Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը փորձել է առավելագույնս իրատեսական լինել. «Հայոց աշխարհ»

Մայիս 20,2014 12:51

Կառավարության գործունեության ծրագիրը հիմնական շեշտադրումների առումով, ըստ էության, նախորդի շարունակությունն է։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Նախորդ հնգամյա ծրագիրն ընդունվեց ընդամենը մեկ տարի առաջ եւ այդ ընթացքում քիչ բան արվեց նախատեսված աշխատանքները կատարելու ուղղությամբ։ Երկրի առաջ ծառացած խնդիրները շարունակում են պահպանվել։

Ուստի անկախ նրանից, ինչպիսին կլինի կառավարությունը, անելիքները մնում են նույնը։ Այլ հարց է, թե ով ինչպես է պատկերացնում դրանց լուծման ուղիներն ու հնարավորությունները։

Այս առումով նոր կառավարության գործունեության ծրագիրը որոշ ցուցանիշների առումով ավելի է կոնկրետացված։ Ճիշտ է, առանձին դեպքերում նվազեցվել են նաեւ սպասելիքները։ Դա նկատելի է հատկապես տնտեսական աճի կանխատեսումների հարցում։

Մասնավորապես առաջիկա չորս տարիների համար կառավարությունն ակնկալում է ապահովել միջին տարեկան 5 տոկոս տնտեսական աճ։ Նախորդ կառավարության ծրագիրը ենթադրում էր 5-7 տոկոսանոց աճ։ Չնայած արդեն առաջին իսկ տարվա արդյունքները ցույց տվեցին, որ դա քիչ իրատեսական էր։ Տնտեսական աճը կազմեց ընդամենը 3,5 տոկոս։ Այս տարվա սկզբի արդյունքները նույնպես գոհացուցիչ չեն։ Առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը երկրում չգերազանցեց նույնիսկ անցած տարվա ՀՆԱ աճի մակարդակը։

Այս պայմաններում իրատեսական չէ ավելի բարձր տնտեսական աճի պլանավորումը։ Հատկապես որ անցած մեկ տարվա ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ գործոններ, որոնք լուրջ անորոշություններ եւ ռիսկեր են ձեւավորել տնտեսական գործընթացներում։
Դրանք կապված են Հայաստանի ինչպես Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական տարածքին միավորման, այնպես էլ նոր միության կազմում ընդգրկված առանձին երկրներում, առաջին հերթին Ռուսաստանի տնտեսության մեջ ընթացող զարգացումների հետ։ Հայաստանը սերտ տնտեսական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Իսկ այստեղ սպասումները, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չեն. տնտեսական աճի կանխատեսումները զրոյի սահմաններում են։

Ենթադրվում է, որ դա այս կամ այն կերպ ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի վրա՝ նվազեցնելով տնտեսական աճը։ Պատահական չէ, որ միջազգային կառույցների անգամ լավատեսական կանխատեսումներով, Հայաստանի տնտեսական աճը չի հասնում նույնիսկ 5 տոկոս մակարդակին։ Այս պայմաններում միջին տարեկան 5 տոկոսանոց աճի ապահովումն անգամ ռիսկային կարող է լինել։

Այնուհանդերձ պետք է փորձել անել առավելագույնը։ 5 տոկոսը այնքան էլ բարձր ցուցանիշ չէ Հայաստանի համար։ Հատկապես որ տնտեսական աճի մակարդակից է կախված այն բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծումը, որ կուտակվել են երկրում։
Արտաքին հատվածի անորոշությունների պայմաններում գործադիրը հակված է տնտեսական աճի ապահովումը կապել հիմնականում ներքին տնտեսական միջավայրի բարելավումների վրա։ Ըստ այդմ, կառավարության գործունեության ծրագիրը կարեւորում է գործարարության համար հավասար դաշտի ստեղծումը, որի ուղղությամբ վարչապետը սկսել է քայլեր ձեռնարկել նույնիսկ ծրագիրը ներկայացնելուց առաջ.
-Արտաքին աշխարհի էական անորոշությունները սահմանափակում են արտաքին տնտեսությունից ռեսուրսների ներհոսքի հնարավորությունը։ Առաջիկա երեք տարիների ընթացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար կունենա առաջնային նշանակություն,- ասվում է կառավարության 2014-2017թթ. գործունեության ծրագրում։

Ներքին տնտեսական ներուժը արդյունավետ օգտագործելու համար «կառավարությունը պետք է աջակցի գործարարին՝ իր գործիքներով, լինի անգամ մեկ աշխատատեղ ստեղծող, մեկ նմուշ նոր արտադրանք տվող քաղաքացու կողքին, պետք է նրա համար ապահովի գործարարությամբ զբաղվելու հավասար եւ բարենպաստ պայմաններ»։

Այդպիսի միջավայրի ձեւավորումը կառավարությունը համարում է ներդրումների ներգրավման հիմնական գրավականը։ Այն մտադիր է Հայաստանում ստեղծել նաեւ «Համահայկական ներդրումային հիմնադրամ»։ Թե ի՞նչ սկզբունքներով այն կգործի եւ ինչ նպատակների կծառայի, կառավարության ծրագիրը չի մանրամասնում։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031