Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչը հաղթության և հավիտենական կյանքի խորհրդանիշն է»

Մայիս 18,2014 13:29

Այսօր` Սուրբ Հարությունից հետո 5-րդ կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ Խաչի Երևման տոնը: Այս տոնը պատմական մի դեպքի հիշատակությունն է. Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի օրոք` 351 թ–ի մայիսի 7–ին երկնքում երևում է Փրկչի խաչի նշանը՝ տարածվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները, այլև տարբեր դավանանքների ու կրոնների պատկանող մարդիկ: Խաչի պայծառ երևումից անգամ արեգակն է մթագնում:

Տոնի խորհրդի և քրիստոնյաների համար խաչի նշանակության մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Արթուր սարկավագ Աբգարյանը:
-Ի՞նչ խորհուրդ ունի այս տոնը:
-Ընդհանուր առմամբ, Ս. Խաչի երևումները պատմության տարբեր ժամանակաշրջաններում մատնանշում են Աստծու ներկայությունը մարդկանց մեջ և ապացույց են մարդկանց հանդեպ Նրա սիրո ու հոգատարության: Լուսավոր խաչը, ցոլալով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, ցույց տվեց, որ դա նշանն է Նրա, Ով խաչվեց Գողգոթայի վրա և համբարձվեց Ձիթենյաց լեռան վրայից:
Ի դեպ` հայոց պատմության մեջ ևս քիչ չեն խաչի երևումները:

– Ի՞նչ է խաչը քրիստոնյաներիս համար, ո՞րն է նրա նշանակությունը

-Քրիստոնեության մեջ խաչի պաշտամունքը կապված է Հիսուս Քրիստոսի խաչելության հետ, որով այդ սիմվոլը նվաստացուցիչ մահվան խորհրդանշանից վերածվեց մարդկության մեղքերը քավող սիմվոլի, այսինքն` փրկության և հավերժական կյանքի նշանի: Ինչպես ասում է երրորդ դարի լատին հայր Լակտանտիոսը. «Նա, ով հնազանդվելով եկավ, օգնության ձեռք մեկնեց ամենաստորին վիճակի մարդկանց և փրկության հույս ներշնչեց: Այդ պատճառով Քրիստոս բարեհաճեց այդպիսի մահով մահանալ, որով մահանում էին քամահարելի ու ստոր ստրուկները, որպեսզի չլինի և ոչ մեկը, որ նրան հետևել չկարողանա»:
Խաչի խորհրդանշանի աստվածաբանական մեկնության համաձայն` խաչը Քրիստոսի ողջ երկրային կյանքն է` Բեթղեհեմից մինչև Գողգոթա: Փրկաբանական իմաստով դա համընդհանուր զոհաբերություն է` մատուցված ողջ մարդկությանը: Հիսուս խաչվեց «վասն մեղաց մերոց», մարդկության փրկության համար, ուստի խաչի մեծագույն խորհուրդը փրկագործության խորհուրդն է: Այն սատանայի նկատմամբ հաղթանակն է` դժոխքի կործանմամբ, Արարչի մեծագույն սիրո արտահայտությունն է, հոգու ճանապարհն առ Քրիստոս զոհաբերվող սիրո: Միստիկ առումով դա սիրո խորհուրդն է, որը դրսևորվում է տառապանքով:
Այսպիսով` կարելի է ասել, որ խաչը քրիստոնյայի կյանքում ճշմարտության և արդարության խորհրդանշանն է, քանզի խաչով մեզ հայտնվում է Աստծո սերը և արդարությունը: Եվ, ի վերջո, այն հաղթության և հավիտենական կյանքի խորհրդանիշն է, քանի որ Աստծու Որդին Իր խաչելությամբ մարդկության համար հավիտենական կյանքի ճանապարհ բացեց, որը մեզ դեպի Աստված է տանում:

-Ի՞նչ դեր ունի խաչը քրիստոնեական խորհրդանշանների համակարգում:

-Քրիստոնեական խորհրդանշանների համակարգում խաչն առավել ընդհանրական է. այն արտահայտում է մահվան նկատմամբ Քրիստոսի հաղթանակը, որի շնորհիվ նոր կյանք է հաստատվում:
6-7-րդ դարերից սկսած` հայոց եկեղեցիներում ավագ խորանի սեղանի վրա Հիսուսի և Տիրամոր սրբապատկերի փոխարեն դրվել է Սուրբ Նշանի խորհրդաբանական պատկերը` Խաչը:
Իսկ արդեն 9 – 15-րդ դարերում պաշտամունքային վերաբերմունքը խաչի նկատմամբ արտահայտություն գտավ մանրանկարչության, քանդակագործության, մասնավորապես խաչքարերի մեջ: Ձեռագիր մատյաններում խաչի մոտիվը հանդիպում է անգամ հնագույն օրինակներում (10-րդ դար):

 

Մարիամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031