Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդները բուժկենտրոնին են «քցել», բուժկենտրոնն էլ աշխատավարձեր չի տալիս

Հուլիս 14,2014 14:40

«Արամյանց» բժշկական կենտրոնը, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է Շտապօգնության կամ 3-րդ կլինիկական հիվանդանոց, ֆինանսական լուրջ խնդիրներ ունի. հիվանդանոցի տնօրինությունը բուժանձնակազմին է պարտք, հիվանդներն էլ՝ բուժհիմնարկին:

«Արամյանց» բուժկենտրոնը մի քանի ամիս է՝ չի կարողանում բուժանձնակազմի աշխատավարձերը վճարել: Մեր տեղեկություններով՝ բուժաշխատողների մի մասն անցյալ տարվա նոյեմբերից չի ստացել աշխատավարձերը, իսկ մի մասն էլ՝ այս տարվա հունվարից: Բուժկենտրոնի ղեկավար Սամվել Հարությունյանը, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբայրն է, «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ ֆինանսական խնդիրներ ունեն, եւ աշխատավարձերի որոշակի պարտքեր կան: «Խնդիրներ կան հիվանդների թվաքանակի հետ կապված, աշխատակազմը մեծ է, իսկ հիվանդները՝ քիչ, հետեւաբար ֆինանսական մուտքերն էլ են քիչ: Բայց կարծում եմ՝ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում խնդիրը կհարթվի»,- ասաց պարոն Հարությունյանը: Իսկ եթե բուժանձնակազմը հիվանդների քանակի համեմատ մեծ է, ապա խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել անձնակազմի կրճատումը, բայց պարոն Հարությունանը վստահեցրեց, որ չի ցանկանում այդպիսի քայլի դիմել. «Եթե կրճատումներ անեինք, ապա նորից սոցիալական խնդիր էր առաջանալու, նույն մարդը՝ բուժաշխատողը, որը աշխատավարձ ստանալու պահանջ է ներկայացնում, պիտի ասեր՝ խնդրում եմ, մի ազատեք ինձ աշխատանքից: Գիտեք, երկակի խնդիրներ կան՝ կա՛մ պիտի հասկանան, որ վիճակն այսպիսին է, ու կրճատումներ անենք, կա՛մ պիտի սպասենք՝ մինչեւ ֆինանսական խնդիրները լուծվեն»:

«Առավոտի» այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ այս հիվանդանոցում, ի տարբերություն մյուսների, հիվանդների պակաս կա, արդյոք պետպատվերի ծավալը որոշ առումով հարցը չի՞ լուծում, պարոն Հարությունյանն ասաց. «Մենք շատ մտահոգված ենք, բայց դա իրավիճակից է գալիս. հիմա սա սեզոնային բնույթ է, թե օրինաչափություն է դարձել այս կենտրոնի համար՝ լուրջ վերլուծություններ են պետք: Անցյալ տարի ամսական 300-350 հիվանդ էինք ունենում, այս տարի՝ 120-130: Նույնիսկ պետպատվերի քանակն այնքան քիչ է, որ ստիպված ժամանակ առ ժամանակ մերժում ենք հիվանդներին»:

Այս կլինիկային կառավարությունը պետպատվերի համար գումար է հատկացնում, ինչպես պարոն Հարությունյանն ասաց՝ տարեկան 70 միլիոն դրամ. «Սա մի ստոմատոլոգիական կլինիկայի պետպատվեր է, 70 միլիոնն ինչ է հիվանդանոցի համար: Տարիներ շարունակ պետպատվեը մեզ մոտ քիչ է եղել. մի տեղում աստղաբաշխական թվեր են, մեզ մոտ՝ այսքան քիչ: Մինչդեռ մենք ի վիճակի ենք ավելի մարդ ընդունել, ես ինչո՞ւ պիտի դատարկ մահճակալի դեպքում մերժեմ հիվանդին կամ հայտարարություն փակցնեմ, թե՝ պետպատվերը վերջանալու պատճառով չենք կարող ընդունել: Սա ի՞նչ մոտեցում է, ես դեմ եմ այս մոտեցմանը»:

Գուցե մենեջմենթի խնդիր կա՞, մեր այս հարցին հիվանդանոցի ղեկավարն ասաց, որ ամեն հնարավոր բան արել են. «Էլ ի՞նչ անենք, զեղչային համակարգ մտցրինք, գովազդային աշխատանքներ կատարեցինք, հսկայական վերանորոգման աշխատանքներ արեցինք, պայմանները բարելավել ենք: Ինչ-որ առումով կարող եմ նաեւ «գլուխ գովել», որ սպասարկման որակն էլ, մասնագետներն լավն են՝ որ պրոֆիլն ուզում եք վերցրեք՝ քիթ-կոկորդ-ականջ, դիմածնոտային բաժանմունք, վիրաբուժության, սրտաբանության բաժանմունքները հոյակապ որակի են: Ամեն դեպքում՝ պետք է վերլուծենք ու հասկանանք խնդիրը»:

Պարոն Հարությունյանի ներկայացմամբ՝ որպեսզի հիվանդներին, որոնք վճարման խնդիրներ ունեն, չմերժեն, փորձել են նրանց համաձայնությամբ պայմանագրով աշխատել. նախ՝ բուժել, հետո՝ վճարել, սակայն բազմաթիվ հիվանդներ, որոնք պայմանագրով պարտավորվել էին կատարել վճարումները հետո, այդպես էլ չեն վճարել, արդյունքում՝ բուժկենտրոնին մի քանի տասնյակ հիվանդներ 55 միլիոն դրամի պարտք ունեն: «Հիմա դատական խնդիրների մեջ ենք, ԴԱՀԿ-ն (դատական ակտերի հարկադիր կատարում- Ն. Բ.) ասում է՝ էդ մարդիկ գույք չունեն բռնագանձելու: Այդ հիվանդները պայմանագիրը կնքել են, բուժվել են, հետո ասում են՝ գումար չունենք, գույք չունենք»:

Իրենց աշխատավարձերը ստանալու խնդրով «Արամյանց» բուժկենտրոնի անձնակազմը դիմել է նաեւ կառավարություն, բայց որեւէ արձագանք չեն ստացել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Իսկ թե ինչպես է պետբյուջեից բաշխվում պետպատվերով գումարները, եւ ի՞նչն է պատճառը, որ մի հիվանդանոց դրա պակասի պատճառով մերժում է, մյուսը ազատ մահճակալ չունենալու համար հերթագրում է՝ կներկայացնենք առաջիկա համարներից մեկում:

«Առավոտ» օրաթերթ
12.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031