Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպան եւ մենք». «Դժբախտ նախապատմության» եւ «երջանիկ պատմության» արանքում

Օգոստոս 11,2014 15:37

Ինչպես խուսափել եվրոպա- կամ ռուսակենտրոնությունից

19-րդ դարի կեսերին գերմանացի փիլիսոփաներ Մարքսը եւ Էնգելսը հանդես են եկել Կոմունիստական կուսակցության մանիֆեստով, որի պնդումներից շատերը թեւավոր խոսք են դարձել, սակայն մեկը հազվադեպ է մեջբերվում եւ հետաքրքիր է՝ որպես մտածողության տեսակի ցուցանիշ: Նրանք պնդում էին, որ մարդկության ողջ պատմությունն ընդամենը նախապատմություն է, քանի որ հիմնված էր մարդկանց շահագործման եւ անհավասարության վրա, իսկ երբ այդ արատավոր երեւույթները վերանան, ահա այդ ժամանակ է սկսվելու մարդկության իսկական պատմությունը:

Իհարկե, մարդիկ մեկուկես դար հետո էլ շարունակում են շահագործել միմյանց, եւ դրա վերջն իրականում չի էլ երեւում, սակայն այստեղ կա երկու հետաքրքիր պահ.

ա/ ամբողջ մարդկության համար նախատեսվում է մեկ սցենար՝ առանց հաշվի առնելու մոլորակի տարբեր ծայրերում ապրող ժողովուրդների առանձնահատկությունները,

բ/ մարդկության ամբողջ նախորդ պատմության վրա, ըստ էության, խաչ է քաշվում, այն ներկայանում է որպես սխալ, շեղում, լավագույն դեպքում՝ որպես նախավարժանք, որին հետեւելու է իսկական, երջանիկ կյանքը, որի ժամանակ չի լինի ոչ փող, ոչ էլ պետություն:

Ահա այդ մոլորությունն է, որ ընկած է բազմաթիվ՝ ոչ միայն մարքսիստական, այլեւ միանգամայն «հակամարքսիստական» տեսությունների հիմքում: Բարբարոսության եւ հելենականության, «վայրենի» եւ «քաղաքակիրթ» ժողովուրդների, «ճիշտ» եւ «սխալ» ուղու, «բանականության» եւ «կրքերի» ավանդական հակադրությունը բերում է բազմաթիվ տհաճ, երբեմն նաեւ՝ կատաստրոֆիկ հետեւանքների: Եվրոպացիները հաճախ ներկայացնում են այլ ժողովուրդների պատմությունը որպես խավարի մեջ խարխափելու մի շղթա՝ մինչեւ այն պահը, երբ բախտ ունեցան խաչակրաց արշավանքների, Ամերիկայի բացահայտման կամ այլ միջոցներով շփվելու իրենց՝ եվրոպացիների հետ: Բայց շփվելուց հետո էլ այդ «հետամնաց» ազգերը էկզոտիկայի եւ, այսպես կոչված, «օրիենտալիզմի» աղբյուր էին: Մոցարտի կամ Բեթհովենի «թուրքական քայլերգերը» իրական թուրքերի եւ նրանց մշակույթի հետ կապ չունեն:

Պատկերացումն այն մասին, որ բացի եվրոպական մոդելից՝ որեւէ այլ տարբերակ չի կարող գործել, բերում է էական սխալների: Ներկայացնեմ մի պարզունակ օրինակ. ընդունված է համարել, որ բուրժուազիան մշտապես միավորվում է իշխանության հետ՝ կղերականության դեմ, ինչպես որ եղել է, օրինակ, Ֆրանսիայում 18-րդ դարի վերջին: Բայց 1970-ականների վերջին Իրանում տեղի ունեցավ հակառակը՝ բուրժուազիան (հիմնականում՝ մանր ու միջին) միացավ կղերականության հետ՝ ընդդեմ շահ Փեհլեւիի եւ նրա արեւմտամետ բարեփոխումների, ինչը հենց Արեւմուտքի համար բավականին անսպասելի էր:

Ռուսները՝ նույնը: Ըստ նրանց՝ Հարավային Կովկասի, Միջին Ասիայի, Սիբիրի, Արեւելյան Եվրոպայի եւ Բալթիկայի ժողովուրդների պատմությունն իրականում պատմություն չէր՝ նախապատմություն էր՝ մինչեւ այն երջանիկ պահը, երբ ռուսները սկսեցին նրանց «ազատագրել»: Դա, ինչպես տեսնում եք, ազգային առանձնահատկություն չէ. «մոլորյալներին» եւ «շեղվածներին», ի հեճուկս նրանց, զոռով «ճիշտ ճանապարհ» ցույց տալը տեղի է ունենում նաեւ երկրների ներսում, այդ թվում՝ մեզ մոտ: Բնակչության 80 տոկոսը դե՞մ է այս ծրագրին, ոչինչ՝ նրանք գործից չեն հասկանում, մենք կստիպենք, հետո հենց նրանք էլ շնորհակալություն կասեն:

Դառնալով եվրոպակենտրոնությանը կամ, որը տվյալ դեպքում նույնն է՝ ռուսակենտրոնությանը՝ դիտարկենք հարցը մեր՝ այդ «կենտրոններից» դուրս գտնվող ազգերի տեսանկյունից: Այստեղ կա երկու ճանապարհ՝ զարգացնել «օրիենտալիզմը», այսինքն՝ ներմուծել մետրոպոլիայի մշակույթի մեջ քո սեփական ազգային տարրերը, կամ էլ գտնել եւ ձեւակերպել քո սեփականը (ինչը, իհարկե, շատ դժվար է) եւ այն բարձրացնել եվրոպական մակարդակի: Դարձյալ երաժշտական օրինակ բերեմ: Առաջին ճանապարհով գնացին մեր մշակույթի երախտավորներ Սպենդիարյանն ու Խաչատուրյանը: Երկրորդ ճանապարհն ընտրեց Գերմանիայում ուսանած Կոմիտասը:

Թե մշակույթում եւ թե քաղաքականության մեջ գերադասելի է երկրորդ ճանապարհը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

09.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031