Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճի համապետական մրցաշարում հաղթեց Վանաձորի թիմը

Մայիս 03,2014 16:54

Այսօր՝ մայիսի 3-ին, տեղի ունեցավ Բանավեճի համապետական մրցաշարի եզրափակիչ փուլը: Եզրափակիչ փուլ էին դուրս եկել Վանաձորը ներայացնող երկու թիմ՝ պայմանականորեն անվանված «Վանաձոր 1» եւ «Վանաձոր 3»: Եզրափակիչ բանավեճի թեման էր «ՀՀ պետական քաղաքականությունը չի նպաստում երիտասարդ ընտանիքների ստեղծմանն ու կայունացմանը»:

Վանաձոր 3 թիմը ներկայացրեց թեմային կողմ փաստարկներ, իսկ Վանաձոր 1-ը՝ դեմ: Երկու թիմերն էլ նախ ներկայացրեցին իրենց կառուցողական ելույթները՝ հղում կատարելով ՀՀ Սահմանադրությանը եւ մամուլին, այնուհետեւ հարցեր ուղղեցին միմյանց: Բանավեճի վերջում թիմերն ամփոփեցին խաղի արդյունքը եւ  իրենց կատարած եզրակացությունները:anahit

Աշակերտների բանավեճը գնահատեց ժյուրին, որի անդամներն էին քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Համազասպ Դանիելյանը, ԵՊՀ Մշակութաբանության բաժնի մագիստրանտ Գայանե Աղայանը, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրանտ Տաթեւ Խաչատրյանը, «Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության» հիմնադրամի ծրագրերի համակարգող Փիրուզա Մանուկյանը, ԵՊՀ Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող Արփինե Գյուրջյանյանը եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակից Դավիթ Խաչատրյանը:

Ժյուրիի անդամներից ստանալով 45 միավոր՝ Բանավեճի համապետական մրցույթն հաղթեց Վանաձոր 3 թիմը, իսկ Վանաձոր 1 թիմը զիջեց ընդամենը երեք միավորով՝ ստանալով 42 միավոր:

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի քաղաքացիական հասարակության եւ կրթական ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հիացած է երեխաների աշխատանքով եւ գիտելիքներով. «Մեկ-երկու տարի մասնակցելով մեր ծրագրերին երեխաները կարողացան այսպես զարգացնել իրենց ունակությունները՝ ե՛ւ լսելու, ե՛ւ հանրային խոսքի, ե՛ւ վերլուծության, ե՛ւ քննադատական մտածողության ունակությունները: Ես ուրախ եմ, որ մենք այս երեք օրերի ընթացքում տեսանք այդ առաջընթացը, եւ հիմա կարող եմ ասել, որ բավական ուրախ եմ, որ նման հաջողություններ ունեն»:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը տասը տարի է, ինչ մասնակցում է բանավեճի ակումբին, նա մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն տարի մասնակիցների մոտ աճ է նկատում. «Նստած մտածում էի, որ այս տասը երիտասարդներն Ազգային ժողովում հայտնվեին այսպես պատրաստված, ցանկացած հարց համակողմանի ուսումնասիրած եւ ամբիոնից խոսեին, որքան ավելի առաջ կգնայինք, որպես ժողովրդավարական պետություն»:

Մեր այն հարցին, թե ակումբների գոյության տասը տարիների ընացքում բանավեճի ակումբներին մասնակցող երեխաների մեջ ի՞նչ փոփոխություններ է նկատել, տիկին Բախշյանը պատասխանեց, որ տարեց տարի նկատելի է դառնում երեխաների կապանքներից ձերբազատումն, ավելի ազատ մտածելակերպը եւ նրանց ինքնագնահատականի բարձրացումը. «Բոլոր այն սին խոսքերը, որոնք այսօրվա երիտասարդությանը տարբեր պիտակներ են կպցնում, դրանք ելնում են սեփական անզորությունից: Այսօրվա երիտասարդությունը շատ ավելի պատրաստ է քաղաքացի լինելու, սա հանրակրթության որակի հետ, որը գնալով ընկնում է, այդքան էլ կապված չէ»:

Հիշեցնենք՝ Բանավեճի հանրապետական մրցաշարը մեկնարկել էր մայիսի 1-ին: Եռօրյա մրցույթին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության 18 տարբեր քաղաքներից եւ 8 մարզերից 130 դպրոցների աշակերտներից կազմված 28 թիմ: Աշակերտները մինչ համապետական մրցույթին մասնակցելը՝ նախ մասնակցել են ներդպրոցական, միջդպրոցական եւ քաղաքային մրցաշարերին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031