Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. «Նաիրիտի» հարցով հանձնաժողովի նպատակն ինձ վարկաբեկելն է»

Փետրվար 26,2014 19:39

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի շուրջ զարգացումներին ու խորհրդարանական ամբիոնից երեկ հնչած`այդ դեպքերին իր եղբայրների հնարավոր առնչության վերաբերյալ մեղադրանքներին: Նա նշեց, որ ՀՀԿ պատգամավորների մտահոգությունները, որ հարց բարձրացնողներն իրականում շահագրգռված չէին հարցի մասնագիտական քննարկման մեջ, այլ միտված էին քաղաքական շահարկումներն` ապացուցվեց: «Բերեմ մի քանի փաստեր, որոնք հնչեցին երեկ պատգամավորների ելույթներում և որոնք բացարձակապես կապ չունեն իրականության հետ: Առաջինը, Չինաստանի հետ կապված պայմանագրի մասով՝ Չինաստանի պայմանագրին կառավարությունը հավանություն է տվել 2000 թվականին, բանակցությունները սկսել են 1999 թվականին, պայմանագիրը ստորագրվել է 2002 թվականին, իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005 թվականին: Եվ ակնհայտ է, որ այդ մեղադրանքները, որոնք կապում էին իմ անձի հետ, իմ եղբայրների հետ, անհիմն է, շինծու է և սուտ»,- ասաց նա:

Թե ի՞նչ նպատակ են հետապնդում իրենց ընդդիմախոսները, Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, սուտ տեղեկատվությունը կապելով իր անձի հետ, իր համոզմամբ մեկ նպատակ ունի` վարկաբեկել: «Այս փաստերը պարզելու համար, կարծում եմ կհամաձայնեք, հանձնաժողով ստեղծել պետք չէ, որովհետև կառավարության այս որոշումները, որոնք ես թվարկեցի, տեղադրված են մեր կայքում, և եթե մեր պատգամավորները ցանկություն ունեն, կարող են այդ բոլոր որոշումների հետ ծանոթանալ»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետն ասաց, որ այդ որոշումներն ընդունել են այն մարդիկ, ովքեր նստած են խորհրդարանի դահլիճում եւ նրանք քաջատեղյակ են, թե ինչո՞ւ է կառավարությունը 2000 թվականին որոշում կայացրել պայմանագիր ստորագրել չինացիների հետ՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար, ինչո՞ւ է կառավարությունը 2002 թվականին հավանություն տվել այդ պայմանագրին և ինչո՞ւ են այդ համատեղ ձեռնարկություն ստեղծել: «Այդ ժամանակահատվածում Արմեն Սարգսյանն ով այսօր մեր դեսպանն է Չինաստանում, ով պրոֆեսիոնալ դիվանագետ է, իր աշխատանքային գործունեությունն իրականացնում էր Միացյալ նահանգներում՝ որպես ռազմական կցորդ և Չինաստանում դեսպան է նշանակվել միայն 2008 թվականին»,- ասաց նա: Այս ամենն, ըստ Տիգրան Սարգսյանի, փաստում է, որ չինական պայմանագիրը, հոսքագծերի արտահանումը որևէ առնչություն չէր կարող ունենալ ոչ Տիգրան Սարգսյանի հետ, ոչ էլ նրա եղբայրների հետ: Տիգրան Սարգսյանը նշեց, որ երկրորդ փաստը, որը նույնպես ամրագրված է կառավարության որոշումներով, 2006 թվականի կառավարության որոշումն է, որով կառավարությունը նպատակահարմար գտավ Նաիրտի բաժնետոմսերը հանձնել «Ռայնովիլ» ընկերությանը: Այս փաստագրումներից հետո, վարչապետը կարծում է, որ հասկանալի է, որ 2006 թվականին ինքը չէր կարող այդ որոշումը կայացնել: Ուստի, մեղադրանքներն իր հետ կապելը, նա միանշանակ քաղաքական շահարկման հետեւանք է համարում`հավելելով, որ ակնհայտորեն իրենց հասցեագրված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Այնուհանդերձ, վարչապետը կարծում է, որ Նաիրիտի հարցով հանձնաժողով պետք է ստեղծել. «Ես դրանում շահագրգռված եմ և կարծում եմ պետք է ստեղծել այն բանից հետո, երբ որ կավարտվեն մեր բանակցությունները «Ռոսնեֆտի» հետ և արդեն հստակ պատկերացում կունենանք, թե այդ ներդրումներն ինչ հետևանքներ են ունենալու Նաիրիտի ու գործարանի աշխատողների առնչությամբ: Որպեսզի այս պահին մենք լրացուցիչ խոչընդոտներ չստեղծենք այդ բանակցային գործընթացի համար, կարծում եմ՝ պատեհ պահին Ազգային ժողովը կօգտվի իր այդ իրավասությունից, ինչի մասին երեկ ակնարկեց Ազգային ժողովի նախագահը»: Վարչապետը համոզված է, որ երբ հանձնաժողովը ստեղծվի, բովանդակային առումով այդ բոլոր մեղադրանքները կհերքվեն:

Անդրադառնալով գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքին՝ վարչապետն ասաց, որ բացարձակ սուտ են իր եղբոր վերաբերյալ տարածվող տեղեկատվությունները, թե նա մեծ գումարներ է ստացել աշխատանքից ազատվելուց հետո: Ըստ նրա, իրականությանը չի համապատասխանում նաեւ այն տեղեկատվությունը, որ իբր այդ մասին Նաիրիտ գործարանը համապատասխան տեղեկատվություն չի տրամադրել զանգվածային լրատվական միջոցներին: Գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցով էլ հորդորեց դիմել էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:

Վարչապետին խոսքով՝ 2006 թվականին որոշում էր ընդունվել Նաիրիտի բաժնետոմսերը տրամադրել Ռայնովիլ ընկերությանը, որպեսզի այդ ընկերությունը իրականացներ ներդրումներ և վերականգներ Նաիրտը: Հետագայում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այդ բոլոր գործառույթները չեն իրականացվել, որի հետևանքով այդ ծրագիրն, ըստ էության, չի հասել իր տրամաբանական ավարտին: Բնականաբար, ըստ նրա, տույժ-տուգանքների գործառույթները պետք է իրականացվեին, և այն հանձնաժողովը, որը կստեղծվի, այդ բոլոր հարցերին կտա սպառիչ պատասխան:

Անդրադառնալով «Ռոսնեֆտի» ներդրումային ծրագրին՝ վարչապետը նշեց, որ դա լրջագույն ծրագիր է, որը ծնվեց այն բանից հետո, երբ Նաիրիտում իրականացրեցին հետազոտական աշխատանք՝ գնահատելու համար, թե ինչպիսին են Նաիրիտի կարողությունները:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728