը:

Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարները՝  Նազիկ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ

Մարդկային պատմությունների այս շարքն անդրադարձ է հասարակության խոցելի խմբերի խնդիրներին՝ նպատակ ունենալով վեր հանել մերժված ու անտեսված մարդկանց կյանքի դժվարություններն ու օգնել նրանց հաղթահարել մարդկային անտարբերությունը:

Ճակատագրի հարվածներից դառնացած ու կյանքի լուսանցքում հայտնված մարդկանց շատերս հաճախ ոչ միայն անտեսում ենք, այլև պիտակավորում, վիրավորում ենք մեր անհանդուրժողականությամբ, մինչդեռ ցանկացած մեկս կարող ենք մի օր հայտնվել նույն կարգավիճակում:

Գուցե մենք չենք կարող լուծել նրանց խնդիրները, սակայն մենք պետք է լինենք հանդուրժող, քանզի նրանք հասարակության լիիրավ անդամ են և ունեն բոլորիս պես հավասար իրավունքներ:

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ.հասցե: [email protected]

Ֆեյսբուք:  https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր:   https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728