Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտնի ֆիլմի արտահայտությունը՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա», այսօր անհեթեթ է հնչում»

Հունիս 29,2022 12:30

Հարցազրույց ճանաչված արտիստ Տիգրան Ներսիսյանի հետ

– Հարգարժան Տիգրան, վերջերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Արմեն Էլբակյանի ռեժիսուրայով Բերթոլդ Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ստեղծագործության հիման վրա իրականացված ներկայացման պրեմիերայից հետո մասնագետներն ու հանդիսատեսը հնչեցրին ամենաբարձր գնահատականը, նշելով, որ այդ ներկայացումը իսկապես արժանի նվեր էր մայր թատրոնի 100-ամյա հոբելյանին։ Նույնիսկ հիշում էին, որ գերմանացի գրողն իր պիեսն անվանել է «Պարաբոլա», քանի որ այն արդիական է յուրաքանչյուր դարաշրջանի ու ամբողջ աշխարհի համար, քանի որ այն բացահայտում է բռնապետական ռեժիմների իշխանության գալու ճանապարհը կեղտոտ ինտրիգներով, կեղծիքներով, կոռուպցիայով, քաղաքական սպանություններով։ Ձեր մարմնավորած Արթուրո Ուին իր էությամբ ֆաշիստ է, որը դիակների վրայով քայլելով հասնում է իր կարիերայի բարձրակետին, թեեւ նրա վախճանը անփառունակ է… Լինում է, չէ՞, որ բացասական կերպարի մարմնավորումը չափից ավելի համոզիչ է, բնական, որը նվաճում է հանդիսատեսի համակրանքը։ Հանդիսատեսն էլ կեսկատակ-կեսլուրջ նկատում էր, թե այնպես եք խաղում, կարծես ապրած լինեիք այդ ամենը։

– Ես կյանք եմ ապրել ու ապրածս նստվածք է տվել, թողել իր կնիքը։ Ապրելով ամեն օրը, հասկանում ես՝ ինչ է կատարվում քո շուրջը։ Խոսքը ոչ միայն մարդկային փոխհարաբերությունների մասին է, այլեւ ընդհանրապես աշխարհում կատարվողի։ Այսօր աշխարհն է քաոսի մեջ։ Մարդը օտարացել է, հեռացել Աստծուց, դարձել հանցագործ, մարդասպան, դավաճան։ Այո, ծաղկում է կոռուպցիան։ Գիտեք, մարդիկ կան, որոնք արտիստին գնահատելիս բնորոշում են նրան մեկ կամ երկու դերով։ Մինչդեռ արտիստի մասին լիարժեք կարծիք կազմելու, գնահատական տալու համար պետք է տեսնել նրա դերերի ողջ պալիտրան։


– Թույլ տվեք նկատել, որ հանդիսատեսը չէր կարող պրեմիերայից հետո, ավելին՝ դեռ դահլիճը չլքած, մտաբերել ձեր հիանալի կերպարները, այդ թվում՝ Յաշան (Չեխովի «Բալի այգի»), Վաղինակը (Ալվարդ Պետրոսյան՝ «Ես մի ծառ եմ ծիրանի»), Ռիչարդը (Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ»)… Բարձր գնահատականի են արժանացել ձեր Թեհլերյանը, Թումանյանը, Արշակ թագավորը, Ռոմեոն եւ մյուս կերպարները նույնպես, բայց համաձայնեք, որ գուցե հանդիսատեսի համար անակնկալ էր, անսպասելի Արթուրո Ուի-ֆաշիստի կերպարում ձեզ տեսնելը։

– Եվ լավ է, որ անսպասելի էր։ Հենց նման դեպքերում են արտիստին բացահայտում, նորովի գնահատում։ Իհարկե, արտիստը պետք է լինի բազմաշերտ, եթե ուզում եք իմանալ՝ բազմագույն ու բազմերանգ։ Հաճախ նույն ռեժիսորները արջի ծառայություն են մատուցում՝ արտիստին տեսնելով մեկ տեսակի, մեկ գույնի ու երանգի մեջ։

– Վերադառնանք պրեմիերային։ Այո, այսօր Երկիր մոլորակը վտանգված է։ Չենք ուզում քաղաքականացնել մեր զրույցը, բայց մենք էլ տեսանք պատերազմներ, զոհեր։ Կարելի՞ է ասել, որ երեք ժամ տեւող, դրամատիկ գործողություններով հագեցած այդ ներկայացումը մեսիջ է՝ ուղղված մեզ՝ կանգ առնել, ապաշխարել ու փորձել գտնել հրատապ հարցերի պատասխանները։ Ի վերջո, փողը, փառքը այլասերում են մարդուն, այս դեպքում՝ ձեր հերոսին։

– Այլասերում են ոչ միայն մեզ, այլեւ մարդկությանը։ Մարդն այսօր կորցրել է բարոյականության բոլոր արժեքները, հավատը՝ իր դավանած Աստծուն, լույսը… Սա դավաճանության նման մի բան է, որի համար պետք է հատուցես։ Ոմանց մոտ այդ պահը եկել է կամ կգա…

– Վերջին միտքը կարո՞ղ եք կոնկրետացնել։

– Աստծո պատվիրաններից հրաժարվելով, բոլոր հնարավոր միջոցներով Աստծուն մերժելով հնարավոր չէ անել բարություն, ու այդպես ամբողջ մի կյանք ապրել։ Հետեւաբար կործանումն անխուսափելի է՝ ոչ միայն կոնկրետ մարդու, այլեւ մարդկության։

– Բայց դուք, ավելի ճիշտ՝ ձեր կերպարը, համախոհներ էլ ունի։

– Մարդը, մարդկությունը միշտ կրկնում է իր ճակատագրական սխալները, կուռքեր ստեղծում, որոնք հետագայում չարիք են դառնում։ Որովհետեւ մարդը չի ուզում տեսնել այն սխալ ճանապարհը, որով անցել է իր կուռքը ու հասել այդպիսի բարձունքների, դարձել բռնապետ։

– Ո՞ր բռնապետն է հայտարարել, թե ինքը բռնապետ է…

– Բռնապետները քողարկում են իրենց դաժանությունն ու արյունարբու լինելը դեմոկրատիա, ժողովրդավարություն ու ազատություն քարոզելով…

– Հայտնի ֆիլմի հայտնի արտահայտությունը՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա», մեր օրերում անհեթեթ է հնչում, մինչդեռ ֆիլմում հենց մուզիկանտներն են զբաղվում «պոլիտիկա»…

– Համաձայն եմ, ամենաանհեթհեթ բանը, որ մինչ օրս լսում եմ անընդմեջ։ Նախ՝ քաղաքականությունը քարկտիկ չէ, որ զբաղվես կամ չզբաղվես։ Կան արվեստագետներ, որ լրջորեն զբաղվում են քաղաքականությամբ, օրինակ՝ Ռեյգանը… Իսկ արվեստագետի կողմից քաղաքական դիրքորոշում հայտնելը, իր երկրում ապրելն ու անտարբեր չլինելը դեռ չի նշանակում, որ չի զբաղվում քաղաքականությամբ…

– Վերջին տարիներին Ռուսաստանում տեսնում ենք անվանի արվեստագետների, այդ թվում՝ ռեժիսորներ Նիկիտա Միխայլկովին, մեր հայրենակից Կարեն Շահնազարովին, որոնք մշտապես հայտնվում են քաղաքական հարթակներում, ինչը չենք ասի մեր իրականության մասին։

– ԱՄՆ-ում երբ աստղերը, ասենք՝ Ռոբերտ դե Նիրոն կարծիք է հայտնում, թե ամաչում է, որ իր պրեզիդենտը Թրամփն է, չի նշանակում, թե ինքը քաղաքական գործիչ է, ինքը որպես քաղաքացի է հայտնում իր կարծիքը։ Եվ այո, իրավունք ունի հայտնելու իր քաղաքական դիրքորոշումը։ Ոչ մեկը նրան չի ասում՝ թողել ես գործդ ու քաղաքականությամբ ես զբաղվում։

– Մի աստղ էլ դուք եք…

– Ես՝ որպես իմ երկրի քաղաքացի, չեմ կարող անտարբեր լինել այն ամենի հանդեպ, ինչը կատարվում է շուրջս…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարները՝ armenpress.am-ի

«Առավոտ» օրաթերթ
28.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930