Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես հարսը տանելուց հետո են իմանում, այնպես էլ ձմերուկը՝ կտրելուց հետո» (Տեսանյութ)

Հուլիս 07,2014 13:20

Մինչեւ հուլիսի 15-ը ձմերուկ պետք է չուտել, քանի որ այդ ժամանակաշրջանի ձմերուկները ներկրված են եւ քիմիական նյութերով պարարտացված: Այսօր «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Ըստ նրա՝ ինչպես հարսը տանելուց հետո են իմանում այդպես էլ ձմերուկը՝ կտրելուց հետո:


Սպառողների պաշտպանի խոսքերով, վաճառողները խաբում են, ճիշտ տեղեկատվություն չեն տալիս, չեն ասում, որ ասենք՝ լոլիկը, ձմերուկը ներկրված են. «Հիմա ամեն ինչ խառնվել է, լոլիկի վրա պիտակ են կպցնում՝ իբր Աշտարակից է, այս սեզոնին Հայաստանում ձմերուկ չկա, եթե, իհարկե, ինչ-որ թունաքիմիկատներով աճեցրած չէ»:

Aravot.am-ի հարցին, թե սպառողը կարո՞ղ է տվյալ ապրանքի ծագման համար հավաստագիր պահանջել, արդյոք գյուղացին, օրենքով, պե՞տք է ունենա այդ փաստաթուղթը, տիկին Հակոբյանն ասաց, որ դեռ այդ հարցերը հստակեցված չեն եւ այսօր հիմնականում վերավաճառողներ են, իսկ գյուղացին չի կարող սերտիֆիկատ հանել, քանի որ նրա վրա թանկ է նստում:


Երշիկեղենը կտրատած պահելը 72 ժամից ավել նույնպես վտանգավոր է: Ըստ ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանի, հաճախ ոչ թե արտադրողներն են մեղավոր լինում ապրանքի ժամկետների, պահպանման պայմանների, այլ՝ խանութը, որը չի ապահովում այդ պայմանները:

Ասոցիացիան օրական 15-20 բողոք է ստանում սպառողներից: Դժգոհում են անգամ ատամնաբույժների վատ աշխատանքից: Տիկին Հակոբյանը խորհուրդ տվեց օգտվել տեղական յոգուրտներից, քանի որ ներկրվածներն ունեն պահպանման երկար ժամկետ, ինչը նշանակում է, որ կոնսերվանտները շատ են, օգտակար հատկությունները՝ քիչ:

Սպառողների պաշտպանները նաեւ կոչ արեցին չխմել գազավորված ըմպելիքներ, փողոցներում վաճառվող լցնովի պաղպաղակից էլ չուտել: Ըստ տիկին Հակոբյանի, դրսում պաղպաղակ վաճառող տնտեսվարողը պարտավոր է պայմանագիր ունենալ պաղպաղակի արտադրությամբ զբաղվող ընկերության հետ, որպեսզի ոչ թե ինքը կաթն ու կաթի փոշին խառնի ու տեղում պատրաստի, այլ իր ապրանքը վերցնի այդ ընկերությունից. «Դրսում պաղպաղակի կետը պետք է ստեղծի սանիտարահիգիենիկ պայմաններ, ինչը նման փոքր արտադրողի համար դժվար է»:

Տիկին Հակոբյանը վստահեցրեց, որ մեր երկրում մարդիկ ավելի շատ մահանում են ոչ թե թունավորումներից, այլ՝ նյարդային սթրեսներից առաջացած հիվանդություններից.

«Մեզ մոտ անընդհատ սթրեսներ են, վաղը չգիտես գլխիդ ինչ է գալու, մի օր արթնանում ես հարկային փոփոխություններ են լինում, այդ կենսաթոշակային բարեփոխումները, գազի էլեկտրաէներգիայի թանկացումը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պապին Դավթյան ,Հռոմ,Իտալիա says:

    Էս ինչ հետամնաց եք․․․․Եվրոպայում ձմերուկը կտրում նոր տանում են,իսկ հարսին մի որոշ ժամանակ,ասենք 6 ամսից մինչև մաքսիմումը 2 տարի փորձում են ,իհարկե ամեն ձևի նոր ամուսնանում են․․․Տո հետամնացներ․․․․․․

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031