Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրու տարածաշրջանում ծառերի մասսայական չորացում է նկատվում

Ապրիլ 26,2014 16:02

Մեղրու տարածաշրջանում վերջին տարիներին այգիներում ծառերի մասսայական չորացում է նկատվում: Մեղրի կատարած մեր այցի ժամանակ տեղեկացրեցին տեղաբնակները: Վերջիններս ծառերի մասսայական չորացումը պայմանավորում են հանքարդյունաբերության՝ մասնավորապես Ագարակի կոմբինատի գործունեության հետ:

Նրանց խոսքով՝ վերջին տարիներին Մեղրու տարածաշրջանում հաճախակի սկսել են չորանալ ծիրանենիները, նռնենիները, թզենիները եւ այլ պտղատու ծառեր: «Այդ բոլորը հետեւանք են նրան, որ Ագարակի կոմբինատի թափոնաջրերը թափվում են Արաքս գետը, իսկ այդ գետի ջրով ոռոգվում են այգիները, ծառի տակերը լրիվ կոնցետրատ է, այլ աղբյուր չկա ոռոգելու: Իրենք ունեն պոչային արտադրամաս, բայց ծախսեր չեն անում, որ այդ պոչային արտադրամաս ժամանակից սարքավորումներով համալրեն, իրենց փողն է հետաքրքրում, հաշվի չեն առնում մեր բողոքները»,- նշեցին Մեղրու տարածաշրջանի գյուղական համայնքների բնակիչները: Մասնավորապես՝ դժգոհությունը մեծ է Մեղրու տարածաշրջանի Ալվանք, Շվանիձոր եւ Նռնաձոր գյուղերի բնակիչների շրջանում: Վերջիններս պնդում են, որ թափոնաջրերով այգիները ոռոգելու հետեւանքով ոչ միայն ծառերն են չորանում, այլեւ բերքատվությունն է նվազում:

Նռնաձորի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը մեզ հետ ունեցած զրույցում հաստատեց բնակիչների դժգոհությունը եւ մանրամասնեց իրադրությունը: «Ագարակի կոմբինատի պոչամբարային ջրերը թափվում են Արաքս գետը եւ մենք պոմպակայաններով այդ ջրերը մղում ենք դեպի այգիներ: Միայն Արաքսի ջրից ենք օգտվում, ոռոգման այլ ջուր չունենք: Արաքսի մեջ թափոնաջրերը մեծ քանակ են կազմում, պոչամբարի ավազը մեր այգիներում է, ծակոտիները փակում է ու ծառը չի շնչում, չորացման պրոցես է սկսում: Պտղատու ծառերի մոտ 20-30 տոկոսն արդեն չորացել է, հատկապես ծիրանենիներն ու նռնենիները: 70-80 տոկոով բերքատվությունն ընկել է ծառերի, մեկ հեկտարից 25-30 տոննա նուռ վերցնելու փոխարեն՝ գյուղացին այսօր 5-8 տոննա հազիվ է բերք վերցնում: Այդ ջրերով ոռոգելու պատճառով՝ արդեն Հայաստանում հրաժարվում են մեզանից միրգ գնել, բերքի սպառման վրա էլ է անդրադառնում…», – նշեց Մկրտիչ Մկրտչյանը եւ հավաստիացրեց, որ խնդրի մասին տեղյակ են կոմբինատում, բայց իրադրությունը շարունակում է նույնը մնալ:

Տեղացիները նշում են, որ չորանում են նաեւ Արաքսի ափին մշակվող զեյթունի այգիները: Մեղրու բնակիչ, գյուղատնտես Ալիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ չորացման գործընթացը վերջին ժամանակներս է հատկապես նկատելի դարձել, քանի որ տարիներ առաջ ծառերը երիտասարդ էին, իսկ այժմ, երբ ծառերը 10 տարեկան են եւ բերք տալուն պատրաստ՝ սկսում են չորանալ: Վերջինս խոստովանեց, որ նույն իրավիճակն է նաեւ իր այգում: Միայն վերջին մեկ տարում իր այգուց 65 չորացած ծիրանենի է կտրել: Նրա խոսքով՝ ծառերի չորանալուց բացի ընկել է ոչ միայն բերքատվությունը, այլ նաեւ բերքի որակը:

Մեղրու տարածաշրջանի բնակիչները նշեցին, որ նույնիսկ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի մարզային կառույցին են ահազանգել, սակայն ո՛չ ահազանգերն են արդյունք տվել, ո՛չ խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնելը, իսկ իրավիճակը շարունակում է մտահոգության տեղիք տալ, քանի որ Մեղրու տարածաշրջանի մի շարք համայնքների այգիներին չորացման վտանգ է սպառնում:
Մեղրեցիների խոսքով՝ ծիրանենիների մասսայական չորացման դեպքեր եղել են նաեւ 20-30 տարի առաջ, ինչը հիմնականում կապում են հանքարդյունաբերական աշխատանքների ծավալների ավելացման հետ:

Խնդրի մասին պարզաբանում ստանալու համար զրուցել ենք նաեւ Ագարակի կոմբինատի եւ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պատասխանատուների հետ: Նրանց պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930