Գետերի համաշխարհային օրը նշվում է 2005 թվականից՝ ամեն տարի սեպտեմբերի չորրորդ կիրակի։ Օրն ընդգծում է գետերի արժեքը մարդկանց և բնության համար, բարձրացնում է հանրային իրազեկվածությունը և խրախուսում գետերի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։ Աշխարհի տարբեր տարածաշրջաններում գետերը բախվում են մի շարք սպառնալիքների՝ աղտոտում, ջրառի աճող ճնշում, գետերի հոսքի փոփոխություն և կլիմայի փոփոխության հետևանքներ։ Գետերի և դրանց էկոհամակարգերի պահպանությունը պահանջում է ոչ միայն պետական և մասնագիտական, այլև համայնքային ու հանրային մասնակցություն։
Հայաստանի լեռնային գետերը
Հայաստանում հաշվվում է մոտ 9500 փոքր և միջին գետ ու ջրային հոսք՝ շուրջ 25 հազար կմ ընդհանուր երկարությամբ։ Հայաստանի գետային ցանցը հիմնականում կազմված է լեռնային, համեմատաբար կարճ գետերից և բազմաթիվ փոքր ջրային հոսքերից։ Գետերը սնվում են ձնհալից, տեղումներից և ստորերկրյա ջրերից։
Այս գետերն ու դրանց ավազանները կարևոր դեր ունեն համայնքների ջրամատակարարման, գյուղատնտեսության և այլ ջրօգտագործումների համար։ Դրանք նաև կենսամիջավայր են ձկների, թռչունների և այլ կենդանատեսակների համար։
Լեռնային գետերը միաժամանակ խոցելի են։ Հայաստանի որոշ գյուղական և հեռավոր համայնքներում աղբահանությունը դեռ բավարար չէ, և աղբը հաճախ հայտնվում է գետերի ափերին կամ ուղղակի ջրում։ Հորդացումների և բարձր հոսքի ժամանակ գետը ափերին կուտակված աղբն ու աղտոտիչները տանում է ներքև՝ ջրամբարներ և լճեր։
Սևանա լիճը՝ լեռնային գետերի հայելին
Սևանա լիճը Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճն է և Հայաստանի համար ռազմավարական նշանակության քաղցրահամ ջրային պաշար։ Սևանա լիճ են թափվում շուրջ 28 մշտական և ընդհատվող գետ ու մի շարք աղբյուրներ, իսկ լճից դուրս է հոսում Հրազդան գետը։ Սևանին ջուր է հասնում նաև Արփա-Սևան ջրատարով, որը ջուր է տեղափոխում Արփա գետից։
Սևանի ջրային ռեսուրսներն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով, այդ թվում՝ Արարատյան դաշտի ոռոգման և Սևան-Հրազդան կասկադում էլեկտրաէներգիայի արտադրության համար։
Սևանում ջուրը դանդաղ է փոխանակվում, ուստի գետերով լիճ հասնող աղտոտիչներն ու սննդանյութերը երկարաժամկետ ազդեցություն են ունենում ջրի որակի և էկոհամակարգի վրա։
Սևանի երկարաժամկետ պահպանության համար կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն լճին, այլև այն սնուցող գետերի և ամբողջ ջրհավաք ավազանի վիճակին։
«Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագիրը՝ ուղղված լեռնային գետերի պահպանությանը
«Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) կազմակերպությունը GRÜNE LIGA Berlin e.V.-ի հետ իրականացնում է «Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։ Ծրագիրը կենտրոնանում է Սևանը սնուցող գետերի՝ Գավառագետի, Մասրիկի, Արգիճիի և Արփայի վրա և ներգրավում է Գեղարքունիքի ու Վայոց ձորի համայնքների բնակիչներին։
Աշխատանքն ընթանում է երկու ուղղությամբ՝
Կամավորական խմբերի վերապատրաստումներ։ Համայնքների ներկայացուցիչներն իմանում են, թե ինչպես է աղբը հայտնվում գետում և ինչ վնաս է հասցնում, ապա քննարկում են, թե ինչ կարող է անել համայնքը՝ այն կանխելու համար։
Գետերի մաքրման ակցիաներ։ Դասընթացից հետո կամավորները մաքրում են գետերի ափերը, տեսակավորում են հավաքված աղբը և այն ուղարկում վերամշակման։ Աշխատանքների ընթացքում արձանագրվում են նաև ամենից հաճախ հանդիպող թափոնները. դրանք հիմնականում ձկնորսական ցանցեր և կենցաղային աղբ են։
«Ձայներ լեռնային գետերից» մրցույթ
FPAN-ը հրավիրում է լրագրողներին, բլոգերներին, լուսանկարիչներին և կամավորական խմբերին մասնակցելու «Ձայներ լեռնային գետերից» մրցույթին՝ բարձրացնելու իրազեկվածությունը լեռնային գետերի պահպանության կարևորության մասին։
Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 10-ը երեք անվանակարգում՝ տեսանյութ, լուսանկար և հոդված։
Մրցանակը՝ պրոֆեսիոնալ նկարահանման տեխնիկա և Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի միջոցառումներին մասնակցելու հնարավորություն։
Մանրամասները՝ https://fpan.am/hy/projects/maqur-apaga-hayastani-lernayin-geteri-hamar/dzayner-lernayin-geteric
FPAN-ի մասին
«Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) հասարակական կազմակերպությունը Հայաստանի տեղական հարթակն է, որն իրականացնում է բնապահպանական և կայուն զարգացման ծրագրեր՝ միավորելով բնության պահպանությունն ու համայնքների զարգացումը։ FPAN-ը շարունակում է Հայաստանում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից ավելի քան 15 տարի իրականացված բնապահպանական ծրագրերի փորձը՝ համագործակցելով տեղական համայնքների, պետական կառույցների, միջազգային գործընկերների և մասնավոր հատվածի հետ։ Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են կենսաբազմազանության և բնական լանդշաֆտների պահպանությունը, կայուն գյուղական զարգացումը, բնահեն զբոսաշրջության խթանումը և Հայաստանում գործող ընկերությունների ներգրավումը բնապահպանական նախաձեռնություններում։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


















































