Լրահոս
Օրվա լրահոսը

… Եվ որ մայրս չվախենար

Ապրիլ 25,2014 18:27

Երբ իմ իշխանուհի մայրը պատրաստվում էր հեռանալ այս աշխարհից, իսկ նա գիտեր, որ հեռանում է, մի օր վեց զավակների ավագիս, այսինքն՝ ինձ, հրավիրեց դուրս, որ երկուսով նստենք հայրական տան բակում:

Հուլիս հրաշք ամիսն էր, աշխարհը ջահել էր ու ծաղկած, նույնիսկ փարթամորեն տերևակալվել էին սիբիրյան աքսորից հետո Անապայում ապրող մորս տարագիր հոր, իմ Արտաշես Սարյան պապի այգուց բերած ընկույզի երեք ծառերը, երբ մինչ այդ Ջավախքում ընկույզ չէր աճում, թերևս ենթադրում էին, որ չի աճում… Բայց մայրիկիս հաջողվել էր այդ ամենը, քանի որ շատ էր ուզում, որ իր աքսորյալ հայրիկի այգու ծառը իր այգում էլ աճի:
Երկուսով լուռ նստել էինք մեր տան շվաքում ու նայում էինք բակին ու բակից այն կողմ բացված ծաղկած աշխարհին: Լռությունն այնքան երկար տևեց, որ ես բռնեցի, համբուրեցի մայրիկիս ձեռքը՝ փորձելով հասկանալ, թե ինչու հատկապես ինձ հրավիրեց բակ:

Հետո մայրս հրեշտակի թեթևությամբ թեքվեց ու գլուխը դրեց ուսիս, ասաց՝ նայիր, բալե՛ս, ես գնում եմ, հանկարծ չխառնվեք իրար, ամեն ինչ կանեք պատվով: Աղջիկ չունեմ, որ վրաս լաց լինի, դուք ձեզ տղամարդ պահեք…

Ես փորձեցի ընդհատել նրան, ասել հակառակը, բայց նա կանխեց ինձ ու ասաց՝ լսիր, տղա՛ս, հանգիստ լսիր, շրջվիր ու նայիր քո հայրական տանը և մեր ծաղկած բակ ու հողերին, որտեղ դու ես ծնվել ու քո եղբայրները, ինձանից հետո հորդ մենակ չթողնեք, իսկ հորիցդ հետո, իրեն հարյուր տարվա կյանք տա Աստված, այս տունն ու այս ծաղկած բակը չվաճառեք հանկարծ, որովհետև դա արունք է և գին չունի: Ես գիտեի, թե մեր բարբառով ինչ է նշանակում արունք բառը՝ այսինքն թե՝ քո արյունն ու քո արյան տուն-ճակատագիրը չտաս ուրիշին:

Հետո մայրս երկար լռեց և մի տեսակ հրաժեշտի ձայնով ասաց՝ գյուղում անպայման կլինեն մարդիկ, որ կասեն՝ տղերքը հորը մենակ թողեցին, կլինեն մարդիկ, որ կասեն՝ տղերքն ուզում են հոր տունը ծախել, բայց ես գիտեմ, որ իմ զավակները ուր էլ լինեն, իրենց հայրական տան գերին են լինելու, գիտեմ նաև, բալե՛ս, որ դուք չեք մոռանալու ոչ միայն Ջավախքի ձեր հայրական տունը, այլև չեք մոռանալու նաև Էրզրումից գաղթած պապերի Ջրսուն և Ձիթով գյուղերը, որտեղ դուք նույնպես տուն ունեք պապական: Չմոռանա՛ս, որ ես ձեզ այդպես եմ մեծացրել:

Ես լսում էի մայրիկիս ու փորձում էի զսպել լացս, փորձում էի ինձ տղամարդ պահել՝ հասկանալով, որ մայրս ինձ հրաժեշտ է տալիս, որովհետև այդ երեկո ես Երևան էի վերադառնալու:

– Ու չմոռանաս,- շարունակում էր մայրս,- որ քո տատը՝ իմ մայր Փառանձեմը, ում գերեզմանն այդպես էլ սիբիրներում մնաց, իշխան Շահ-Պարոնյանի աղջիկն էր: Այսինքն թե՝ բալե՛ս, ձեր արյան մեջ իշխանական արյուն կա, իսկ քո իշխան պապը քա՛ջ մարդ էր և չէր վախենում ո՛չ մահից, ո՛չ կյանքից…

Հետո մայրս, ինչպես տարիներ առաջ, երբ ես երեխա էի, գրկեց ինձ ու ասաց՝ մանկության օրերից միշտ վախեցել եմ, երբ մարդուն թաղելիս հող են լցնում և հողն ու քարը թխկթխկում են դագաղի վրա, թեև քո հայրական մեծ պապը գաղթի ճամփին այդ մի բուռ հողին էլ չարժանացավ… մի խնդրանք ունեմ, տղա՛ս. ինձ այնպես թաղեք, որ այդ ձայնը չլսեմ, կողքիս էլ տեղ պահեք հորդ համար…

Անցավ երկու շաբաթ, և իշխանուհի մորս հողին հանձնեցինք՝ Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնանքը քանդակելով շիրմաքարին, և այնպես, որ մայրս չվախենար…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930