Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն տղամարդ գրողներ եւ փոքրիկ աղջիկներ

Մարտ 28,2014 14:00

Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ

-Այսօր, ինչպես անցյալ դարի 80-ականների վերջին, նախկին սովետմիության տարածքը եռացող խառնարան է հիշեցնում. մեր աչքի առաջ աշխարհի վերաբաժանման հերթական գործընթացներն են ընթանում, եւ ավելի քան պարզորոշ է՝ նախկին երկաթյա վարագույրին փոխարինելու է գալու մի նոր վարագույր: Աշխարհը փոխվել է եւ այն, որ մեր օրերում երկու բեւեռները բաժանող վարագույրը մետաղական չի լինի, այլ առավել փափուկ, գուցե նաեւ՝ թափանցիկ նյութից, ակնհայտ է, բայց աշխարհի` որոշակիորեն հստակ եւ կարեւոր դերակատարները նոր քարտեզ են գծում: Այս համատեքստում բեկվող-բախվող տարբեր մշակույթներից ու քաղաքակրթություններից ի՞նչ է հունցվում…

-Պատմությունը բումերանգի հանգույն է. երբ կազմավորվում էր Խորհրդային միությունը, արհեստականորեն պատմական ասպարեզ բերեցին ցեղերի, որոնցից մեկն էլ մեր մերձավոր հարեւան Ադրբեջանն էր: 1918 թվականին չեղած տեղը պատմական Ատրպատականի տարածքի վրա պետություն ստեղծելով՝ կովկասյան թաթարներին դարձրին ազգ՝ ազարբեյջանցի, որոնք այսօր ոչ միայն մեր, այլեւ մեծ Իրանի, բազում այլ ցեղերի կոկորդին են խրված: Թալիշներ, դաղստանցիներ, լեզգիներ կային, եւ այլն, այդ բոլորին չբերեց, կովկասյան թաթարներին բերեց: Պատմությունը ոչ մի սխալ բան չի ներում, քանզի այսօր Ռուսաստանը Ղրիմում, նաեւ Ղրիմի թաթարների հետ պրոբլեմներ ունի եւ դեռ ունենալու է: Եվ որպեսզի պատկերը լրիվ ամբողջական դառնար, սկսեցին մշակութային դիմագիծ կերտել: Ամեն ցեղ էլ ուներ իր յուրօրինակ մշակույթը, ավանդույթները, սակայն նրանց ազգ դարձնելու համար Մոսկվան սկսեց նոր քաղաքակրթային հեղափոխություն անել՝ այդ ցեղերի համար գրողներ, երաժիշտներ, մի խոսքով մշակութային պատմություն կերտելով` ամեն մեկից մի նմուշ: Ասենք, այդպիսի մի ցեղի հետեւում կանգնած էր Մոսկվայում նստած «գրող», որը նրանց փոխարեն գրում էր: Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց նույնիսկ շատ նշանավորներ կային, որոնց կերտում էին Մոսկվայում նստած արհեստավարժները: Ամեն ինչ որոշում էր Մոսկվան, ասենք, թույլ էին տալիս ամեն հանրապետության մի գրող ունենալ, մի երաժիշտ, մի ճարտարապետ, որոնց Մոսկվան ընդունում էր, մյուսները՝ հիմքի մեջ լցվող խիճի նման ոտնատակ էին գնում…

-Միջինասիական հանրապետությունների, ասենք՝ ուզբեկների, ղրղզների մոտ թերեւս այդպես կկարողանային անել, բայց ասել, թե Հայաստանում էլ այդպես էր, Հայաստանն էլ ենթակա էր այդ մտավարժանքներին…

-Ստոպ, ղրղզները իրական հանճար ունեին` Չինգիզ Այթմատովը, թեեւ նա էլ ռուսերեն էր գրում: Հենց ենթակա էր, Հայաստանում բացառիկ տաղանդավոր մարդիկ կային, բայց…

– Եվ ո՞վ էր մերոնց մեջ այդ միակը, որն արժանացել էր Մոսկվայի համակրանքին…

-Մեծն Հրանտ Մաթեւոսյանը, իսկապես մեծ, ես սա ասում եմ ի խորոց սրտի, համաշխարհային չափանիշներին դիմացող Հրանտ Մաթեւոսյանը, բայց չէ՞ որ իր շուրջը կային լիքը տաղանդավոր մարդիկ: Իմ սերնդի կյանքը ոտնատակ գնաց Հրանտ-Վարդգես մրցակցությանը, վերջինիս հավակնություններին, որովհետեւ նա ձգտում էր զուգահեռ գնալ իր ադմինիստրատիվ ողջ հնարավորություններն օգտագործելով: Ինքը Գրողների միության նախագահը լինելով՝ փայլուն կազմակերպիչ էր, ուներ հսկայական լծակներ եւ այդ մրցակցության ժամանակ ոտնատակ գնացին Հրանտի ու Վարդգեսի սերնդակից տաղանդավոր շատ գրողներ, նաեւ իմ սերունդը: Ոնց որ մշակութային- քաղաքացիական պատերազմ էր՝ հրանտակա՞ն ես, թե՞ վարդգեսական: Շատ բաներ, բնականոն ընթացող պրոցեսներ ոտնատակ գնացին: Եվ այսօր մենք շատ տխուր մի փաստի առաջ ենք կանգնած՝ նոր սերունդ է եկել, որը բացարձակ կապ չունի այս պատմությունների հետ, տեղյակ էլ չի, որ հսկայական մշակութային ժառանգություն է ինքը ստացել: Չեմ կարծում՝ այդքան սիրում եւ մեծարում են Հրանտին, որքան ես, պարզապես խոսում են, ասում՝ սա էլ է նույն իներցիայով գալիս:

– Այն, որ այսօր արժեքների, այդ թվում՝ գրողներին գնահատելու առումով մեզանում անչափանիշ վիճակ է, ակնհայտ է: Ես գովազդային պաստառներ եմ տեսել Երեւանում, ուր գրված է՝ «կարդալը մոդայիկ է»: Կան նաեւ մոդայիկ հեղինակներ, ասենք, ժամանակին, Վանո Սիրադեղյանը մոդայիկ էր, իսկ հիմա նրա անունը տաղանդավոր գրողների թվում գրեթե չի հիշատակվում:

– Առաջ էլ, եթե խոսում էին, ապա՝ քծնանքով…Բայց ես հիմա պիտի մեղավոր եւ ցավագին մի բան ասեմ՝ կյանքից անժամանակ հեռացած Լեւոն Խեչոյանը շատ տաղանդավոր գրող էր, սակայն երբ Խեչոյանի մասին խոսում են այնպես, ասես նրա կողքին իր սերնդակից այլեւս ոչ ոք չի կարող ծլպտալ, ես դրան շատ հիվանդագին եմ վերաբերվում: Չափի զգացման պակաս ունենք մենք՝ եւ մեծարման, եւ փնովելու մեջ: Չի կարելի ոտնատակ տալ մնացածին: Տեսեք թե՝ ինչ փառահեղ անուններ եմ թվարկում՝ Մուշեղ Գալշոյան, Հովհաննես Մելքոնյան, Զորայր Խալափյան, Վարդգես Պետրոսյան, Մանուկ Մնացականյան… Իրենք ռուս լավագույն գրողների հետ արժանապատվորեն մրցում էին եւ մեր ազգային նկարագիրը տալիս: Նրանց բերած մշակույթով էր պահվում ազգային դիմագիծը, եւ այդ կերպ էինք մենք ռուսական սապոգի տակ տեղի ունեցող համահարթեցման դեմ պայքարում: Մուշեղ Գալշոյանից առաջ կար հրաշալի Խաչիկ Դաշտենցն իր «Ռանչպարների կանչ»-ով ու «Խոդեդան»-ով: Նա էլ Մահարիի շարունակությունն էր … Խաչիկ Դաշտենցից առաջ կար Մահարին, Բակունցը եւ հանկարծ, մեկ էլ՝ Դաշտենցից հետո՝ Մուշեղ Գալշոյանն ու Հովհաննես Մելքոնյանն են գալիս: Լեւոն Շանթից ու Ահարոնյանից հետո՝ իր հրաշալի էսսեներով գալիս է Վարդգես Պետրոսյանը, շատ ակտիվ տեսակ… Թոթովենցից հետո մեկ էլ գալիս է սքանչելի բարեկիրթ, ազնվական Աղասի Այվազյանը: Այսինքն, շղթան շարունակվում է:

-Ես էլ կավելացնեի՝ Վիգեն Խեչումյան, Աբիգ Ավագյան, Վարդան Գրիգորյան…

-Իսկ Վիգեն Խեչումյանի անմիջական ժառանգը Արմեն Մարտիրոսյանն էր՝ իր հրաշալի «Մազե կամուրջ» վեպով: Կորուսյալ աշխարհներ էին իրենք վերականգնում: Անհավատալի տաղանդավոր, Վարդան Գրիգորյանի «Դար կորստյան» վեպը ցնցող երեւույթ էր, եղբայրը, հրաշալի Վահագն Գրիգորյանը՝ համեստագույն մտավորական, մի խոսքով, մարդիկ, որոնք շատ արժեքավոր, տաղանդավոր ներկայություն են մեր գրականության մեջ, բայց՝ որոնք իբր թե չեն եղել: Էլ պոեզիայի մասին չեմ խոսում…Հիմա այսօր Լեւոն Խեչոյանը գնաց, բայց իր կողքին շատ տաղանդավոր էլի մարդիկ կան: Չեմ ուզում դուռը փակել Խեչոյանով, թե՝ մենք էլ պիտի հրաշքի չհավատանք: Թե՝ Լեւոն Խեչոյանից ավելի մեծ գրող չենք կարող ունենալ: Հասկանում եք՝ այդ փակելը լավ բան չէ: Հաստատ, Լեւոն Խեչոյանը նման բան չէր ուզի կամ երազի:

-Յուրաքանչյուր սերունդ իր առանձնահատկությունն ունի: Ձեր սերունդը ճակատագրի բերումով եւ երկար ժամանակ դատապարտված էր կրելու «երիտասարդ սերունդ» որակումը: Հրաշալի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի կարծիքով՝ ձեր սերնդի պրոբլեմը ուշացած լինելն էր…

– Բայց չէ՞ որ մի ամբողջ գրականության ինստիտուտ է աշխատում, որը, չգիտես ինչու, թույլ է տալիս, որ ոտնատակ գնա մի ողջ սերունդ: Հրաշալի արձակագիրներ կան, պոետները մի քիչ ավելի ակտիվ են, կարողանում են ջրի երեսին մնալ, արձակագիրները՝ ոչ: Այսօրվա օրը իմ սերնդակիցները գրեթե մոռացված են, մի Գուրգեն Խանջյանի անուն է տրվում, որին, անձամբ ես իբրեւ ազգային գրական արժեք շատ վիճելի եմ համարում: Ես այսպես հանգիստ անթույլատրելի բաների մասին եմ խոսում, քանի որ մրցակցության մեջ չեմ, գործնական իմաստով ակտիվ գրողական կյանքով չեմ ապրում, բայց մեջս ցավ կա, անվերջ հետեւում եմ գրական թոհուբոհին. եթե նոր սերունդը այսինչ անունը տալիս է, մյուսներին չի տալիս, ուրեմն, ինչ, նրանք գոյություն չունե՞ն: Չեմ խանդում, ոչ թե որովհետեւ մեջս խանդ չկա, այլ որովհետեւ վաղուց յուրացրել եմ, որ վայրենության մակարդակի գռեհիկ է վերաբերմունքը Հայաստանում կին գրողների նկատմամբ: Թվում է՝ այս երկրում միայն տղամարդ գրողներ են ապրում կամ տարաշխարհիկ ինչ-որ աղջկերք, որոնց այս սերունդը թողնում է, թույլ է տալիս… Բայց իմ սերնդի մեջ այնքան շնորհքով կանայք կային, մոռացվեցին, ոտնատակ գնացին: Այսօր էլ նույնն է՝ տաղանդավոր բանաստեղծ Կարինե Աշուղյանը գիրք տպագրում է, բայց գրական պրոցեսը երբ արժեւորվում է, նրա անունը չի շոշափվում: Եվ կամ՝ բանաստեղծուհի Հռիփսիմեն, որը շատ քնքուշ կանացի պոեզիա է բերում, բայց դարձյալ՝ գրական գործընթացի մեջ չկա:

-Լավ, այսպես ասեմ՝ ովքեր պիտի լինեն այն լավ իմաստով ցենզորները, լավը վատից, ցորենը որոմից, արժեքավորն անարժանիից, ավել-պակասն իրարից զատող, զանազանողները: Չափանիշներ սահմանողները չկան, իսկ նրանք, ովքեր այս ոլորտում ճշգրիտ, օբյեկտիվ գնահատողներ պիտի լինեին, այսօր լուռ են, կամ էլ՝ այլ ոլորտներում են գործում՝ դաշտը թողնելով ինչ-որ անհասկանալի անձանց…Ի դեպ, այս երեւույթը համատարած է, բոլոր ոլորտներին է վերաբերում:

– Ես էլ՝ որպես շարքային քաղաքացի, նստած նայում եմ՝ մտածելով շատ բաների մասին. մեծաբերան- մեծաբերան մարդիկ են խոսում, որոնք այս երկրում մշակութային տերեւ չեն շարժել եւ գնահատականներ են տալիս, ընդ որում՝ վետտոյի իրավունքով …Արդյունքում՝ երբ բացում ես եւ տեսնում, թե ովքեր են հայ գրականության դասագրքում տեղ գտած հեղինակները, ապշահար ես ուղղակի լինում: Ովքեր են կազմում էս դասագրքերը, ինչ սկզբունքներով են առաջնորդվում, անհասկանալի է: Թվարկածս տաղանդավոր գրողներից քանի՞սը տեղ ունեն դասագրքերում: Տնից դուրս չեմ գալիս, հավակնություններ չունեմ, սակայն, այնուամենայնիվ, ինձ շատ հուզում է ԳՄ- ում կատարվող գործընթացները: Գիտեք, բոլորս էլ մի քիչ ավելի լավ գրքեր էինք կարդում, քան ասենք՝ Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ»-ն էր: Բայց դա ոչ մի կերպ չէր խանգարում, որ երբ Սերո Նիկոլաեւիչը գալիս-մտնում էր ԳՄ, բոլորս ակնածանքով ընդունեինք, քանի որ մեր առջեւ Սերո Խանզադյանն է կամ՝ ասենք՝ Մկրտիչ Սարգսյանը: Ի դեպ, նրանք, նաեւ Համո Սահյանը, Վահագն Դավթյանն ու Հրաչյա Հովհաննիսյանը շատ հետաքրքիր, շատ տաք ներկայություն էին մեր կյանքում: Հիմա երբ պատմում են, թե ովքեր են եղանակ ստեղծում ԳՄ-ում, քիչ է ասել, թե զարմանում եմ: Ցավոք, շատ տաղանդավոր Լեւոն Խեչոյանը չէր այնտեղ եղանակ ստեղծում, այլ՝ բոլորովին ուրիշներ: Փաստորոն, «լյուբիմչիկի» կարգավիճակով անձանց կողմից բարոյական բռնազավթում է տեղի ունեցել, ինչ-որ 3-րդ տեսակ է եկել՝ որոշումներ կայացնում, մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն գրական պրոցեսի հետ: Մարդիկ, որոնց խոսակցության մեջ ասում են՝ ճ կլաս: Ճ կլասի մարդիկ են այսօր ԳՄ-ում վարչարարությամբ զբաղված: Միջակությունը երբեք թույլ չի տա, որ հանկարծ մի քիչ գունավոր երեւույթ իր կողքին հայտնվի: Ես որեւէ անձնական բան չունեմ Էդվարդ Միլիտոնյանի դեմ: Հումորով, համով-հոտով տղա է եղել նա, բայց ինքը չպիտի որոշեր՝ գրական պրոցեսը ոնց գնա: Այսինքն, բաներ են կատարվում, որոնք շատ ցավագին եմ ընդունում: Այ դու նախանձախնդիր ձեւով ուզում ես, որ չմոռացվի Աղասի Այվազյանը, բայց Աղասի Այվազյանը մի ամբողջ մշակույթ է՝ իր իմացությամբ, ինտելեկտով, իր գունավոր աշխարհով, իր զարմանալի անսովոր սիրով՝ առ հայրենիք: Որովհետեւ իր սերը, կներեք, մոլագարության է հասնում: Կարդում եմ գիրքդ («Հանդիպումներ Աղասի Այվազյանի հետ» Ա. Ե.), ու մեկ-մեկ վիճում եմ իր հետ: Ասում եմ՝ այս ինչ է ասում, հետո հասկանում եմ, որ ինքը խեւության աստիճան սիրում է իր երկիրը, ինքն օբյեկտիվ չի, բայց ես ընդունում եմ այդ սիրո խեւությունը: Այսօր իր անունը զոռով հիշեցնում են մի քանի մարդիկ, բայց դա պետությունդ չի, անհատ մարդիկ են: Ցավոք, մշակութային մամուլ էլ չունենք, Մերուժանի «Անդինը», որքան էլ ասեն՝ լավ ամսագիր է, բայց ի՛նչ տպաքանակ ունի, «Գարուն» չի էլի, որը հեռավոր գյուղեր էր հասնում անգամ: Մեր ժողովուրդն այսօր հենված չի իր հոգեւոր-մշակութային հիմքին, բոլորովին ուրիշ հիմքերի, ավազի վրա կառուցված տներում ենք ապրում մենք, իսկ սա շատ ցավալի է:

-Ի դեպ, տղամարդկանց հանրության՝ կանանց հանդեպ վերապահումների թեման ինձ այնքան էլ չի համոզում, դուք զուտ գրողական շրջանակներին եք անդրադառնում, բայց կրթամշակութային, հումանիտար ոլորտներում կանայք իշխող տեղ ու դեր ունեն: Ի վերջո, եթե դիտարկելու լինենք մեդիա ոլորտը, մեր տպագիր ու էլեկտրոնային թերթերի խմբագիրների կեսը կանայք են:

-Ըստ իս, կանանց հանդեպ վերաբերմունքի ցուցադրական դրսեւորումն է մեր հանրությանը հատուկ, իսկ դրանից անդին՝ գրեթե բոլոր ոլորտներում կանանց նվաստացնում են: Մինչդեռ հայ տղամարդիկ պիտի շնորհակալ լինեն հայ կանանց. ամենադժվար տարիներին Հայաստանում հ/կ-ների ղեկավարները հիմնականում կանայք էին եւ հենց հայ կանայք կարողացան երկիրը քաղաքացիական պատերազմից զերծ պահել: Նրանք կարծես մոռացել են, թե հայ կանայք մեզանում ինչ լուրջ ներկայություն են: Սա դեռ մի կողմ, բայց երբ մենք ինքներս մեր նկատմամբ նրբանկատ չենք: Կինը կնոջը պիտի կարողանա հանդուրժել, բայց՝ ոչ… Բանը հասել է նրան, որ նույնիսկ «Նվիրիր կյանք» հիմնադրամի հանգույն մարդասիրական, բացառիկ կարեւոր ծրագրի նկատմամբ են ոմանք անթաքույց թույն թափում: Շուրջ 2 տասնամյակ լինելով ՀՕՄ-ի ղեկավարներից մեկը՝ զբաղվել եմ որբ ու հիվանդ, զոհված ազատամարտիկների երեխաներով, այսինքն՝ թեման շատ ինձ սրտամոտ է: Եվ հենց ինքս եմ առիթ ունեցել արյուն առաջարկելու հիվանդ երեխայի համար, բայց ինձ անալիզներ արեցին եւ ասացին, որ չի կարելի, նախ՝ ծխում եմ, ապա նաեւ՝ երիկամների խնդիրներ ունեի: Մի կողմից տխրեցի, մյուս կողմից՝ ուրախացա, որ այդքան մանրամասն հետազոտում էին, ուշադիր էին խնդրի հանդեպ: Այնպես որ, վերջերս շատ զարմացա, երբ «Հրապարակ» թերթի խմբագիրը մի շարք հրապարակումներ նվիրեց լեյկեմիայով հիվանդ երեխաների համար արյուն հանձնող անձանց՝ փորձելով վարկաբեկել եւ՛ ակցիան, եւ՛ ակցիայի մասնակիցներին: Թվում է՝ ինքը պիտի հասկանար, որ ամեն մեկից արյուն չեն վերցնում, որ այդ քայլին գնացողներն արդեն իսկ լավ բան են անում: Նրա մեղքը չի, որ իր արյունը պետք չեկավ: Չէր կարելի կյանք նվիրելու նրանց ցանկությունը քննարկման առարկա դարձնել: Եվ հատկապես այդ չարակամությունը կապված է Առաջին տիկնոջ անվան հետ: Վա՞տ է, որ նա զբաղվում է այդ գործով, որ խորապես նվիրված է այս ծրագրին: Ի վերջո, կարող էր մի քանի մակերեսային խնդիրներով զբաղվել, բայց ինքը լուրջ աշխատանքով է զբաղվում, որովհետեւ լեյկեմիայով հիվանդ երեխաներին օգնելն ու փրկելը շատ թանկ հաճույք է: Չգնահատելը դեռ ոչինչ, բայց երբ խանգարում եւ վարկաբեկում ես… Կուզենայի յուրաքանչյուր նման հրապարակումից առաջ ամեն մեկը պատկերացներ հիվանդ երեխայի մորը: Թե՞ ուղտը պիտի անպայման չոքի դռանդ, որ դու նոր պատկերացնես: Թեմաներ կան, որոնց դիպչելիս ներսումդ պատվիրանային արգելանքներ պիտի ունենաս…

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Գրական մի ամբողջ պատմաշրջան ընդգրկող-ընդհանրացնող այս վերլուծությունը լրացնում է այն տարածքը, որ գոյություն ունի իրական հայ գրականության և հայ գրականությունից ոչ թե անհրաժեշտաբար կես քայլ, այլ շատ ետ մնացած, ցավոք, հայկական ավանդական այդպես էլ չհաղթահարած գրականագիտության միջև: Ալվարդ Պետրոսյանի համընդգրկուն հայացքից ոչինչ և գրեթե ոչ ոք չի վրիպել: Եվ եթե կարդացողը ինչ-ինչ գնահատականի հետ համաձայն չէ, պիտի որ տեսնի-զգա ուժեղ մարդու, նրբազգաց-նրբաոճ գրողի ազնիվ լիցքերն ու մեր գրական կյանքում, գրականության մեջ Լույսի առաջ դռները բաց թողնելու հորդորը: Համաշխարհային գրականության փայլուն իր իմացությամբ նա մնում է փարված հայ գրականությանը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31