Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր. «Եթե մեզ հեռուստատեսությամբ ցույց չեն տալիս, դա չի նշանակում, որ մենք աշխատանքներ չենք անում»

Հուլիս 07,2014 18:20

Իմ զրուցակիցն է Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը

-Պարո’ն Կարապետյան, երբ Վահե Հակոբյանը դարձավ Սյունիքի մարզպետ, Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38  ընտրատարածքից  Դուք ընտրվեցիք պատգամավոր: Այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ են տարվել Ձեր կողմից, ինչո՞ւ ընտրողները մինչեւ օրս Ձեզ ԱԺ-ի ամբիոնից Սյունիքի խնդիրների մասին բարձրաձայնելիս  չեն տեսել:

-Նախ սկսեմ նրանից, որ հասարակության մեջ հստակ չի ձեւավորված պատգամավորի պարտականությունները, իրավունքներն ու լիազորությունները: Պատագամավորի պարտականությունները ԱԺ-ում վերհանեն հիմնախնդիրները եւ մասնակցեն օրենքների ձեւակերպմանը: Նախընտրական արշավի ժամանակ Կապանից, Քաջարանից, Ագարակից եւ Մեղրիից բազմաթիվ խնդիրներ են բարձրացվել բնակչության կողմից: Ճիշտն ասած սեպտեմբեր ամսին, երբ ես ընտրվել եմ, 2014թ.-ի բյուջեն արդեն ձեւավորվել էր: Այժմ առավելությունն այն է, որ արձակուրդում եմ, Սյունիքում եմ, արդեն նմանատիպ խնդիրները բարձրացնելու դեպքում աշնանային նստաշրջանում ես կարող եմ բարձրացնել:

-Այս ամբողջ ընթացքում արդյոք չկայի՞ն այնպիսի հիմնախնդիրներ, որ ձեւավորված բյուջեի հետ չէին առնչվում: Դուք համայնքներ էիք այցելում նախընտրական քարոզչության շրջանում, այնտեղ մարդիկ իրենց խնդիրների, հոգսերի մասին չէի՞ն տեղեկացնում:

-Բավականին խնդիրներ կային` գյուղապահպանության, դպրոցի, գյուղապետարանի պահպանության  եւ այլն: Այս պահին ես տարածքային ինքնակառավարման հանձնաժողովում եմ, այդ հանձնաժողովն ուսումնասիրում է համայնքների խոշորացման խնդիրը: Բայց խոշորացումն էլ պետք է իրականացվի ըստ տարածաշրջանների առանձնահատկությունների: Հատկապես սահմանամերձ գոտիներում պետք է առաջնահերթ դնես գյուղապահպանության հարցը:

-Սյունիքի մարզում համայնքների խոշորացումը, այդ առումով,  արդյունավետ կլինի՞: Արդյոք այդ ծրագիրը ճի՞շտ է ի կատար ածել մեր տարածաշրջաններում:

-Ես գտնում եմ, որ դեռեւս Սյունիքի մարզում կարելի է սպասել, քանի որ դրա փորձը դեռ չկա Հայաստանում, կարելի է դա նախապես այլ մարզերում կատարել, որից հետո արդեն Սյունիքում, քանի որ Սյունիքի մարզը ռազմավարական եւ սահմանամերձ գոտի է: Սահմանամերձ գոտիներում պետք է շատ զգույշ լինել: Եթե մենք այսօր սահմաններում կորցնենք գյուղը, հետագայում լրացուցիչ ծախսեր է պահանջվելու այդ սահմաններում զինվորներ դնելու համար: Իսկ զինվորներ պահելն ավելի մեծ գումարներ են պահանջում, քան`  գյուղացիներ: Գյուղացիներն իրենք սահմանապահներ են: Սյունիքի մարզում պետք է վերապահորեն այս հարցին մոտենալ, կարծում այստեղ դեռ շտապել պետք չէ, հատկապես սահմանամերձ գոտիներում:

-Արձակուրդի ժամանակ նախատեսո՞ւմ եք հանդիպել  բնակիչների հետ:

-Ինձ թվում է կաշխատեմ այս ընթացքում, որովհետեւ վերջին ժամանակներս ես քիչ եմ եղել Սյունիքի մարզում, քանի որ  արտահերթ նիստերը շատ էին: Այս ընթացքում իմ հանդիպումները շատ կլինեն ընտրողների հետ, գյուղեր, քաղաքներ   այցելելու պլաններ ունեմ  եւ անմիջապես արձակուրդներից հետո աշնանային նստաշրջանի ժամանակ, երբ   քննարկվի արդեն 2015թ.-ի պետական բյուջեն, այստեղի խնդիրները կարող ենք այնտեղ բարձրացնել եւ ընդգրկել բյուջեի մեջ:

-Այն ժամանակ ապրելով, ծանոթ լինելով բնակչության մտահոգություններին, այս տարածաշրջանների համար ի՞նչ հրատապ հիմնախնդիրներ էիք առանձնացրել դեռ այն ժամանակ: Բնակիչները մշտապես բարձրաձայնում են, որ գործազրկության մակարդակն այստեղ բարձր է, մարդիկ շարունակում են արտագաղթել, սահմանամերձ գյուղերը նախանձելի վիճակում չեն գտնվում:

-Միայն Սյունիքում չէ, բոլոր մարզերում աշխատատեղերի խնդիրը կա: Սյունիքը սահմանային գոտի է , այստեղ պետք է բնակչության թիվը պահպանվի: Այնուամենայնիվ, եթե մյուս մարզերի հետ համեմատենք, Սյունիքը, անկեղծ ասած այն չափով չի վատ, ինչպես ասում են, որովհետեւ այստեղ լեռնային արդյունաբերությունն ինչ-որ ձեւով պահպանում է մարզը. Կապանի, Քաջարանի կոմբինատներն աշխատում են: Իհարկե, դրանք բավական չեն զբաղվածության խնդիրը ամբողջապես  լուծելու համար: Կապանում զբաղվածության խնդրից բացի պետք է մեծ ուշադրություն դարձնել բնակֆոնդի պահպանմանը: Այստեղ բարեկարգման, տանիքների, վերելակների նորոգման, կանաչապատման ավելացման, հանգստի գոտիների պատրաստման եւ նմանատիպ շատ խնդիրներ կան, որոնց  ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն:

-Խնդրում եմ ամփոփեք սեպտեմբերից մինչեւ օրս Ձեր կատարած աշխատանքը եւ կասեք, թե ի՞նչ խնդիրներ եք բարձրացրել ԱԺ-ում:

-Բավականին խնդիրներ են  բարձրացվել իմ կողմից:

-Կոնկրետ կասեք ի՞նչ հարցեր եք բարձրացրել:

-Կապանում երիտասարդ ընտանիքների շենքերի կառուցման հարցը, հարավ-հյուսիս ճանապարհի համար բավականին խնդիրներ եմ ես բարձրացրել, թե մեր տարածաշրջաններում, երբ են այդ աշխատանքները մեկնարկելու, քանի որ մեր ճանապարհները բավականին դժվարանցանելի են: Այնպես չէ, որ մենք խնդիրներ չենք բարձրացնում, ուղղակի հեռուստատեսությամբ հնարավոր չէ բոլորի ելույթները հրապարակել: Եթե ցույց չեն տալիս, դա չի նշանակում աշխատանքներ չենք անում:

-Պարոն Կարապետյան, ես բնակիչների հետ իմ հանդիպումների ժամանակ բազմիցս եմ լսում, որ տեղյակ չեն թե Դուք Սյունիքի համար ինչ եք անում, նույնիսկ շատերը կան Ձեզ չեն ճանաչում: Մտադի՞ր եք գոնե ընտրողների հետ պարբերաբար հանդիպումներ ունենալ:

-Չէի ասի, որ քաղաքացիներն իրենց պատգամավորին չեն ճանաչում, ես 85 տոկոս ձայն եմ հավաքել, բոլորն էլ ճանաչում են, ուղղակի ես ընդամենը մի քանի ամիս եմ աշխատել ԱԺ-ում, այնպես չի, որ անմիջապես շոշափելի հաջողությունների ենք հասել, որ բերենք ներկայացնենք ընտրողներին: Այնուամենայնիվ, գտնում եմ, որ պետք է ընտրողների հետ հանդիպել եւ նրանց բարձրացրած խնդիրները տեղափոխել ԱԺ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031