Լրահոս
Օրվա լրահոսը

Վադիմ Գիգին. «Եվրասիական տնտեսական միությունը Սովետական միության վերականգնումը չէ»

Հունիս 06,2014 15:52

«Բելոռուսսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինը՝ «Եվրասիական ինտեգրում. Արդիական հարցեր» թեմայով ասուլիսի ժամանակ, որը կայացավ այսօր «Նովոստի» մամուլի սրահում, ասաց, որ ինքը լավատես է Եվրասիական միության ապագայի հաշվով, քանի որ վերեւից նշան կար՝ Աստված արդեն օրհնել է այդ միությունը՝ դրա ստեղծման մասին փաստաթղթերը ստորագրվել են մայիսի 29-ին, երբ տոնվում էր Քրիստոսի՝ երկինք վերհամբառնելու տոնը:

Ապա, ավելի հողեղեն բաների անդրադառնալով՝ Գիգինն ասաց, որ Լուկաշենկոն առաջ է քաշել «ինտեգրացիայի ինտեգրացիա» գաղափարը՝ Ատլանտիկից մինչեւ Խաղաղ օվկիանոս ինտեգրվելու վերաբերյալ: Եվ դրա համար, ըստ մեր բելառուս գործընկերոջ՝ կան բոլոր նախադրյալները՝ Չինաստանն է խոսում Եվրասիական միության հետ Մետաքսի մեծ ուղին վերականգնելու մասին, Վիետնամն է ազատ առեւտրի մասին առաջարկներ անում, Իրանի եւ Հնդկաստանի բիզնեսմեններն են հետաքրքրված, Եվրամիությունն էլ իր հերթին դեմ չէ՝ խորացնել հարաբերությունները: Այնպես, որ «որքան շուտ Հայաստանը միանա՝ այնքան լավ կլինի Հայաստանի համար»՝ ասում է Գիգինը:

Ի դեպ, ինչ վերաբերում է Եվրոպային. Գիգինի խոսքերով՝ Եվրոպան քննարկումների տեղ չի տալիս իրեն ինտեգրվողներին, ասում է՝ ահա ձեզ մոդել, ինտեգրվեք այս մոդելի համաձայն, եւ դարձեք մեզնից մեկը, եւ անկախ նրանից՝ դա Իտալիան է, Չեխիան, Ռումինիան թե Հունաստանը, բոլորի առջեւ նմանատիպ պահանջներ են դրված, իսկ Եվրասիական միությունում նման բան չկա՝ քննարկումներ են գնում, իրար լսում են… Այ, օրինակ, Ղազախստանն ասաց, որ պետք է «քաղաքական ինտեգրացիան» հանել պայմանագրի մեջից՝ ՌԴ-ն եւ Բելառուսը չմերժեցին, հանեցին: Կստեղծվե՞ն վերպետական կառույցներ՝ այո, բայց դրանք կլինեն տարբեր պետություններում՝ անկախ չափից եւ բնակչության քանակից, օրինակ՝ Եվրասիական կոմիտեն կլինի Մոսկվայում, Դատարանը՝ Մինսկում, մեկ այլ կարեւոր օրգան՝ Աստանայում, եթե Հայաստանը արագ միանա, մի բան էլ Երեւանում կդնեն՝ խոստանում է Գիգինը:

Այսքանով, սակայն, Եվրասիական տնտեսական միության գրավչությունը Գիգինի համար չի ավարտվում, կա մի ամենակարեւոր պահ՝ «Ոչ մի կերպ չի կարելի ասել, որ սա ՍՍՀՄ վերականգնումն է: Մենք ինքներս էլ համաձայն չենք դրան: Մենք ստեղծում ենք նոր, դինամիկ պրոցես, եւ խնդրում եմ մի ընկալեք Եվրասիական միությունը Եվրամիության կամ գլոբալիզացիայի թշնամի, մենք ստեղծում ենք մեր միությունը, որի մեջ մենք բոլորս սուբյեկտներ ենք լինելու, եւ ոչ թե՝ օբյեկտներ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30