Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ընդդիմության խնդիրը՝ ե՞րբ անել

Փետրվար 20,2014 14:45

Լեւոն Զուրաբյանը վերապահումներ ունի «գազի հանձնաժողովի» մասով եւ կարծում է,
որ կառավարության անվստահության հարցում խորհրդարանական ընդդիմությունն
ընդհանուր հայտարարի կգա:

– Քաղաքական մեծամասնության կողմից «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը մերժելուց հետո խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Խոսակցություններ էին շրջանառվում, որ գալիք` փետրվարի 24-ին մեկնարկելիք քառօրյայում նախագիծը ներկայացվելու է: Արդյունք կա՞, նախագիծը ներկայացվելո՞ւ է:

– Գիտեք, երբ ես դեկտեմբերին հնչեցրեցի այդ խնդիրը, մեր հիմնական մոտեցումն այն էր, որ մենք կոնկրետ արդեն ունենք արձանագրված փաստ, որ գազի պարտքի կուտակումը հակասել է Սահմանադրությանը եւ արվել է ապօրինաբար՝ շրջանցելով ԱԺ-ն: Արդեն առանձին վերցրած այս փաստը, անգամ զուտ տեխնիկական առումով, բավարար է, որ այս կառավարությանն անվստահություն հայտնվի: Բայց երբ մենք հարցը քննարկեցինք չորս քաղաքական ուժերի ֆորմատով, բնականաբար, ամեն մի խմբակցություն լրացուցիչ ասելիք ուներ, եւ ամեն մեկը ներկայացավ իր նախագծով: Հիմա բանակցությունները շարունակվում են այդ ուղղությամբ, որ մենք ունենանք այնպիսի մի տեքստ, որը բավարարի բոլոր խմբակցություններին եւ արտահայտի բոլորի մոտեցումները:

– Թվում էր, թե հարցն այնքան պարզ է եւ բոլորի կողմից ընդունելի, բայց հիմա խնդիրը ո՞րն է, որ երկու շաբաթ բանակցում եք, եւ ընդհանուր հայտարարը չկա:

– Խնդիրը ես համարում եմ ավելի շատ «թայմինգի» խնդիր. ե՞րբ է դա ամենաարդյունավետը լինելու: Տարբեր տեսակետներ կան: Իհարկե, կան նաեւ բովանդակային պրոբլեմներ, բայց ավելի կարեւորը ճիշտ «թայմինգն է», ճիշտ ժամանակը գտնել այս հարցի արծարծման համար, որ դա առավելագույնս նպաստի այն քաղաքական նպատակների իրագործմանը, որոնք մենք այդ ձեւաչափով մեր առջեւ դրել ենք: Այնպես որ՝ այդտեղ շատ լուրջ հակասություն պետք չէ փնտրել: Տեսակետները տարբեր են լինում, բայց ես կարծում եմ, որ այս հարցում մենք կգանք ընդհանուր դիրքորոշման:

– Մի քանի օր առաջ ԱԺ նախագահի մոտ քննարկվեց «գազի հարցով» իր խոստացած հանձնաժողովը ստեղծելու նախագիծը, որին նաեւ Դուք եք մասնակցել: ՀՀԿ ներկայացուցիչներն ասում են, որ այս նախագծով ավելի լայն լիազորություններ են նախատեսված, քան ընդդիմության տարբերակում էր. դա այդպե՞ս է: Խմբակցությունում նախագիծը քննարկվե՞լ է, ի՞նչ մոտեցում կա:

– Խմբակցությունում հարցը քննարկելու ենք փետրվարի 20-ին եւ հենց այդ օրը մեր վերջնական դիրքորոշումը կհայտնենք ԱԺ նախագահին: Այնպես որ՝ այն, ինչ որ ասում եմ, իմ անձնական կարծիքն է. ես համարում եմ, որ այս նախագծում անպայման պետք է հստակ արտացոլված լինի, որ մենք պետք է ուսումնասիրենք նաեւ գազի պարտքի կուտակման օրինականությունը, ոչ միայն հիմնավորվածությունը, ինչն իրենք ընդգրկել են, որպեսզի ոչ ոք ապագայում չկարողանա այդ հանձնաժողովում դեմագոգիայով զբաղվել եւ ասել, որ գործընթացի օրինականության ուսումնասիրությունը չի մտնում ստեղծված հանձնաժողովի լիազորությունների մեջ: Սա պետք է բացառել: Կարծում եմ նաեւ, որ այդ թեմայի լայնարձակման մեջ խնդիր էլ կա, մի քիչ լղոզվում է հարցը: Մենք շատ կոնկրետ ենք դնում հարցերը, բայց երբ վերցնում ենք խնդիրների չափազանց մեծ սպեկտոր, դա կարող է լղոզել աշխատանքը, հանձնաժողովի գործունեության շեշտադրումները եւ մի քիչ էլ ժամանակային առումով բարդացնել աշխատանքը:

– ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը բավականին ուշագրավ դիտարկումներ արեց գազի կուտակված պարտքի, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի վաճառքի մասին: Այդ հայտարարություններից հետո քաղաքական մեծամասնության ներկայացրած նախագիծը, խնդիրները պարզաբանելու ցանկությունը վստահություն ներշնչո՞ւմ են:

– Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի ջղագրգիռ, մի քիչ էլ ագրեսիվ պատասխանները ԵԿՄ համագումարում եւ, այնուամենայնիվ, հանձնաժողովի ստեղծման գաղափարի ընդունումը ՀՀԿ-ի կողմից ցույց են տալիս, որ իշխանությունները բավականին ծանր վիճակում են հայտնվել: Մեզ հաջողվել է հասարակական կարծիք ստեղծել եւ պահանջկոտություն` իշխանության արածների վերաբերյալ: Իշխանությունը հասկանում է, որ իրենք սեղմված են անկյուն, իրենք հասկանում են, որ իրենց կեցվածքը դարձել է մի կեցվածք, երբ ոչ մի հարցին լուրջ պատասխան չեն տալիս եւ չունեն: Սա արդեն իրենց համար լուրջ խնդիր է առաջացնում հանրության մեջ, եւ նրանք հիմա փորձում են ինչ-որ պատասխաններ գտնել եւ նաեւ ստիպված են հանձնաժողով ստեղծելու գաղափարն ընդունել` ավելի ծանր մեղադրանքներից խուսափելու համար: Ամեն դեպքում, ես կարծում եմ, արդյունքը լավ էր, որովհետեւ ստիպեց իշխանություններին ընդունել պրոբլեմը եւ փորձել այն լուծել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728