Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահին ընդամենը PR է». Արմեն Բադալյան

Մայիս 28,2014 15:31

«Պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»: Նախագահ Սերժ Սարգսյանն այսպիսի հրավեր էր ուղարկել Թուրքիայի նախագահին:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ի՞նչ կտա այդ հրավերը Հայաստանին եւ կընդունի՞ հրավերը Թուրքիայի նախագահը՝ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը պատասխանեց. «Կգա, թե չի գա Թուրքիայի նախագահը՝ չեմ կարող ասել, դա գուշակություն կլինի: Բայց այդ հրավերը ՀՀ նախագահին կտա բավականին լավ PR քարոզչություն անցկացնելու եւ ցեղասպանությունն օգտագործելու՝ միջազգային ԶԼՄ-ների առջեւ կանգնելու համար: Ինչպես գիտենք, սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ նախագահը Արեւմուտքի կողմից անտեսված անձնավորություն է: Սեպտեմբերի 3-ից հետո, կարելի է ասել, Արեւմուտքից գրեթե որեւէ լուրջ պաշտոնյա Հայաստան էլ չի գալիս: Ֆրանսիայի նախագահի օրինակը չենք կարող բերել, որովհետեւ նա ոչ թե Հայաստան էր եկել, այլ՝ Հարավային Կովկաս, այդ թվում նաեւ՝ Հայաստան: Բայց հիմնականում արեւմտյան ոչ մի բարձրաստիճան չինովնիկ սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանը հայտարարեց ՄՄ մտնելու մասին, էլ Հայաստան չի գալիս: Եթե Թուրքիայի նախագահը հրավերն ընդունի եւ գա, դա, բնականաբար, տեղեկատվական լավ առիթ կլինի միջազգային մակարդակի եւ, փաստորեն, ՀՀ նախագահին անտեսման գործընթացը կփակի: Այնպես որ, այդ հրավերն ընդամենը PR նշանակություն ունի: Որովհետեւ եթե մեկը իրոք ցանկանում է գործով ցույց տալ, որ Ցեղասպանությունը մեր ժողովրդին վնաս չի տվել, մենք կանգուն ենք, ապա նա պետք է նախորդ տարիների ընթացքում Հայաստանն այնպես հզորացներ, որպեսզի միայն պաշտոնական տվյալներով՝ 300 հազար մարդ չգնար, որպեսզի մանր ու միջին բիզնեսը չփակվեր եւ այլն: Քաղաքականապես ազատ եւ ինքնուրույն երկիր պետք է լիներ, որպեսզի համաշխարհային քաղաքական թոհուբոհի մեջ իր տեղը զբաղեցնող երկիր լիներ: Քանի որ դա տեղի չի ունեցել, այս հրավերն իրոք միայն PR նշանակություն է ունենալու՝ միջազգային մակարդակով»:

Շատերը 100-ամյա տարելիցի հետ կապված մեծ հույսեր են կապում, մտածում են, որ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Մեր հարցին՝ պե՞տք է, այսպես ասած, այդ «կլոր թվի» հետ հույսեր կապել՝ Արմեն Բադալյանը պատասխանեց. «Չարժի, որովհետեւ ցանկացած գործոն, այդ թվում նաեւ ցեղասպանության գործոնը դու կարող ես օգտագործել: Իհարկե, դա ողբերգություն է, ճիշտ չի օգտագործել, բայց, այնուամենայնիվ, դա հնարավոր է օգտագործել արտաքին քաղաքականության օրակարգում, բայց միայն այն դեպքում, եթե դու ինքնուրույն երկիր ես եւ ինչ-որ քաղաքական կշիռ ունես: Բայց եթե փաստացի դու այլեւս ինքնուրույն երկիր չես, ունես շատ անհասկանալի արտաքին քաղաքականություն, ապա այդ ցեղասպանության հարցի օգտագործումը քեզ ոչինչ չի տալու: Հայաստանում, ինչպես նաեւ որոշ սփյուռքահայ համայնքներում միգուցե խիստ գերագնահատվում է Ցեղասպանության 100-ամյակի դերը: Այս պայմաններում դա այն կշիռը չի ունենալու, ինչ կարող էր ունենալ: Դա ընդամենը միջոցառումների մի շքահանդես է լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    100 ամյակ չի լինի:Կգա ետինը, որ մոռացվի առաջինը:Քաղաքական մանկամիտ շոպլիկություն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031