Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հանկարծ կենաց խմելիս մոռանում էին հարսի անունը, դա արդեն կռիվ էր»

Փետրվար 14,2014 14:30

Իրավական հարցերն ունե՞ն կարգավորիչ դեր ամուսնական զույգերի շրջանում

«Իմ ամուսնության ամենահետաքրքիր ժամանակահատվածը ճանապարհորդությունն էր, երբ առաջին անգամ դուրս եկանք Սովետական միության սահմաններից, գնացինք Օդեսա, այնտեղից նավարկեցինք»,- պատմում է 44-ամյա Նարինե Գալստյանը, ով 20 տարուց ավելի է, ինչ ամուսնացած է: Նա հավելում է, որ ճանապարհորդությունը գերադասել է հարսանյաց արարողությունը մեծ շուքով նշելուց: «Մեր ժամանակներում ուրիշ էր, հարսանիքները տանն էինք նշում, ու վիճաբանություններ շատ էին լինում, եթե հանկարծ կենաց խմելիս մոռանում էին հարսի անունը, դա արդեն իսկ կռվի տեղիք էր տալիս»,- ասում է նա:

Սիրո տոնի կապակցությամբ «Առավոտը» հետաքրքրվեց ամուսնական զույգերից, թե ինչ հետաքրքիր դեպքեր են պատահել ամուսնության ընթացքում, ինչ դժվարությունների եւ ինչ խնդիրների են բախվել ամուսինները եւ թե ինչպես ստեղծել ամուր ընտանիք:
30-ամյա Վահեն ասում է` հանգամանքների բերումով չի կարողացել ճանաչել դստեր հայրությունը, բայց պատրաստվում է լուծել այդ բացը: «Մենք պաշտոնապես չէինք գրանցել մեր ամուսնությունը: Երբ կինս ծննդաբերեց, ես Ռուսաստանում էի, գնացել էի աշխատելու, ցավոք, չէի կարող թողնել գործերս ու վերադառնալ, փաստաթղթերի հարցով զբաղվել»,- ասում է նա:

45-ամյա Լուիզա Պետրոսյանն էլ նշում է, որ ամուսնու հետ համատեղ ապրելու ընթացքում միայն մեկ անգամ է բախվել իրավական խնդրի հետ. առանձնատուն էին գնել սեփականատիրոջ ժառանգորդից, բայց մահացածի թոռը եկել ու պահանջել էր լքել տունը: «Մենք փաստաբան վարձեցինք, ով դատարանում մեզ ներկայացրեց որպես բարեխիղճ գնորդներ, ովքեր երբեք չեն միջամտել թոռ-ժառանգորդ հարաբերություններին: Բարեբախտաբար, ժառանգորդը, ով պահանջատիրոջ հորաքույրն էր, շահեց դատը, եւ մենք այլեւս խնդիրներ չունեցանք»,- ասում է նա:

50-ամյա Անժելան, խոսելով ամուսնական կյանքից, պնդում է` ամուսինների շրջանում վեճերն ու կռիվներն անխուսափելի են, սակայն դրանք լուրջ պատճառ չեն ամուսնալուծության կամ, որ ավելի վատ է, ամուսնու դեմ քրեական գործ հարուցելու համար: «Մարդիկ գազանների նման են, եթե միասին կիսում են կենցաղ կամ տարածք, ապա անպայման վիճում են: Բնական է, մեր հայրերի տանն ապրելու ժամանակ մենք մեր ծնողների, քույրերի ու եղբայրների հետ էլ ենք վիճել, բայց չենք զանգել «թեժ գիծ» ու բողոքել, ոնց որ հիմա են պրոպագանդում, ու ջահելները միամիտ-միամիտ իրենց տունն են քանդում»,- ասում է նա:

Կնոջ` աշխատելու իրավունքը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, ըստ էության, պարոն Անդրանիկը խախտում է օրենքը, թույլ չտալով կնոջը աշխատել եւ դասավորել իր կարիերան: «Կնոջ ամենակարեւոր գործառույթը երեխաներ ունենալն ու նրանց դաստիարակելն է: Ո՞վ ասաց, թե տանը նստելով՝ կինը չի աշխատում. նա էլ իր հերթին տան գործերն է անում ու երեխաներին խնամում»,- ասում է Անդրանիկ Հակոբյանը:
Նշենք, որ նորապսակների միությունը պաշտոնապես հաստատվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցում (զագս) իրականացնող մարմիններում: Մեր հարցմանը մասնակցած 6 ամուսնական զույգերից 2-ը գրանցված չէին ՔԿԱԳ-ում, իսկ մյուսներն իրենց ամուսնությունը պաշտոնապես հաստատել են տարիների ընթացքում: Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում ամուսնությունը հաստատելը օգնում է զույգերին հետագայում խուսափել դատական մի շարք խնդիրներից: 45-ամյա Հերմինեի համար ՔԿԱԳ-ում գրանցվելը նպաստավոր էր նաեւ սոցիալական տեսակետից: «Երբ 3-րդ երեխաս ծնվեց, մենք զագսավորվեցինք, որպեսզի բազմազավակության համար «Փարոս» ստանայինք»,- ասում է նա:

Աշխարհի մի շարք երկրներում ընդունված է նաեւ ամուսնական պայմանագրեր կնքելը: ՀՀ ընտանեկան օրենսդրության 7-րդ գլխի 27-րդ հոդվածը ամուսնական պայմանագիրը սահմանում է հետեւյալ կերպ. «Ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականություններն ամուսնության եւ (կամ) այն լուծվելու ընթացքում»:
Մեր հարցման մասնակիցներից ոչ ոք չի կնքել ամուսնական պայմանագիր, նրանք պնդում են, որ առանց դրա էլ իրենք երջանիկ են, քանի որ հարգում, սիրում, զիջում եւ միշտ ներում են միմյանց:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728