Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի սպանության գործով մեղադրանքի կողմի բոլոր «ապացույցները» դատարանում հօդս են ցնդել

Հունիս 18,2014 14:10

Վանաձորցի փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով մեղադրանքի հիմքում դատաբժշկական երկու փորձաքննության եզրակացություն է դրված՝ սկզբնական եւ լրացուցիչ հանձնաժողովային: Առաջինում փորձագետը հանգել է հետեւության, որ հանգուցյալի բոլոր վնասվածքները կարող էին առաջանալ մեկ ներգործության, մահն էլ՝ մեկ հարվածի հետեւանքով, իսկ հանձնաժողովայինը բացառել է մեկ ներգործությունը՝ որպես մահվան պատճառ, եւ նշել, որ այն վրա է հասել բազմակի հարվածներից:

Նախաքննական մարմինը, առանց կոնկրետացնելու, թե սրանցից որն է իր «տեսանկյունից» արժանահավատ, որը՝ ոչ, երկուսն էլ ներառել է մեղադրական եզրակացության մեջ: Մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի, երկրորդը նույնիսկ դատավարական փաստաթուղթ չի կարող դիտվել՝ հետեւյալ պատճառաբանություններով:
Նախաքննական մարմինը լրացուցիչ փորձաքննություն է նշանակել սկզբնական փորձաքննության եզրակացությունն ստանալուց մեկ ամիս անց: «Եթե կային որոշակի հարցեր, որոնք պարզաբանելու, լրացնելու կարիք ունեին, ինչո՞ւ էին մեկ ամիս սպասում: Սպասել են՝ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալները հայտնաբերվել են, նոր նշանակել են լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որի անհրաժեշտությունը բացարձակ չկար»,- նկատում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Քրեական դատավարության օրենսգրքով՝ փորձագիտական եզրակացության մեջ պարտադիր պետք է նշվեն՝ ինչպիսի օբյեկտներ են հետազոտվել, ինչպիսի հետազոտություններ են կատարվել, ինչպիսի մեթոդներ են կիրառվել: Իսկ սույն գործով երեք փորձագետի կողմից տրված հանձնաժողովային եզրակացությունն ընդհանրապես չունի հետազոտական մաս, այսինքն օրենքի պահանջը՝ ինչպիսի հետազոտություններ են կատարվել եւ ինչ մեթոդներով, բացակայում է: Դատաքննության ընթացքում փորձագետն իր եզրակացության մեջ ներառված՝ դիակի եւ դեպքի վայրի զննության արձանագրություններն է փորձել ներկայացնել իբրեւ այդպիսին: «Փորձագետը քննիչի կազմած դեպքի վայրի զննության արձանագրության արտագրելը համարեց հետազոտական մաս, բայց 5-6-րդ դասարանի աշակերտն էլ կարող էր դնել արտագրել, եւ դրա համար հատուկ մասնագիտական գիտելիքներ չեն պահանջվում: Իսկ թե ինչ մեթոդիկա են կիրառել, ընդհանրապես պարզ չէ՝ ըստ եզրակացության»,- նշում է Ռուբեն Հակոբյանը:

Երկրորդ եզրակացության «հետեւություններ» բաժնում նկարագրված են մարմնական վնասվածքներ, որոնք նույն եզրակացության «նկարագրական-հետազոտական» մասում չկան, դրանք չեն եղել նաեւ առաջին փորձաքննության եզրակացության մեջ: «Հարգելի փորձագետ, եթե դու նշում ես մարմնական վնասվածքներ, որոնք իբր տեսել ես, չգիտե՞ս, որ դրանց ձեւը, չափը, բնույթը, ծավալն էլ պետք է մանրամասն նկարագրես քո եզրակացության հետազոտական մասում: Հետեւություններում տրվում են այն եզրակացությունները, որոնց հանգում ես հետազոտությունների արդյունքում: Բայց եթե չես նկարագրել, ինչպե՞ս ես հետեւության հանգել: Նոր վնասվածքներ ես նշում, օդից վերցրեցի՞ր»,- հարցնում է փաստաբանը:

Առաջին փորձագետից պահանջելով հանգուցյալի ճակատային եւ ծոծրակային ախտահարված հատվածներից վերցված նմուշները՝ 3 փորձագետները դրանք ենթարկել են հետազոտության, եւ արդյունքում, չեն հայտնաբերվել արյունահավաքներ: Լաբորատոր հետազոտության այս պատասխանն իրենց եզրակացության մեջ ներառելով՝ փորձագետներն իրենց հակասելով, արձանագրել են, որ նշված հատվածներում արյունահավաքներ առկա են՝ ելնելով լուսանկարներից:

Ինչ լուսանկարներ են դրանք եւ ինչպես են հայտնվել քրեական գործում:
Երբ նախաքննական մարմինը քրեական գործը հանձնել էր փորձագետներին՝ հանձնաժողովային փորձաքննությունը կատարելու համար, այն վերադարձնելուց հետո պաշտպանական կողմը նկատել էր, որ քրեական գործում հայտնվել են լուսանկարներ, որոնք մինչ այդ չկային: «Փակցված էին միայն փորձագետի եզրակացությանը կից հավելվածում՝ բացված վիճակում գանգի եւ ուղեղի լուսանկարները: Ինչպես են դրանք ձեռք բերվել եւ ում լուսանկարներն են՝ հարցերին փորձագետն այդպես էլ պատասխան չգտավ դատարանում: Ասաց, որ քրեական գործի հետ ծրարով փակված սկավառակ են ստացել, որտեղից էլ արտատպել են դրանք: Փորձեցի պարզել՝ սա ձեր եզրակացությունն է, ցույց տվեք այն հատվածը, որտեղ նշել եք, որ քրգործի նյութերում առկա է ծրար, որը կնիքված է, փաթեթի ամբողջականության խախտում չկա, ծրարից հանվեց սկավառակ, դրվեց այսինչ տեսակի սարքի մեջ, այսինչի կողմից արտատպվեց, նորից դրվեց ծրարի մեջ, փակվեց, կնիքվեց եւ ուղարկվեց: Փորձագետը պատասխանեց, որ եթե դա քրեական գործի մեջ կարված ծրար է եղել, պարտավոր չէին այդ բոլոր գործողությունները նկարագրել եզրակացության մեջ»,- վրդովված ասում է Ռ. Հակոբյանը: Դատարանում հետազոտված այդ ծրարի վրա ոչ մի կնիք չկար: Դեպքի վայրի զննություն իրականացրած երեք քննիչներն ու դատաբժշկական փորձաքննությունների Լոռու մարզային բաժնի դատաբժիշկը, որը նաեւ մեկ օր անց դիահերձարանում ներկա է եղել մեկ այլ քննիչի կողմից դիակի արտաքին զննությանը, արձանագրել են հանգուցյալի մարմնի վրա առկա վնասվածքները: Բայց հանձնաժողովային փորձագետներն իրենց լուսանկարչական հավելվածով նոր վնասվածքներ են «հայտնաբերել», որոնք, ստացվում է, երեք քննիչներն ու դատաբժիշկը երկու օր անընդմեջ չեն կարողացել տեսնել: Ըստ փաստաբանի. «Եթե երեք քննիչ տեսել ու չեն նկարագրել, չորրորդ քննիչը հաջորդ օրը չի նկարագրել, նույն մասնագետը երկու անգամ այդ վնասվածքը տեսել ու չի նկարագրել, ուրեմն այդ մարդիկ պաշտոնական դիրք են չարաշահել կամ էլ ապացույց են կեղծել: Մինչդեռ առաջին եզրակացություն տվող փորձագետը հայտնեց, որ այդ լուսանկարներում վնասվածքներ չեն, չորացած արյան հետքեր են, որոնք դեպքի վայրում շատ են, լվանալուց հետո էլ մի քիչ մնացել են խոռոչներում»:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
17.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30