Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծագործողների ու քննադատողների մասին

Հունիս 05,2014 01:12

Մարդկանց՝ ըստ իրենց բնույթի, կարելի է բաժանել երկու խմբի՝ ստեղծագործողների եւ քննադատների: Անկախ նրանից, թե որ ոլորտում են աշխատում, ստեղծագործում, ինչո՞վ են զբաղվում՝ այդ մարդիկ չեն կարողանում դուրս գալ իրենց ի վերուստ տրված այդ «առաքելության» շրջանակներից:

Ստեղծագործողները աշխատում են, արարում են, քննադատները խոշորացույցը քթին դրած ընկնում են ստեղծագործողների հետեւից եւ սկսում ամեն քայլի մեջ սխալ գտել, ամեն արարքում՝ թերություն, փորձում են դասեր տալ, շրջանակների մեջ դնել եւ այլն…

Բոլոր դարերում քննադատներին չեն սիրել: Գրողներն ու երաժիշտները ատել են քննադատներին (կարդացեք հայտնի երաժիշտների եւ գրողների կենսագրականները), քանի որ արդարացիորեն դրանց համարել են իրենց հաշվին ապրող, իրենց արյունը խմող,  կյանքը թունավորող եւ դրա հաշվին վաստակող անպետք, ստեղծագործելու ոչ ունակ երեւույթներ:

Քննադատներն իրենց հերթին չեն սիրել ստեղծագործողներին, որովհետեւ մի կողմից՝ դա իրենց բնույթն է, մյուս կողմից՝ հասկացել, հասկանում եւ ցավով զգում են, որ իրենք չեն կարող անել այն, ինչ անում է ստեղծագործողը, եւ իրենց մնում է միայն քննադատել, թերություններ փնտրել, անուն կպցնել, վիրավորել: Բայց շատ հաճախ քննադատները չեն էլ հասկանում, որ իրենց տրված չէ ստեղծագործելը, նրանք համարում են, որ իրենց առաքելությունը ստեղծագործելն է, բայց իրենց առջեւ փակել են դռները, ճանապարհները, եւ անարժաններն են սկսել ստեղծագործել, իսկ իրենք հիմա քննադատում են, որ իրենց համար տեղ բացեն:

Զուր չէ, որ ստեղծագործողները միշտ քննադատներին համարել են ամենանախանձ կերպարներ՝ իրենք չեն կարողանում իրենցը ստեղծել, իսկ ստեղծողներին նեղացնում են:

Ստեղծագործողների եւ քննադատների օրինակներ կարող եք գտնել ամեն քայլափոխի՝ սկսած ձեր տան անդամներից, գործընկերներից եւ հարեւաններից, վերջացրած քաղաքական գործիչներով:

Հոգեբաններն ասում են, որ քննադատությունը կարող է շատ արագ փչացնել ցանկացած հարաբերություն: Որեւէ առողջ, կառուցողական բան քննադատության մեջ նրանք չեն տեսնում: Քննադատելու փոխարեն ինքդ արա՝ սա է նրանց առաջարկած բանաձեւը:

Իսկ ի՞նչ անել, եթե տեսնում ես սխալը, չասե՞լ: Ասել՝ չքննադատելով: «Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ ես դու միշտ ճաշը անալի սարքում, ի՞նչ է՝ ճաշ եփել չգիտե՞ս» ասելու փոխարեն ուղղակի պետք է աղը խնդրել եւ ավելացնել ինչքան պետք է: Իսկ եթե շատ աղի է՝ պարզապես մի կեր, սոված չես մեռնի, բայց քո քննադատությամբ կարող ես սպանել հարաբերություն: Գրողի պատմվածքը քննադատելու փոխարեն, եթե չես հավանում այն, ինքդ գրիր կամ եթե չես կարող՝ ուրիշ գիրք վերցրու կարդա: Եթե Ռեմբրանդտի նկարները չես հավանում, պարտադիր չէ թուր ու թվանք վերցնել եւ անցնել նրա վրայով, նկարիչները շատ են՝ այլոց աշխատանքներում գտիր քեզ հոգեհարազատին:

Առավել անտանելի է այն քննադատությունը, որն ուղղված է ոչ թե ստեղծագործությանը, այլ՝ ստեղծագործողին կամ այդ ստեղծագործության քո սեփական մեկնաբանությանը: «Դու ասում ես խնձոր, բայց քեզ շատ լավ ճանաչելով ես վստահ եմ, որ դու նկատի ունեիր սալոր, ու քանի որ հաստատ դու ուզում էիր ասել սալոր, կարող եմ ասել, որ դու սրիկա ես»: «Ինձ չի հետաքրքրում, որ դու ասում ես խնձոր, թեկուզ մրգային սալաթ ասեիր, միեւնույն է, ես քեզ չեմ հավատում եւ ընդհանրապես՝ դու սրիկա ես»:

Ո՞ւմ կարող են հետաքրքրել այս կարգի քննադատի մտքերը: Վստահ եմ՝ ոչ ոքի: Առավելագույնը՝ դրանք հերթական անգամ ցույց են տալիս քննադատի սին էությունը: Ստեղծագործելու ոչ ունակ էությունը:

«Քննադատել, նշանակում է հեղինակին բացատրել, թե ինչն է նա անում ոչ այնպես, ինչպես պետք է, եւ ինչպես կաներ ինքը՝  եթե կարողանար»՝ Կարել Չապեկ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30