Լրահոս
Օրվա լրահոսը

Որոտանի վաճառքի գործարքը հայտնվել է հարցականի տակ. «Հայոց աշխարհ»

Մայիս 16,2014 13:19

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի պայմանագիրը հայտնվել է հարցականի տակ։ Ստորագրումից չորս ամիս հետո աշխատանքներ են տարվում այն վերանայելու ուղղությամբ։

Որոտանի կասկադի վաճառքի պայմանագիրը ստորագրվեց այս տարվա հունվարի վերջին։ Դրանով համալիրը հանձնվեց ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը։

Առաջին անգամ Հայաստանի էներգետիկ համակարգում հայտնվելու հայտ ներկայացրեց ամերիկյան հայտնի ընկերություն՝ պատրաստակամություն հայտնելով կատարել մեծ ծավալի ներդրումներ։ Գործարքը գնահատվեց 180 մլն դոլար, ինչը հավակնում էր դառնալ ամերիկյան ամենախոշոր ներդրումը ոչ միայն Հայաստանի էներգետիկ համակարգում, այլեւ ընդհանրապես տնտեսության մեջ։ Գնորդը ստանձնեց պարտավորություն՝ առաջին վեց տարիներին առնվազն 70 մլն դոլար ներդնել համալիրի արդիականացման նպատակով։
Գործարքը կարեւոր է համարվում հատկապես նրանով, որ մինչ այդ Հայաստանի էներգետիկ համակարգի ներդրումներն ունեին հիմնականում ռուսական ծագում։ Ոլորտի շուրջ 70-80 տոկոսը տնօրինում են ռուսական ընկերությունները։ Ակնկալվում էր, որ Որոտանի համալիրի գործարքը կարող է որոշակի հավասարակշռություն մտցնել համակարգում։ Սակայն ակնկալիքներն առայժմ չեն արդարանում։

Պայմանագրի ստորագրումից անցել է չորս ամիս, սակայն առաջացել են որոշակի խոչընդոտներ։ Չնայած հայտարարվում է, որ դրանք զուտ աշխատանքային են, եւ չկան սկզբունքային անհամաձայնություններ, այնուհանդերձ ակնհայտ է, որ ժամանակին պայմանագիրը լավ չի նախապատրաստվել։ Գործունեությունը չսկսած՝ ի հայտ են եկել խնդիրներ, որոնք նոր պետք է համաձայնեցվեն եւ հստակեցվեն։ Ընդ որում, դրանք երկրորդական չեն, ինչպես հայտարարվում է։

Մասնավորապես համալիրի տեխնիկական վերազինման նպատակով կառավարությունը ժամանակին բանակցություններ է վարել գերմանական բանկի հետ՝ 51 մլն եվրո վարկային գումար ստանալու համար։ Չնայած գումարի տրամադրման վերաբերյալ համաձայնության առկայությանը, դա չի քննարկվել նոր սեփականատիրոջ հետ։ Այժմ վարկային միջոցների ստացման վերաբերյալ պայմանավորվածությունը մնացել է օդից կախված։ Հայտնի չէ՝ նոր սեփականատերն ընդհանրապես պատրաստվո՞ւմ է օգտվել այդ վարկային միջոցից, թե՞ ոչ։
Նրա հետ պայմանագրի ստորագրումից առաջ, ըստ էության, չեն համաձայնեցվել նաեւ մի շարք այլ կարեւոր մանրամասներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներին, վաճառքի պայմաններին, համակարգում գործող այլ կառույցների հետ ունենալիք հարաբերություններին։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031