Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիննախն իր նպատակին հասնելու համար ՊԵԿ-ին կօգտագործի եւ կշահագործի»

Մայիս 05,2014 19:13

Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակվելուց հետո կառավարությունում իրականացվող կառուցվածքային փոփոխությունները` մասնավորապես` պետեկամուտների կոմիտեն ՀՀ ֆինանսների նախարարության կազմում ընդգրկելը, մի շարք մասնագետների գնահատմամբ, բիզնեսի «ջանից է» դուրս գալու, ոլորտում իրականացրած բարեփոխումներն էլ` «ջուրն են լցվելու»:

Aravot.am-ի տեղեկություններով սակայն Հովիկ Աբրահամյանը ստիպված է եղել այս քայլին գնալ, քանի որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, որին առաջարկվել է ֆինանսների նախարարի պաշտոնը, ոչ մի կերպ չի համաձայնել լքել ՊԵԿ-ի ղեկավարի աթոռը:

«ՊԵԿ-ը կարող է ընկնել ֆինանսների նախարարության ղեկավարության ճնշումների տակ եւ ավելի շատ հակված լինի հարկեր հավաքելով հարցը լուծել, որը ճիշտ մոտեցում չէ: ՊԵԿ-ին ֆիննախը կարող է հանձնարարել, ասի` որ բյուջեն ապահովելու համար դու կգնաս այսքան շատ ստուգում կանես կամ այսպիսի ստուգում կանես, որ այսքան գումար հավաքես: Այսինքն` ՊԵԿ-ի ձեռքը տա գործիքներ` ինչ ստուգի, ինչքան ստուգի, որ պլանավորած բյուջեն հավաքվի: Ու կստացվի, որ մենք բիզնեսի վրա դարձյալ ճնշումները կուժեղացնենք, որը կառաջացնի բյուրոկրատական խնդիրներ, կոռուպցիոն ռիսկեր»,- Aravot.am-ի հետ զրույցում ՊԵԿ-ի եւ ֆիննախի միաձուլման առնչությամբ, այսպիսի մտահոգություն հայտնեց «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը: Պարոն Մակարյանը համոզված է, որ ֆիննախն իր նպատակներն իրականացնելու համար, այսինքն` պլանավորած բյուջեն կատարելու համար «ՊԵԿ-ին անընդհատ կօգտագործի եւ կշահագործի»:

Պարոն Մակարյանի խոսքերով, ճիշտ կլինի, որ այսուհետ բյուջեի մուտքերի մասը պլանավորի եւ հաշվարկի էկոնոմիկայի նախարարությունը. «էկոնոմիկայի նախարարությունը, երբ որ նկատի, որ բյուջեն իրենց սահմանած կամ իրենց երազելի բյուջեն չի կարողանում ապահովել, կմտածի ինչպիսի տնտեսական բարեփոխումներ իրականացնի, որի հաշվին էլ էկոնոմիկան կզարգանա երկրում: Քանի որ ֆինանսների նախարարությունը, որպես լիազոր մարմին, ամեն տարվա բյուջեի նախագծերն ինքն է մշակում, կազմում ու նաեւ ներկայացնում ԱԺ եւ կառավարություն, երբեք պետական բյուջեի ապահովման, բյուջեի պլանավորման դեպքում տնտեսագիտական մոտեցում չի դրսեւորում, ֆիննախն ավելի շատ ֆիսկալ մոտեցում Է ցուցաբերում: Ֆիննախը հեշտի հետևից է վազում, ինքը արագ-արագ վերցնում է. ինչ-որ մի բան փոփոխում, օրինակ` այն տարի 101 միլիարդ որ ավելացրեցին, վերցրին մի քանի ապրանքների վրա, որոնք մաքսատուրք չունեին, մաքսատուրք դրեցին, խմիչքների հարկը ավելացրին, դա տնտեսագիտական մոտեցում չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031