Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանը նվազեցնում է ոստիկանապետի և պաշտպանության նախարարի ազդեցությունը

Մարտ 10,2014 15:40

«Վերջին տասը տարիներին Հայաստանի քննչական համակարգը տարբեր փոփոխությունների է ենթարկվել, բայց արդյոք կառուցվածքային փոփոխությունները բերե՞լ են որակական փոփոխություններ Հայաստանում անցկացվող նախաքննությանը»,- այսօր Քննչական կոմիտեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Այս հարցին պատասխանելու համար, բանախոսն անհրաժեշտ է համարում մի քանի փաստ նշել՝ ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի, Ավետիք Բուդաղյանի, Մարտի 1-ի 10 սպանությունները, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած հարձակումները մինչ օրս բացահայտված չեն:

Նիկոլ Փաշինյանի մոտ, այս ամենից հետո, բնական հարց է ծագում` նախկին կառուցվածքային փոփոխությունները ինչո՞ւ որակական փոփոխության չեն բերել: «Պատասխանը պարզ է, որովհետև այդ փոփոխությունները, որպես կանոն, ունեցել են ձև և չեն ունեցել բովանդակություն, իսկ եթե ունեցել են բովանդակություն, այդ բովանդակությունը եղել է ոչ թե իրավական, այլ ներիշխանական ինտրիգային, կոնյուկտուրային, ինչ-որ տեղ նաև անձնավորված>,- ասաց պատգամավորը` հավելելով, որ նմանօրինակ մի նախագիծ է այսօր խորհրդարանը քննարկում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի գործընթացներից շատ թե քիչ տեղյակ յուրաքանչյուր ոք կիմանա, որ այս օրինագիծը իրականում օրենք է նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին: Եվ այսօր Ազգային ժողովն, ըստ նրա, ոչ թե օրենսդիր իրավական հարց է լուծում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու գործակալի կարգավիճակը: «Այս պատմությունը ծագեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը որոշեց Աղվան Հովսեփյանի թեկնածությունը հերթական անգամ չառաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում: Չառաջադրեց ոչ թե այն պատճառով, որ Աղվան Հովսեփյանն արժանի էր պաշտոնանկ արվելու Գլխավոր դատախազի պաշտոնից՝ որպես կոռումպացված, որպես քաղաքական հետապնդումներ իրականացնող, որպես սպանությունների բացահայտմանը խոչընդոտող անձնավորություն, այլ Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ արեց լրիվ ուրիշ՝ կոնյունկտուրային պատճառներով: Աղվան Հովսեփյանը իշխանության ներսում ուներ բավական լուրջ լծակներ: Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ անելով՝ ընդամենն ուզեց բյուրոկրատական իշխանական թիմին, որ ինքն առաջվա նման լիարժեք տիրապետում է իշխանական լծակներին: Հիմա հարց կծագի՝ ինչո՞ւ է հիմա նշանակում, պատասխանը պարզ է՝ նա չի ուզում, որ Աղվան Հովսեփյանը իր ստվերային և այլ կապերով համալրի Սերժ Սարգսյանի իշխանությունից դժգոհողների բանակը: Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը նմանօրինակ մի կոմբինացիա էլ Հովիկ Աբրահամյանի հետ իրականացրեց՝ խորհրդարանական ընտրություններից առաջ նրան պաշտոնանկ անելով, խորհրդարանական ընտրություններից հետո նրան բերելով նույն պաշտոնին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝, քանի որ այս օրինագիծն Աղվան Հովսեփյանի ղեկավարած խումբն է ստեղծել, Աղվան Հովսեփյանն էլ, առիթից օգտվելով, որոշել է իր համար որոշակի սփոփիչ մրցանակներ սահմանել: Նիկոլ Փաշինյանը հեգնանքով նկատեց, որ Աղվան Հովսեփյանն համեստ է գտնվել, որ օրինագծով ինքն իր համար գեներալ-լեյտենանտի կոչում է կանխորոշել: Արդարադատության պետական խորհրդականի կոչումը, Փաշինյանի կարծիքով, նրան ըստ ամենայնի սկսել է իրեն չբավարարել:

Սերժ Սարգսյանն այսպիսով, Փաշինյանի համոզմամբ, մի քանի կոնյուկտուրային հարց է լուծում» Մասնավորապես, որոշակի նվազեցնում է ոստիկանապետի և պաշտպանության նախարարի ազդեցությունը. «Ըստ ամենայնի, նրանցից մեկի մոտ որոշակի քաղաքական ամբիցիաներ է նկատում, իսկ մյուսին տեսնում է, որ ուրիշներն են փորձում քաղաքական առաջնորդի դերակատարում վերապահել: Մյուս կողմից, այս քայլով Սերժ Սարգսյանն ուժեղացնում է իր կողմից նշանակած վարչապետին, ով ի հեճուկս բոլոր ջանքերի, այդպես էլ չի կարողանում ուժեղանալ: Բայց մի հատ էլ են լծակ տալիս՝ Հատուկ քննչական  ծառայության պետի թեկնածու առաջադրելու լիազորությունն այս օրինագծով Գլխավոր դատախազից վերցվում է, տրվում է վարչապետին, Քննչական կոմիտեի նախագահի թեկնածությունն էլ էլի առաջարկում է վարչապետը»:

Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկելու նախագծին: Նա կոչ արեց, որ բոլորը դեմ քվեարկեն. եթե բոլորը դեմ քվեարկեն, Աղվան Հովսեփյանն աշխատանք չի ունենա, կմնա գործազուրկ և կդառնա բավական երիտասարդ թոշակառու: «Եվ երբ որ նա դառնա բավական երիտասարդ թոշակառու, համոզված եղեք, որ մի քանի ամսից նա կնկատի, թե ինչպիսի հրեշավոր ու կոռումպացված համակարգ է Գլխավոր դատախազությունում, թե ինչպիսի հրեշավոր մեթոդներով են Հայաստանում վարում նախաքննությունը: Եվ երբ որ այս ամենը նկատի, նա միանգամից կդառնա մարդու իրավունքների պաշտպանության, արդարության, ազատության մարտիկ, կսկսի պայքարել հանուն իշխանափոխության: Եվ երբ որ այս ամենից հետո Աղվան Հովսեփյանը համալրի իշխանափոխություն կատարողների բանակը, գուցե նրա ներուժն էն պակասող դետալն է, որ Հայաստանում իշխանափոխություն անելու համար պայքարողներին չի բավարարում՝ այդ իշխանափոխությունն անելու համար: Եվ ես այս նկատառումներով դեմ եմ քվեարկում, որ Աղվան Հովսեփյանն ի վերջո միանա հանուն պայծառ ապագայի մղվող պայքարին: Ի վերջո ումից է պակաս Աղվան Հովսեփյանը»,- սարկազմով նկատեց պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31