Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Կա՞ մեկը, որ Սերժ Սարգսյանի խոսքին հավատում է» (Տեսանյութ)

Ապրիլ 16,2014 14:20

«Ժողովուրդը պետք է մերժի երկրի հիմնական փաստաթղթի՝ Սահմանադրության նկատմամբ այսպիսի կամայական, քամահրական և պատեհապաշտական վերաբերմունքը»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում սահմանադրական բարեփոխումների մասին վերջին զարգացումներին արձագանքելով՝ այսպիսի կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց, ինչո՞ւ հենց այս պահին Սերժ Սարգսյանը որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ, գուցե իր քաղաքական ապագա՞ն է կառուցում՝ մասնավորապես հեռահար նպատակներ ունի վարչապետ դառնալու առումով: Պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Քաղաքական գործիչների 99 տոկոսը, և Սերժ Սարգսյանը բացառություն չէ, իրենց քաղաքական գործունեության ընթացքում կարևորը համարում են իրենց հարմարավետությունը: Երբեմն դա ենթակայացվում է մարդու իրավունքներին: Չնայած Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ նախագահ չի առաջադրվելու, դա ինձ համար ծիծաղելի է, քանի որ նա չի էլ կարող առաջադրվել: Ասում են, որ ասել է, թե վարչապետ չի առաջադրվելու: Բայց կա՞ ձեր մեջ մեկը, որ Սերժ Սարգսյանի խոսքին հավատում է: Արմենիկումով աշխարհը պիտի գրավեինք, գնում էինք ԵՄ, բայց հայտնվեցինք Մաքսային միությունում: Սերժ Սարգսյանի խոսքը ոչ մեզ համար, առավել ևս իր համար որևէ բան չարժե: Հետո կասի, թե այն ժամանակ, երբ ասում էի, թե վարչապետ չեմ նշանակվելու, այդքան պահանջարկված չէր, իսկ հիմա, քանի որ իմ կուսակցության մեծամասնությունը ուզում է, որ ես վարչապետ դառնամ, հետևաբար գնում եմ այդ քայլին»:

Պարույր Հայրիկյանը նաև նկատում է. «Վարչապետի պաշտոնում հզոր լծակներ ունենալու քայլը արդեն մեր Սահմանադրության մեջ կատարված է: Երբ Ռոբերտ Քոչարյանը առաջին անգամ տապալեց Սահմանադրական բարեփոխումների հետ կապված հանրաքվեն, արեց նրա համար, որ իր վերջնական տարբերակով վարչապետի դիրքերը հզորացնի: Հիմա Սերժ Սարգսյանը մի քիչ առաջ է գնում, եթե ուժային կառույցները ենթարկվում են նախագահին, քանի որ ինքը չի կարող նախագահ դառնալ: Նա բոլոր լծակները տեղափոխելու է պառլամենտական մեծամասնության լծակների տակ: Այսինքն՝ ուժայինները ևս պետք է ենթարկվեն վարչապետին»:

Պարույր Հայրիկյանը նշեց, թե դավաճանություն է, որ նախագահի, վարչապետի ընտրությունը խլում ես ժողովրդից և տեղափոխում թաղի տղերքի դաշտ: Մեր դիտարկմանը, թե ուզում է ակնարկել, որ այդ սկզբունքով էլ վարչապե՞տ նշանակվեց: Պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Եթե պառլամենտական մեծամասնությունը թաղի տղերքն են, նշանակում է, որ թաղի տղերքի կանոններով էլ որոշվելու է, թե ով է լինելու երկրի ղեկավարը՝ օրինական հակակշիռ չունեցող մեկը»:

Հարցին՝ ժամանակին հենց ինքը՝ Պարույր Հայրիկյանն էր խոսում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, այդ դեպքում հիմա ինչու՞ է քննադատում այդ նախաձեռնությունը, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Այն, ինչ իրենք են առաջարկում, իրենց ձեռնտու տարբերակն է: Ես նեղացած չեմ: Իրենց այս մոտեցումը շոուի ներկայացում ստեղծելու և ուշադրություն շեղելու նպատակ է հետապնդում: Ռոբերտ Քոչարյանը ժամանակին նույնիսկ ինձ առաջարկել էր վարչապետի պաշտոն, բայց ես հրաժարվել եմ, քանի որ կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումները շատ կարևոր գործ է: Կրկնում եմ, հիմա սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջ չկա, ոչ էլ սահմանադրական ճգնաժամ, որ կատարվեն նման փոփոխություններ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob says:

    իակ կա՞ արդյոք մեկը, ով Հայրիկյանի ասածին ավելի լուրջ է վերաբերվում, քան տաքսու շոֆեռի ասածին

    հավերժ դժբախտ մարդ…

  2. Spartak says:

    Ես նախագահի խոսքին ավելի շատ եմ հավատում, նույնիսկ, ամոթ ինձ, Արթուր Բաղդասարյանին, Արտաշես Գեղամյանին, քան՝ քեզ, Պարույր: Առաջ մենակ քեզ էի հավատում, հիմա հավատի տեղ չես թողել, խաղերդ շատ են , շատ:Ների՛ր, էլ տեղ չկա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930