Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ իշխանականների» կառուցողականությունը

Հունիս 13,2014 12:45

Ընդդիմության «ոչ իշխանականն» է լավը.
բոլորը գոհ են, «չաղ ու բախտավոր»

«Հրաշալի քառյակի» ներկայացուցիչները կրկին ապացուցեցին, որ իսկապես «ոչ իշխանական» ուժեր են, այլ ոչ թե ընդդիմություն: Նրանց ու իշխանությունների միջեւ տարբերությունը թերեւս այն է, որ «քառյակի» ներկայացուցիչները իշխանության կրող չեն:

«Ոչ իշխանական» ուժերի հրապարակած 12 կետից բաղկացած պահանջների ցուցակ կարող է կազմել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, նույնիսկ դպրոցական միջին տարիքի ցանկացած աշակերտ:

Զավեշտն այն է, որ եթե ըստ խորհրդարանական «ոչ իշխանական» ուժերի` «երկիրը կործանվում է»՝ նման մակարդակի 12 կետերով ցուցակ ներկայացնելն իշխանությանը ոչ միայն անտրամաբանական է, այլեւ չորս քաղաքական ուժերի համատեղ գործունեությունն է անիմաստ դառնում, եթե թղթին է հանձնվում երկրի փրկության նման որակի ծրագիր կամ «բարեմաղթանքների» շարք:

12 կետից բաղկացած պահանջներում, բնականաբար, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պահանջ չի դրվում: Այն, որ «քառյակի» համար «ընդունելի» վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը «ոչ իշխանական ուժերը» ժամանակ էին տալու, դա պարզ էր ի սկզբանե: Պարզ չէ այն, թե «ընդդիմադիր» դաշտում գոյատեւելու համար ինքնաոչնչացման նպատակասլացությունն ինչու է այսպիսի «հետեւողականությամբ» ապացուցվում:

Եթե մեծ ջանքեր գործադրելով նույնիսկ փորձենք լրջություն հաղորդել այդ պահանջների ցուցակին, ապա պետք է նշենք, որ «քառյակը» փորձել է իր 12 կետանոց պահանջներում ներկայացնել իբր հասարակությանը հուզող ամենակարեւոր խնդիրները: Սակայն դրանցում խտրականության դրսեւորումներ կան: Օրինակ՝ չկա ռուսական «գազային պայմանագրին», գազի գներին որեւէ անդրադարձ: Հետաքրքիր է ցուցակի յոթերորդ կետը՝ «բացառել «Որոտան ՀԷԿ»-երի համալիրի գույքի վաճառքն առանց Ազգային ժողովի հավանության», որը կարելի է շարունակել թերեւս այսպես` կամ եթե վաճառքն իրականացվի առանց ԱԺ-ի, ապա միայն ռուսական կողմին, այլ ոչ թե ամերիկյան կողմին… Գուցե այնքա՞ն էլ պատահական չէ, որ ՀԱԿ-ը «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքի կոռուպցիոն բնույթը հիմնավորող խախտումներ է գտել, թեեւ նշում են, որ ոչ թե դեմ են ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը, այլ գործարքի էությանը:

Քառյակի պահանջներում խոսք չկա մեր տարածաշրջանում հիմնական դերակատար ՌԴ-ի կողմից Ղարաբաղյան հակամարտության կողմերին զինելու խնդրի առնչությամբ, ինչը կոնկրետ նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգության խնդրի հետ: Արտաքին քաղաքականությանը վերաբերող միակ կետը հետեւյալն է` «չստորագրել որեւէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կնախատեսվի հաստատված հարաբերությունների՝ ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն»: Եվ ոչ մի ակնարկ այն մասին, որ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միության եռյակի վերջին հավաքում է Հայաստան-Լեռնային Ղարաբաղ «միասնական տնտեսական ռեժիմը» խոչընդոտելու «հայտը» ներկայացվել:
Պակաս ուշագրավ չէին «քառյակի» ներկայացուցիչների գնահատականները 12 կետանոց պահանջները ներկայացնելիս: Քառյակն ակնկալում է, որ իշխանությունները իրենց պահանջները պետք է իրականացնեն մինչեւ 2014թ. սեպտեմբերի վերջը, իսկ իրենք աշնանը Ազատության հրապարակում կհրավիրեն համապետական հանրահավաք, որտեղ կամփոփեն պահանջների կատարումը եւ կորոշեն հետագա գործողությունները…
Եթե մինչեւ սեպտեմբերի 30-ը իրենց պահանջները չկատարվեն, այդ դեպքում քառյակը պահանջելո՞ւ է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Պարզվում է, որ դա այնքան էլ հավանական չէ, եթե չասենք` անհնար… Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խիստ ուշագրավ դիտարկում է արել` եթե հարցեր ես բարձրացնում, ու դրանք լուծում չեն ստանում, ապա միակ ճանապարհը մնում է իշխանափոխությունը, բայց այդ հարցում իրենք այլ մոտեցումներ ունեն: «Պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի, եթե մենք չգիտենք՝ դրանից հետո ինչպիսի համակարգ ենք ունենալու»,- նկատել էր նա, ապա հավելել, թե` իշխանափոխություն, այսպես թե այնպես, 2017-18 թվականներին լինելու է, իրենց խնդիրն այն է, որ ապահովվի այդ իշխանությունը ժողովրդին ծառայեցնելը…

Եթե այսպես թե այնպես՝ իշխանափոխություն լինելու է 2017-18 թվականներին, ապա «ոչ իշխանական» ուժերին արդյոք պե՞տք է «չարչարվել», կարելի է զբաղվել ավելի ազգօգուտ գործով. խորհրդարանում վճռորոշ հարցերում իշխանական ՀՀԿ-ի հետ քվեարկություններ անցկացնել, բայց երկու-երեք տարի ելույթներ ունենալ «խուճապի մեջ» գտնվող եւ ուր որ է՝ հեռացող «ռեժիմի» մասին:

Հետաքրքրական է ՀԱԿ-ի դրությունը: Այստեղ շարունակում են վստահ լինել՝ բոլոր խնդիրների լուծումը հնարավոր է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու դեպքում, բայց թե ինչու 12 կետերում չի ընդգրկել նաեւ այդ պահանջը, բացատրում են. «Կետերում կա այն, ինչի շուրջ մենք համաձայնվել ենք»: ՀԱԿ-ում համոզված են, որ «չար ծառը՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի չար ծառը, բարի պտուղ չի կարող տալ»: Մնում է հասկանալ, թե «ազգի փրկության» այդ կարեւոր հարցում «քառյակում» լինելով փաստորեն փոքրամասնություն՝ նման պայմաններում ՀԱԿ-ը ինչո՞ւ չի հեռանում քառյակից, փողոց դուրս գալիս ու առանց ԲՀԿ-ի շարունակում իր պայքարը:

Հանրապետականների ցնծությունն, իսկապես, կարելի է հասկանալ, նրանք գնահատելով քառյակի կողմից իրենց ներկայացված 12 պահանջները՝ փաստում են. «գալիս է այն կոնստրուկտիվ ընդդիմությունը, որ մենք ուզում ենք…»: Նման գնահատական էր տվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ավելի առաջ ընկել իրադարձություններից: ՀՀԿ-ն արդեն պատասխան ունի, որ եթե 12 կետերը մինչեւ սեպտեմբերի 30-ը չկատարվեն, ինչ են ասելու. «Եթե հիմա իրենք սեպտեմբերին ասում են՝ կասենք, որ դա սեպտեմբերին չի լինի, մայիսին կլինի, թող իրենք իրենց քայլերը ձեռնարկեն»:

Ահա այսպիսի խիստ «կառուցողական» իրավիճակ:

Եվ ընդհանրապես` ընդդիմության «ոչ իշխանականն» է լավը` բոլորը գոհ են, «չաղ ու բախտավոր»… Պուտինը կամ գոնե Սմբատ Կարախանյանն էլ, հավանաբար, դժգոհ չեն մնա:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30