Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը «կրակն է ընկել» Երվանդ Զախարյանի՝ կեղծիքներով որոշումների ձեռքը

Հունիս 06,2014 14:35

Արդեն մի քանի տարի է՝ Երեւանի Րաֆֆու 19 հասցեի բնակիչները պայքարում են նախկին քաղաքապետի՝ կեղծիքներով որոշումների դեմ ու իրենց շենքին մոտ գտնվող կանաչ տարածքի համար, որտեղ քաղաքապետարանը շինարարություն է թույլ տվել:
2008 թվականին Երեւանի քաղաքապետ աշխատած Երվանդ Զախարյանն այդ տարի որոշում է կայացրել նշյալ տարածքում գոյություն ունեցող երկու կիսակառույցները ավարտին հասցնել եւ մոտ 8 մետր բարձրության հասարակական նշանակության օբյեկտ կառուցել: Իրականում այդ հասցեում, որտեղ քաղաքապետարանը շինթույլտվություն է կատարել, երբեւէ ոչ մի կիսակառույց չի եղել: «Առավոտը» երբ այցելեց տարածք, անգամ հետք չկար կիսակառույցի, շենքի ամենահին բնակիչներն էլ մեզ հետ զրույցում վստահեցրին, որ երբեք որեւէ կիսակառույց շինություններ այդ կանաչ տարածքում ու դրան հարակից տարածքներում չեն եղել:

Բնակիչների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Առավոտին» ներկայացրեց քաղաքապետարանի որոշումների մասին փաստաթղթերը, ըստ որոնց՝ բացի այն, որ այդ չեղած կիսակառույցները քաղաքապետը հրամայել է ավարտին հասցնել, մի բան էլ կիսակառույցների մակերեսներից քսանապատիկ ավելի մակերեսով հող է օտարել այդ գոյություն չունեցող կիսակառույցների սեփականատեր Դմիտրի Անդրեասյանին:
«Սա եւս ապօրինի է, քանի որ, ըստ օրենքի, չի թույլատրվում կիսակառույցի զբաղեցրած մակերեսի կրկնապատիկից ավելի տարածք օտարել: Ստացվում է՝ 2 ապօրինի, կեղծիքներով որոշումներ է կայացրել քաղաքապետարանը»,- ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ ա՛յ, եթե այդ տարածքի օտարումը բխեր հանրային շահերից, ապա ավելի մակերեսով տարածք թույլատրվում է օտարել, բայց այդ դեպքում էլ օրենքը պահանջում է հրապարակային աճուրդ հայտարարել, ինչը չի եղել: Ուշագրավ է, որ չեղած կիսակառույցներն ավարտուն տեսքի բերելու քաղաքապետարանի որոշումը հիմնավորվել է, թե իբր դրանք պետք է պահպանվեն համայնքի շահերից ելնելով: Այդ կանաչ տարածքում տարիներ շարունակ նստարաններ եւ 2 հատ կարուսելներ են տեղադրված. այստեղ բնակիչներն իրենց հանգիստն են կազմակերպում, երեխաներն էլ՝ խաղում: Այսինքն՝ ըստ քաղաքապետարանի, համայնքի շահերից չեն բխում բնակիչների հանգիստն ու կանաչ տարածքը, եւ ստացվում է, որ շինթույլտվությամբ նախատեսվող 8 մետրանոց շենքն է համայնքի շահը:

Մինչդեռ Րաֆֆու 19 հասցեի բնակիչները մի քանի տարի է՝ իրավապահ մարմինների դռներն են ընկած եւ փորձում են քաղաքապետարանի ապօրինի որոշումը չեղյալ համարել՝ վստահեցնելով, որ այն ամենեւին չի բխում իրենց շահերից, սակայն անարդյունք. մե՛կ դատարանն է մերժում հայցը, մե՛կ ոստիկանությունն է ամիսներով գործը ձգձգում:

Փաստաբանի ներկայացմամբ՝ նախ դիմել են Վարչական դատարան. «Մեկ տարի քնեցնելուց հետո պատասխանեցին՝ դուք իրավունք չունեիք դիմել Վարչական դատարան: Ես այդ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրի, միջնորդությունս անհետացավ նրանց մոտից, մինչեւ հիմա ես ունեմ միջնորդության օրինակը, որն իրենց ցույց եմ տալիս, բայց դատարանը նորից ասում է՝ միջնորդություն չկա: Ակնհայտ է, որ դատարանն ուղղակի չէր ուզում գործը քննել: Վերաքննիչ դատարան էլ դիմեցի, որ Վարչական դատարանն իմ միջնորդությունը չի քննում, Վերաքննիչն էլ Վարչականի պատասխանը տվեց՝ իբր թե միջնորդություն չկա: Բա որտեղի՞ց ինձ մոտ հայտնվեց ինքնաբացարկի միջնորդության օրինակը: Սա ուղղակի հանցագործություն է»:
Ներկայումս 4 հայցով տարբեր ատյաններում բնակիչները պայքարում են կանաչ տարածքի պահպանման համար:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝ որպեսզի չեղած կիսակառույցի գոյությունը ինչ-որ կերպ քաղաքապետարանը հիմնավորի, փաստաթղթերից մեկում նշվել է, որ Դմիտրի Անդրեասյանը 1998 թվականին է իրականացրել շինարարություն ու կիսատ թողել, բայց եթե Անդրեասյանը շատ ուզենար էլ, չէր կարող այդ տարիներին շինություն կառուցել. նա 1998-ին ընդամենն 8 տարեկան է եղել: Բնակիչները նաեւ դիմել էին ոստիկանություն, որտեղ եւս մերժել էին գործ հարուցել, ապա նորից դիմել են դատարան, որտեղ արդեն որոշում է կայացվել քրեական գործ հարուցել:

Հիմա գործը Երեւան քաղաքի քննչական վարչությունում է, բայց այստեղ էլ, ինչպես փաստաբանը վստահեցրեց, 8 ամիս է՝ գործը «քնեցրել են»:

Փաստաբանի խոսքերով՝ «Քննիչը փոխանակ բուն գործով զբաղվի, ընկել է բնակիչների «հետեւից», նրանց սեփականության իրավունքի վկայականներն է փորփրում, բնակիչներից մեկն էլ շենքում կիսակառույց է սեփականաշնորհել, սկսել է հետաքրքրվել՝ թե ի՞նչ իրավունքով: Սա քննչականում հարուցված գործի հետ ամենեւին կապ չունի: Հետո պարզվեց, որ Դմիտրի Անդրեասյանի հայրը ցուցմունք է տվել, թե ինքն այդ տարածքում միայն հող է գնել: Սա եւս ապացույց է, որ այդտեղ կիսակառույցներ չեն եղել, նույնիսկ հողամասի վաճառքի իրավունք էլ չկար»:

Երկու տարի առաջ՝ 14.08.2014 թ.-ին, «Առավոտը» «Քաղաքապետարանը խախտումո՞վ է տարածքն օտարել» հրապարակմամբ անդրադարձել էր բնակիչների ահազանգին: Այն ժամանակ քաղաքապետարանը բնակիչներին վստահեցրել էր, որ այդ կանաչ տարածքում շինարարություն չի կատարվելու, եւ որ Անդրեասյանին այլ վայրում տարածք կտրամադրեն:

«Այդ էլ չարեցին, քաղաքապետարանն էլ է «կրակն ընկել» իր որոշման ձեռքը: Երբ դիմել էինք քաղաքապետարան, ասել էին՝ քանի որ սեփականատիրոջ հետ վեճ կա, խնդիրը դատարանի միջոցով լուծեք: Այսինքն՝ ուզում են իրենց վրայից «գցեն» ու սեփականատիրոջից ազատվեն դատարանի միջոցով: Այստեղ մի նրբություն կա՝ երեւի մեջտեղը մեծ փողեր են ֆռռացել: Հիմա էլ քաղաքապետարանը չգիտի՝ ինչ անի նրա հետ»,- համոզված է փաստաբանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30